«Հանրության աջակցությունը չունեն, ուստի իրենց հրաժարական տալը միշտ էլ կա օրակարգում. կլինի վաղը, մեկ ամսից: Ես ռեալ եմ նայում դրան»,-Aravot.am-ի հարցին` համամի՞տ է այն կարծիքներին, թե Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ժամանակավոր է, և այն շուտով հրաժարական կտա, այսպես արձագանքեց ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել էր, թե Հովիկ Աբրահամյանի կառավարությունը շուտով հրաժարական կտա:
Հրաժարականի մասին կոնկրետ կանխատեսում պարոն Խաչատրյանը չարեց, այլ նշեց. «Պետականության տրամաբանության շրջանակներում այս համակարգը վաղուց պետք է հեռացած լիներ, մարդիկ գոյություն չունենային: Բայց պետականության կամ պետականաշինության տրամաբանության բացակայության մեջ սա շատ կենսունակ համակարգ է, քանի որ սրա համար օրենքների, Սահմանադրության շրջանցումը, պետության սկզբունքները չընդունելը, ընկերավարի իրար մեջ պայմանավորվածությամբ խաղի կանոններով ապրելը շատ բնական է: Ուստի այս ամենը նրանք օգտագործում են, որ կարողանան երկարաժամկետ գոյատևել: Այս ամենից ելնելով՝ իմ սկզբունքն այն է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կարող է վաղն էլ հրաժարական տալ, քանի որ այն հանրության աջակցությունը չունի: Ինքը ռեսուրս չունի: Եվ այն խոսքերը, որ կար այսօրվա կառավարության ծրագրում, թե մենք հերթական անգամ ապացուցեցինք, որ ունենք հանրության աջակցություն, հերթական ընտրություններին ստացանք մեծամասնություն, հերթական խաբկանքն էր»:
Մեր այն դիտարկմանը, թե իշխանական դաշտից բազմիցս հնչում են հիշեցումներ, մասնավորապես Հովհաննես Սահակյանը հիշեցրեց Լյուդմիլա Սարգսյանին , թե ժողովրդի անունից խոսելուց առաջ նախ այդ ժողովրդի համամասնության վստահությունը վայելելու չափ պիտի կարողանալ խոսել, Վահագն Խաչատրյանն արձագանքեց. «Իրենց ցինիկությունը, պահելաձևը դրանով է պայմանավորված: Այդ մեծամասնությունն իրենք չեն ստացել օրենքի և Սահմանադրության շրջանակներում, որը նշանակում էր ստանալ ժողովրդի ձայն: Իրենք իրենց համար են դա գրել, ձևակերպում սահմանել: Այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում վերջին քվեարկության օրերին: Իրենք դա անում են ուժով` օրենքը խախտելով»:
Օրինակ բերելով Ուկրաինայում և Եվրոպայում կայացած ընտրությունները` պարոն Խաչատրյանը շեշտեց, թե այդ երկրներում ընտրությունների արդյունքում տվյալ ուժն իրոք ընտրողների մեծամասնության քվեն ստացավ, և մյուս մասնակիցներն ընդունեցին մեծամասնության ձայների օրինականությունը: Այս ֆոնին պարոն Խաչատրյանը հավելեց. «Եթե ՀՀ-ում նման իրավիճակ լինի, ես` որպես քաղաքական գործիչ, կհայտարարեմ, որ գոյություն ունի ժողովրդի ձայնի արդյունքում ձևավորված մեծամասնություն`հանձինս այս ուժին, և այն առաջին չորս տարում ՀՀ-ն պիտի ղեկավարի: Ես կենթարկվեմ այն խաղի կանոններին, որ գրված է Սահմանադրությամբ, օրենքով, դրանց գումարած մեծամասնության ղեկավարությունը: Բայց քանի որ չկան այս դրույթները, ես չեմ ընդունում, որ նրանք մեծամասնություն են: Իրենք այսօր ՀՀ-ում փոքրամասնություն են, դա վկայում է ցանկացած հարցում, հանդիպում, նույնիսկ իրենց բացատրությունները. հիշում եք Տիգրան Սարգսյանի խոսքերը, թե ինչու բարեփոխումներում հաջողություններ չունեցանք, քանի որ ժողովրդի մոտ չկա վստահություն, հավատ: Իսկ սա վկայում է այն մասին, որ իրենք մեծամասնության քվեն չեն ստացել»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ