Լրահոս
Օրվա լրահոսը

2,9 միլիարդ` երթեւեկության կանոնների խախտումից

Մայիս 26,2014 16:33

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանն այսօր խորհրդարանում 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց, որ երթեւեկության կանոնների տույժ ու տուգանքներից ՀՀ բյուջե է մուտք գործել 2,9 միլիարդ դրամ:

ՀԱԿ պատգամավոր, նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գագիկ Ջհանգիրյանն իր հարցից առաջ դիտարկում արեց, որ բյուջե մուտք գործած գումարը տույժ ու տուգանքներից ստացված ողջ գումարի երեսուն տոկոսն է` նկատելով, որ «ինչ-որ կազմակերպությանը», որը զբաղվում է այդ հարցերով, բաժին է հասել գումարի յոթանասուն տոկոսը`վեց միլիարդից էլ ավելի:

Ոստիկանապետի տեղակալը չհամաձայնեց պատգամավորի դիտարկման հետ`նկատելով, որ այդ հարաբերակցությունը արդեն մի քանի ամիս է ինչ փոխվել է`50-50 է, քանի որ կազմակերպությունն իր կողմից խոստացված ներդրումներն արդեն արել է:

Խախտումների չափի փոփոխության հարցը, ինչի մասին բարձրաձայնեց Գագիկ Ջհանգիրյանը, ոստիկանապետի տեղակալը չի պայմանավորում խախտումների թվի ավելացմամբ, այլ՝ նոր սարքավորումների տեղադրմամբ. ավելացել են տեսանկարահանող սարքերն ու արագաչափերը, դրա համար ավելացել են մուտքերը:

Արթուր Օսիկյանն ասաց, որ խախտումների չափի համաչափությունը որոշ դեպքերում խախտված է. որոշ դեպքերում ցածր է տուգանքը, որոշ դեպքերում՝ բարձր:

Նա նկատեց, որ հարցը պատրաստվում են կարգավորել «Վարչական իրավախախտումների մասին օրենքում» առաջարկություններով, որոնք վերաբերում են խախտումների եւ տուգանքի չափի համաչափությանը: Մանրամասները կքննարկվեն առաջիկայում`խորհրդարանական լսումներում:
«Նպատակը պետբյուջեն լցնելը չէ, այնպիսի տուգանքի նշանակումն է, որը կանխարգելիչ նշանակություն կունենա: Եթե հարյուր դրամ լինի, չենք ունենա կարգ ու կանոն: Դրանով պայմանավորված՝ ուզում ենք այնպիսի տուգանք նշանակել, որն իր նպատակին կծառայի»,- Գագիկ Ջհանգիրյանին հակադարձեց Արթուր Օսիկյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031