Լրահոս
Օրվա լրահոսը

Վովա Վարդանով. «Մեզ պահարանում պահելը դեռ վաղ է»

Մայիս 26,2014 16:27

«Տեսակետ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում «Ողջ մնալու արվեստ» նորաստեղծ ակումբի ղեկավար, Արցախյան պատերազմում հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը, ակումբի հիմնադիր անդամներ Արտակ Բագրատյանն ու Վարդան Ենոքյանը՝ խոսելով նախաձեռնության մասին՝ ասացին, որ իրենց պահարանում պահելը դեռ վաղ է եւ իրենք պատերազմի դաշտում բնական պայմաններում ինքնավար կենսապահովման, շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության պայմաններում գոյատեւման ուղղությամբ ձեռք բերած կենսափորձը, գիտելիքներն ու հմտությունները մտադիր են փոխանցել Հայաստանի քաղաքացիներին, մանավանդ, որ պատերազմը դեռ չի ավարտվել ու ժողովուրդը պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած զարգացման:

Ակումբը մտադիր է մարդկանց սովորեցնել նաեւ արտակարգ իրավիճակներում ցանկացած իր ու երեւույթ ծառայեցնել իրեն՝ գոյատեւելու եւ պաշտպանվելու համար: «Շատ դեպքեր են լինում, երբ մարդիկ փորձանքի մեջ հայտնվելով, իրենց ադեկվատ չեն պահում ու դրանից ավելի շատ են տուժում: Մեզ մոտ անցնելով համապատասխան դասընթացներ, որոշակի հմտություններ ձեռք բերելով՝ նրանք կարող են դրանցից խուսափել»,- ասաց Վովա Վարդանովը եւ ավելացրեց. «Մենք գործելու ենք ապաքաղաքական դաշտում, դրա համար էլ ձեռնպահ ենք մնալու հնարավոր շահադիտական նպատակներ հետապնդող բարեգործներից եւ հովանավորներից: Մենք չենք ցանկանում, որպեսզի մեզ օգտագործեն, ասենք, ընտրությունների, միտինգների ժամանակ»:

Արտակ Բագրատյանը, որ սովորեցնելու է ինքնավար կենսապահովումը բնական պայմաններում, իր հերթին կարեւորեց այն, որ մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի ցանկացած իրավիճակում գոյատեւելու, ինչի համար պետք է տիրապետի ողջ մնալու արվեստին: «Պետք է իմանալ՝ ինչպես դրսեւորել բնական միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության պայմաններում, ինչպես պետք է մարդը կարողանա իր համար տանիք կառուցել բնության մեջ գտնվելիս, ինչպես սնվել, իմանալ սեփական օրգանիզմի ֆունկցիոնալ հնարավորությունները: Մենք փորձելու ենք այսպիսի հարցերի պատասխանները մեր փորձի միջոցով, որ անցել ենք պատերազմի տարիներին, փոխանցել մեզ մոտ սովորողներին», – ասաց նա:
Վարդան Ենոքյանը դասավանդելու է մարզական (անհրաժեշտության դեպքում նաեւ մարտական) դանակի նետման եւ ձեռքի տակ եղած այլ իրերի տիրապետման արվեստը: «Իմ կարծիքով ծառայության մեկնող երիտասարդների համար շատ օգտակար կլինի: Եթե հետախուզությունում հայտնվեն, արդեն պատրաստ կլինեն իրենց պարտականությունների կատարմանը: Թշնամու տարածքում հետախույզը հրազենով չի կարող կրակել՝ անմիջապես կբացահայտվի: Դրա համար ամենից հաճախ դանակն է օգտագործվում: Դանակի նետման մեջ մի շատ կարեւոր բան կա: Երբ փորձում ես երեք դանակ նետել մի կետի վրա, ամբողջովին կենտրոնանում ես. աչերդ նայում են այդ կետին, ուղեղդ ազդանշան է տալիս ձեռքիդ ու ձեռքդ աշխատում է միեւնույն ուղղությամբ: Այդ կոորդինացված շարժումները յուրաքանչյուր մարդու հնարավորություն են տալիս էքստրեմալ պայմաններում ձեռք բերել ինքնավստահություն, ինքնատիրապետում, ինքնազսպում, ինչը առավելություն է», – ասաց բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031