Լոռու մարզի Շամուտ գյուղում տեղացած ոչ միայն ուժեղ կարկուտն է գյուղացիներին մեծ վնասներ հասցրել, այլեւ` կայծակը, ինչի հետևանքով շարքից դուրս են եկել բնակիչների սառնարանները, ջահերն ու հոսանքի հաշվիչները: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շամուտի գյուղապետ Բաղիշ Վանյանը:
Մայիսի 25-ի կարկուտից էլ հողին են հավասարվել այս գյուղի կարտոֆիլի, լոբու ցանքերը: Տուժել է նաեւ այն գյուղացիների վարունգի բերքը, որոնք շտապել են եւ վարունգը ժամանակից շուտ են ցանել:
Գյուղապետի խոսքերով, կարկուտը ավերել է 52 բնակչի տանիքները, կոտրել պատուհանները, փչացրել է նաեւ խնձորենիների եւ այլ մրգատու ծառերի բերքը: Գյուղապետի ամենահամեստ հաշվարկներով, Շամուտ համայնքը տարերային աղետից մոտ 60 տոկոսով վնաս է կրել:
Այս դեպքում սփոփանք են համարում, որ գյուղը մեծ ցանքատարածություններ չունի եւ, ինչպես Շամուտի գյուղապետն է նշում՝ իրենց հիմնական զբաղմունքը անասնապահությունն է. «Ցանում ենք անասնակեր եւ ինչ էլ որ ունեն գյուղացիները, տնամերձ հողամասերի բերքն է, անասնակերն էլ դեռ չենք ցանել»: Չնայած, պարոն Վանյանը նշեց, որ տնամերձ հողամասերի բերքի մի մասը ապրուստը հոգալու համար մարդիկ վաճառում են, իսկ մի մասն էլ պահեստավորում` ձմռան համար: Լոռու մարզի Ահնիձոր համայնքը նույնպես գարու, ցորենի ցանքատարածություններ չունի: Այս գյուղում էլ, Ահնիձորի գյուղապետ Վանիկ Քառյանի մոտավոր հաշվարկներով, մոտ 80 տոկոսով վնասվել են կարտոֆիլի, կաղամբի, վարունգի, լոլիկի, լոբու ցանքերը: Մեզ հետ զրույցում պարոն Քառյանն ասաց, որ գյուղացիներից շատերը լոբին, կարտոֆիլը վաճառում են:
Կայծակը Լոռու մարզի Աթան գյուղում վնասներ չի հասցրել, սակայն այս համայնքում, կարկուտի հետեւանքով, գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է տանձի, խնձորի, սալորի բերքը: Աթանի գյուղապետ Ռոլանդ Հակոբյանի տվյալներով, տուժել են նաեւ կարտոֆիլի, 4-5 հեկտար կաղամբի եւ լոբու ցանքերը:
Այս բոլոր գյուղերի գյուղապետերն էլ վնասների չափը հաշվարկել եւ թվերն ուղարկել են Լոռու մարզպետարան:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ