Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի 15-րդ համագումարում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ այսօր քաղաքական ուժերը դիրքավորվում են՝ իրենց համար թիրախ ունենալով 2017-2018 թթ. ընտրությունները: Ըստ նրա, չպետք է թույլ տալ, որ ողջ հասարակությանը ժամանակից շուտ ներքաշեն նախընտրական թոհուբոհի մեջ:
Այս առնչությամբ Aravot.am-ը ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ ԲՀԿ-ն դիրքավորվել է եւ պատրաստվում է առաջիկա ընտրություններին՝ ժամանակից շուտ: Պարոն Ուրիխանյանը պատասխանեց. «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել Սերժ Սարգսյանի խոսքերը: Իր խոսքերի մեկնաբանությունների համար դիմեք իր խոսնակին կամ իր կողմից լիազորված անձանց: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա մենք մի շատ հստակ եւ անշեղ քաղաքական կուրսով շարժվում ենք դեպի առաջ: Քաղաքական բոլոր կուսակցությունները ստեղծվում են տարատեսակ ընտրություններին մասնակցելու միջոցով իրենց ծրագրերը իրականացնելու համար»:
Սերժ Սարգսյանը նաեւ ասել էր, որ «Ինձ համար անընդունելի են այն քաղաքական ուժերի ու գործիչների մոտեցումները, որոնք դեռ բոլորովին վերջերս հաստատակամորեն պահանջում էին կառավարման համակարգի փոփոխություն, իսկ այսօր հանկարծ պնդում են, որ սահմանադրության փոփոխության կարիք ընդհանրապես չկա»:
Տիգրան Ուրիխանյանի խոսքերով՝ «Մենք միշտ ասել ենք մի բան, հիմա էլ ասում ենք: Ընտրակարգի վերաբերյալ մենք միշտ ասել ենք մի բան, հաստատել ենք դա տարբեր ժամանակների նախընտրական ծրագրերով եւ ընթացիկ ծագրով, հիմա էլ ասում ենք նույնը: Ինչ վերաբերում է կառավարման համակարգի փոփոխությանը, դա այն ամբողջությունը չէ, որ Սահմանադրական բարեփոխումների կոնցեպցիայում կա, ապա դրա վերաբերյալ, այո, մենք շիտակ արտահայտվել ենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ