Լրահոս
Օրվա լրահոսը

Զգուշացում. ՀՀ-ում քիմիական նյութերի մնացորդներ պարունակող պտուղ- բանջարեղեններ կան

Մայիս 26,2014 15:38

«Սայլը տեղից չի շարժվում: Անընդհատ բարձրաձայնում ենք խնդիրների մասին, բայց ներքին շուկայում խնդիրները շարունակվում են մնալ: Վերավաճառողի՞ն ստուգես, ո՞ւմ ստուգես: Վերավաճառողն ի՞նչ գիտի, թե ումից է ապրանքը վերցրել»,-այսօր «Հայացք» ակումբում այսպիսի մտահոգություն հայտնեց Սննդի անվտանգության գիտական կենտրոնի լաբորատորիայի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու, Սպառողների ազգային ասոցիացիայի գյուղդեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանը:

Նա զգուշացրեց, թե հանրապետությունում պտուղ-բանջարեղենի մի զգալի մաս պարունակում է քիմիական նյութերի և պեսցիցիդների մնացորդներ: Իսկ այդպիսի մնացորդներով բանջարեղենի օգտագործման դեպքում մարդկանց օրգանները կարող են ախտահարվել:

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա իրավաբանական անձանց միության և սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը նշեց, թե պետությունը պետք է վերահսկի իրավիճակը: Բայց նաև շեշտեց. «Խանութները պետք է շահագրգռված լինեն, որ իրենց մթերքն անվտանգ լինի»:

Լևոն Աճեմյանը փաստեց. «Վտանգավոր են ջերմատանը աճեցված պտուղ- բանջարեղենները, քանի որ ջերմատներում հնարավոր չէ բանջարեղեն աճեցնել առանց պեսցիցիդների և քիմիական նյութերի»:

Հարցին` ՀՀ-ում պտուղ-բանջարեղենի ո՞ր տոկոսն է քիմիական նյութերի մնացորդներ պարունակում և արդյոք բերքի ոչնչացում կատարվե՞լ է, պարոն Աճեմյանը այդպես էլ հստակ թվային տվյալ չներկայացրեց: Միայն նշեց. «Դեպք չգիտեմ, որ բերք ոչնչացված լինի»:

Մասնագետներն անընդհատ շեշտում էին այն հանգամանքը, որ եվրոպական շուկա մուտք գործող ապրանքը պետք է ունենա եվրակոդ, որտեղ ՀՀ ունի խնդիրներ:

Aravot.am-ի հարցին` արդյոք Մաքսային միության անդամակցումն ավելի չի՞ բարդացնի այդ գործընթացը, տիկին Հակոբյանը պատասխանեց. «Դրանք ավելորդ վախեր են: Մաքսային միության պահանջներն այլ են, եվրոպացիները հավանում են, ուզում են մեր ապրանքները, բայց մեր տված սերտիֆիկատը ճանաչվում է միայն ՌԴ-ում, ԱՊՀ երկրներում: Այդ երկրներում մեր արտադրողի գործը հեշտ է, բայց Եվրոպա մտնելու համար մեր ճանապարհները հարթման փուլում են»:

Aravot.am-ը հետաքրքրվեց` նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանից ու նրա կառավարության ներկայացրած ծրագրից ի՞նչ սպասելիքներ ունեն, մանավանդ Հովիկ Աբրահամյանի անունն անընդհատ կապվում է գյուղատնտեսության հետ: Լևոն Աճեմյանը պատասխանեց. «Հուսով ենք, որ դրական բան պիտի լինի: Արդեն դրական քայլեր տեսնում ենք. կառավարության նիստերին նա կանչում է ընդդիմադիրներին»:

Մելիտա Հակոբյանը հավելեց. «Երբ ամեն ինչ գնում-գնում է ներքև, ինչ- որ մի բան պիտի լինի, որ իրավիճակ փոխվի»:

Մասնագետներին մտահոգում է նաև հացի գինը: Պարոն Աճեմյանն այս առիթով մի քանի դիտարկումներ արեց. «Հացը վաճառվում է` չգիտես ինչ կիլոգրամներով: Անցյալ տարի ալյուրի գինն իջեցրին, բայց հացի գները ոչ միայն չիջան, այլև կանգնեցին իրենց տեղում, դեռ մի բան էլ քաշի համեմատությամբ բարձրացան: Պետությունը պետք է վերահսկի այդ գործընթացը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031