Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ում չինացիներին ու կորեացիներին միայն հայերը կարող են դիմակայել» (Տեսանյութ)

Մայիս 26,2014 15:30

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ միգրացիան այնքան էլ վատ բան չէ, եթե այն կառավարելի է: Այսօր «Ելակետ» ակումբում պարոն Ադիբեկյանը որոշ երկրների օրինակով, այդ թվում Թուրքիայի, վստահեցրեց, որ եթե միգրացիոն ճիշտ քաղաքականություն լինի, ապա այն մեծ օգուտներ կբերի միգրանտներ ապահովող երկրին:

Ըստ սոցիոլոգի, ժամանակին Թուրքիայի կառավարությունը Գերմանիայի հետ պայմանագիր կնքեց աշխատուժ ներկայացնելու համար. այդ պայմանագրի շրջանակներում մեծ թվով թուրքեր մեկնեցին Գերմանիա արտագնա աշխատանքի, իսկ բանկային փոխանցումներով Թուրքիայի բյուջե մի քանի միլիարդ դոլար է մտնում. «Մեզ մոտ նման պայմանագիր չկա Ռուսաստանի հետ, պարզապես Ռուսաստանում հայերի նկատմամբ բարիդրացիական վերաբերմունք կա: Դումայի պատգամավորներից մեկն ասել է` «Մենք չենք կարողանում դիմակայել կորեացիներին, չինացիներին հեռավոր Արեւելքում, միակ ազգը, որ կարող է նրանց դիմակայել` հայերն են, ամեն ինչ արեք, որ հայերը տեղափոխվեն Վլադիվաստոկ, Կամչատկա եւ այլն, որ առեւտրային, սպասարկման ոլորտը լինի հայերի ձեռքում: Ամեն 3 արտագաղթած հայից 2-ը ամուսնանում է ռուս կնոջ հետ, երեխաներ են ունենում, որոնք 1-2 սերունդ հետո մոռանում են, որ հայ են»:

Ռուսաստանում վերջերս ընդունված միգրացիոն նոր օրենքները, որոնք սահմանափակում են միգրանտների ժամանակավոր կեցության ժամկետները, ըստ պարոն Ադիբեկյանի, շահավետ են հայերի համար, քանի որ արտագնա աշխատանքի մեկնողներն այլեւս ընտանիքներով չեն գնա, մենակ կգնան, կաշխատեն ու հետ կգան. «Այս նոր օրենքները միայն հայերի համար չեն, կան ուզբեկներ, տաջիկներ, ղրղըզներ, որոնք հիմնականում անգրագետ են, օրենքները չգիտեն, վիետնամցիներ են գալիս, վաղը մյուս օրը հնդիկներ կարող է գան, այսինքն` ռուսները մտահոգ են, որ ազգագրական պատկերը արմատապես չփոխվի: 10 տարվա ընթացքում ռուսների բնակչությունը կրճատվել է 5 միլիոնով, արդեն գիտեն, որ դարավերջին կլինի մոտ 80 միլիոն ռուս, հիմա` 140 միլիոն է, այս կրճատումը եղել է ռուսների հաշվին»:

Պարոն Ադիբեկյանի ներկայացմամբ` Հայաստանում յուրաքանչյուր 5-6-րդ ընտանիքն ապրում է դրսից եկած եկամուտների հաշվին. «Նոր օրենքը, որ սահմանափակում է կեցության ժամկետը եւ 90 օր է տրվում, դա լավ է, որովհետեւ միգրանտը հետ կգա, ընտանիքը կմնա Հայաստանում, ու չգիտես ինչո՞ւ, մեր կառավարությունը ողջունելու փոխարեն, միանգամից ոտքի կանգնեց ու դժգոհեց»:


Aravot.am-ի այն հարցին՝ Ռուսաստանում ընդունված միգրացիոն նոր օրենքը նաեւ հնարավորություն է տալիս հրաժարվել քաղաքացիությունից եւ ՌԴ-ի քաղաքացիություն ստանալ`պայմանով, որ ռուսերեն լեզվի քննություն հանձնեն, արդյոք սա վտանգավոր չէ՞ այն իմաստով, որ լավ մասնագետները կմեկնեն Հայաստանից, սոցիոլոգն ասաց` «Իհարկե, վտանգավոր է. մեծ վտանգ կա, դրա համար էլ` Պուտինը Քոչարյանին կատակով ասաց` հլը պարզ չի` ով է հայերի պրեզիդենտը, ե՞ս, թե` դու»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Իհարկե,հայերն ավելի ձեռատու են,հետագայում եթե պետք լինի միգրանտներին հանել,հայերին հեշտ կլինի,իսկ չինացիներին՝անհնար:…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031