Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր ԱԱԾ կանչվել կառավարության աշխատակազմի նախկին ղեկավարը

Մայիս 26,2014 15:20

Ըստ գործի նյութերի, Արթուր Սարգսյանն իմանալով , որ իր եւ կառավարության իրավաբանական վարչության պետի անուն-ազգանունը համընկնում են, 2008-ին ներկայանում է Արմեն Միրզախանյանին եւ Հակոբ Գրիգորյանին, որպես կառավարության իրավաբանական վարչության պետ, եւ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող մետաղագործական ընկերությունների հետ համատեղ ծրագիր իրականացնելու նպատակով, Ա.Միրզախանյանից ստանում է 5.719.000 ՀՀ դրամ գումար, իսկ Հ. Գասպարյանից`85 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Արթուր Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով կա 9 տուժող:Նրա դեմ ԱԱԾ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել դեռեւս 2009թ., իսկ հանցագործությունը կատարվել էր 2008-2011թթ.-ին:

2009թ. ապրիլին Արթուր Սարգսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը եւ այդ պահից սկսած նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Անցյալ տարվա մարտի 6-ին Արթուր Սարգսյանը հայտնաբերվել է, եւ կասեցված քրեական գործի վարույթը վերսկսվել է;

Նշենք, որ հզոր շինարարական ընկերություններ են ճանաչվել տուժող, մասնավորապես՝ «Վալենսիա», «ԷԳԱ», «Եվրոպա»…

«Մեգըզինս ֆոր փիփլ» ՍՊ ընկերության հիմնադիր Արթուր Սարգսյանը «ԷԳԱ» ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Գասպարյանին հավատացրել էր, թե իր ընկերությունը գովազդային վահանակներ է տեղադրում եւ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, կնքել էր պայմանագիր, եւ հափշտակել 16. 600 . 000 ՀՀ դրամ գումար:

Ա.Սարգսյանը ներկայանալով որպես ՀՀ կառավարության իրավաբանական վարչության պետ, հողատարածքներ ձեռք բերելու խոստումով, Մանուկ Բաբայանից եւ Արամայիս Բեգլարյանից հափշտակել է 4000-ական դոլար գումար:

Արթուր Սարգսյանը հայտնել էր, թե իրեն հովանավորում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, այդ իսկ պատճառով «Եվրոպա» ՍՊ ընկերության նախկին գործադիր տնօրեն Արթուր Մանուչարյանը վստահել էր նրան, եւ տարաժամկետ վճարման պայմանով նրա հետ կնքել էր 8.400.000 ՀՀ դրամի պայմանագիր:

Տարօրինակ է, որ ԱԱԾ քննչական վարչություն մի քանի անգամ կանչված ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն այս գործով չի անցել որպես վկա, չկա նրա անունը դատակոչի ցուցակում, այն դեպքում, երբ Ա.Սարգսյանն իր գործարքները կնքելիս մշտապես նրա անունն է նշել:

Սարգսյանն ասել էր, որ Դավիթ Սարգսյանը հովանավորում է «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման շինարարական աշխատանքները, եւ այդ մասին նա ասել էր «Մետալլես» ՍՊ ընկերության ղեկավար Արտյոմ Առուստամյանին: Վեց ամիս ժամանակով այս ստի դիմաց էլ կնքվել էր փոխառության պայմանագիր`22.500.000 դրամի:

«Դուետ իդեալ» ՍՊ ընկերության վստահությունը մեծացնելու համար՝ Արթուր Սարգսյանը գազալիցքավորման ճնշակայան կառուցելու թույլտվության համար ընկերությանը տրամադրում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի կեղծ ստորագրությամբ կառավարության կեղծ որոշում:

Կառավարության կեղծ որոշման համաձայն, «Դուետ Իդեալ» ՍՊ ընկերությանը թույլատրվել է Էրեբունի համայնքի Արցախ-Էրեբունի փողոցների հատման հատվածում կառուցել ավտոգազալիցքավորման ճնշակայան, արժեքն էլ` քառասուն միլիոն դրամ:
«Կառավարության իրավաբանական վարչության պետն» ավելի հեռուն էր գնացել՝ կառավարության անունից կեղծ որոշումներ տալով ու հափշտակելով առանձնապես խոշոր չափի գումարներ:

Սակայն ԱԱԾ-ում նա հայտնել էր, թե ինքը հոգեկան ծանր վիճակից ելնելով հեռացել է տնից, որեւէ մեկի մոտ չի ներկայացել որպես կառավարության իրավաբանական վարչության պետ, իսկ Արտյոմ Առուստամյանի տվյալներն էլ ինքն է հորինել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031