«Ընտրությունները Ուկրաինայի համար շատ կարեւոր իրադարձություններ էին, քանի որ ուկրաինացիները պետք է իրենց զարգացման գլխավոր ուղին որոշեին, ու շատ կարեւոր է, որ այն թեկնածուն, որը Մայդանի առաջնորդներից մեկն էր, շատ ձայներ հավաքեց»,- այսօր՝ մայիսի 26-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ուկրաինական «Եվրոպան առանց խոչընդոտների քաղաքացիական նախաձեռնության ղեկավար» Իրինա Սուշկոն:
Նրա խոսքերով՝ Մայդանում տեղի ունեցած հեղափոխությունը չի ավարտվել, եւ իրենք համոզված են, որ Պյոտր Պորոշենկոյի ընտրությամբ իրենց նոր հնարավորություններ են ընձեռվել, որպեսզի կատարեն Մայդանում սկսված առաջադիմական փոփոխությունները.
«Մենք այսօր ունենք լեգիտիմ իշխանություն, դա մեր պատասխանն էր առաջին հերթին նրանց, ովքեր կասկածում էին դրանում: Ընտրությունների ամբողջ գործընթացն ընթացել է բարձր մակարդակի վրա: Անշուշտ, խոչընդոտներ եղան նրանց համար, ովքեր ցանկանում էին քվեարկել Ուկրաինայի արեւելքում, քանի որ իրավիճակը շարունակում է լուրջ մնալ, բայց ամեն դեպքում, մարդիկ գնում էին ընտրություններին, հերթ էին կանգնում Ուկրաինայի ապագայի համար իրենց ձայնը տալու համար»:
Իրինա Սուշկոն հավելեց, որ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը ասոցացվում են ազգայնամոլական շարժման հետ, աջակողմյան ուժերի աճի հետ, բայց հետաքրքրականն այն է, որ ընտրությունները ցույց են տալիս, որ աջակողմյան ուժերը եւ ազգայնամոլները ամենաքիչ ձայներն են ստացել, իսկ Եվրախորհրդարանում աջակողմյան ուժերը բավականին շատ ձայներ են հավաքում. «Սա վկայում է, որ Ուկրաինան կայուն երկիր է եւ նրա քաղաքացիները հստակ ընտրություն են կատարում ոչ թե հօգուտ ձախակողմյան կամ աջակողմյան ուժերի, այլ այն ուժերի, որոնք ամենից առաջ կայունություն կբերեն Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններում եւ հետ կբերեն Ուկրաինային այն աշխարհաքաղաքական տեղը, որը նա զբաղեցրել եւ զբաղեցնում է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ