Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի` «կեղծ ու իրականության չհամապատասխանող թեզը»

Մայիս 26,2014 14:54

ՀՀԿ 15-րդ համագումարում ՀՀ նախագահի ելույթն, ըստ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի, առավելապես ուղղված էր իր կուսակցությանը: ՀՅԴ-ական պատգամավորը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «ավելորդ ցանկություն» չունի խոսել Հանրապետականի ներկուսակցական խնդիրների մասին: Պարզապես անդրադարձավ նախագահի ելույթի  այն հատվածին, որ ՀՀԿ-ն ամենալավն է քաղաքական դաշտում: «Այս կեղծ ու իրականության չհամապատասխանող թեզը, որ առաջ է քաշում Հանրապետականը, ցույց է տալիս, որ հենց ՀՀԿ-ի մեջ է խնդիրը, և ՀՀԿ-ն երկրի զարգացումն ապահովելու գործում լինելով թույլ՝ փորձում է նախահարձակ լինել` ի սկզբանե պնդելով, թե իրենցից լավը չկա:

Եվ ես կարծում եմ՝ սա մարտահրավեր է նույն քաղաքական ուժերին, որպեսզի համախմբվեն կոնկրետ գաղափարների շուրջ և հասնեն նրան, որ կապացուցեն` ՀՀԿ-ից լավն էլ կա և լավից լավը միշտ է կա»,- ասաց նա: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի կողմից կարեւորված երկբեւեռ քաղաքական դաշտի գոյության խնդրին էլ, Արծվիկ Մինասյանն ասաց, որ դա չպետք է հասկանալ իբրև թվաբանական երկբևեռություն, այլ` գաղափարական և լծակային. «Եթե կա իշխանություն, որը տիրապետում է իշխանական լծակների, ապա մյուս բևեռը ընդդիմությունը պետք է լինի: Եվ այդ ընդդիմությունը պետք է ունենա անհրաժեշտ լծակներ, որպեսզի կարողանա վերահսկի իշխանությանը: Եվ եթե այս համակարգի մասին է խոսքը, եթե պատրաստ լինեն ընդդիմությանը տալ վերահսկողություն, բնականաբար ողջունելի է: Եթե երկկուսակցական համակարգի մասին է, ապա այդ հարցադրումը ոչ միայն արհեստական է դառնում, այլև նշանակում է, որ ժողովրդավարության հիմքերի հիմքն ենք ոչնչացնում»:

ՀՅԴ-ական պատգամավորը հավելեց, որ իր դիտարկումները բնավ էլ չեն ենթադրում, որ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քառյակը`ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ եւ «Ժառանգություն», կարող է դիտվել որպես այդ բևեռ: «Իհարկե՝ ոչ, որովհետև քառյակը կոալիցիա չի, տակտիկական միավորում է, որպեսզի որոշակի խնդիրներ կարողանա լուծել»,-ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031