Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնվեց ԵԿՄ բարձրագույն պարգև «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանը

Մայիս 26,2014 14:51

Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, Վաղարշապատի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին և ԵԿՄ վարչության անդամներին: Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Հանդիպման սկզբում տիար Մանվել Գրիգորյանն իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը մայիսի 8-ին` Երկրապահի օրը, Մայր Տաճարում և հայաստանյան թեմերի եկեղեցիներում մատուցված սուրբ և անմահ Պատարագի ու զոհված ազատամարտիկների հոգիների հանգստության համար կատարված հոգեհանգստյան կարգի համար: Ապա ԵԿՄ վարչության նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց ԵԿՄ բարձրագույն պարգև «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանը:

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետն իր գոհունակությունն արտահայտեց պարգևի հանձնման առիթով` այն ընդունելով իբրև հայոց նվիրյալ զավակների ամենաթանկ զոհաբերության` Հայրենիքին նվիրաբերված կյանքի և հեղված արյան խորհրդանիշ: Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին և միության անդամներին` անդրադառնալով այն անձնվեր ծառայանվիրումին ու ներդրմանը, որ երկրապահներն ունեցան Արցախի ազատագրման և Մայր Հայրենիքի սահմանների անխաթար պահպանման նվիրական գործում: Գարեգին Բ Կաթողիկոսը մաղթեց, որ ԵԿՄ վարչության շարքերը միշտ ամրակուռ լինեն, և երկրապահները միասնական ոգով, հայրենասիրական ջերմ զգացմունքներով շարունակեն իրենց ծառայությունը բերել ի խնդիր հայ ժողովրդի ազատ կյանքի պահպանության և նվիրական իղձերի իրագործման: Հայոց Հայրապետը վստահությամբ ընդգծեց նաև, որ հայրենասիրական ոգին մշտապես բոցավառ կերպով փայլատակելու է հայ ժողովրդի հոգում, իսկ պատմությունն ու հերոսական կերպարները շարունակ ոգշնչելու են հայորդիներին իրենց բարի արարումներում ի սեր Հայրենիքի բարօրության ու պայծառության:

Զրույցի ընթացքում ներկայացվեցին նաև ԵԿՄ կրթական ծրագրերը` ուղղված երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031