Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց համայնքի ղեկավար Հմայակ Նազարյանը մեկ տարի առաջ Գավառի տարածաշրջանի մի բնակչից 5300 դոլարով գնել է «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենա: Առքուվաճառքից հետո մեքենան օրինական կերպով գրանցվել է Հմայակ Նազարյանի անունով: Վերջերս Հ. Նազարյանին ավտոմեքենայով հրավիրել են ոստիկանության Իջեւանի բաժին: Փորձագետները այն զննելով` Հ. Նազարյանին հայտնել են, որ իր ավտոմեքենան գողացված է: Այդ ավտոմեքենան այժմ կայանած է ոստիկանության Իջեւանի բաժնի տուգանային հրապարակում:
Հ. Նազարյանից տեղեկացանք, որ առանց իմանալու, գողացված մեքենաներ են գնել եւ այդ պատճառով տուժել նաեւ Իջեւանի տարածաշրջանի այլ բնակիչներ, գողացված եւ հետագայում վաճառված ավտոմեքենաների թվում են «Մերսեդես», «Գազել»,« Նիվա» մակնիշի մեքենաներ:
Իրավապահ համակարգից տեղեկացանք, որ գողացված ավտոմեքենաների վաճառքի կապակցությամբ հարուցված քրեական գործը քննվում է Երեւան քաղաքի քննչական վարչությունում, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, քննչական այլ գործողություններ, Իջեւան քաղաքում հայտնաբերվել են 3 բեռնատար գողացված ավտոպահեստամասեր:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև