Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Եթե ընդդիմությունը «քըխ» է, ապա կրկնակի «քըխ» է իշխանությունը»

Մայիս 26,2014 14:43

«Ես շատ կուզենայի, որ ընդդիմության ու իշխանության մոտեցումները խաչվեին և իշխանությունները նույն ձևով մտածեին, ինչպես մտածում ենք մենք կամ առաջարկում է մեր կուսակցությունը: Բայց, ցավոք, ես տեսնում եմ, որ դրա հիմքերը չկան»,- հարցին`իշխանության մոտ տեսնո՞ւմ է համակարգային փոփոխությունների գնալու պատրաստակամություն, ինչի մասին ՀՀԿ 15-րդ համագումարում խոսեց  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, և, արդյոք, այդ փոփոխությունները խաչվո՞ւմ են ընդդիմության պահանջների հետ, ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, ՀՀԿ 15-րդ համագումարում ունեցած ելույթում ՀՀ վարչապետը նկատեց, որ երկրում համակարգային փոփոխությունների մասին հայտարարությունները շատ են, եւ որ ՀՀԿ-ն պատրաստ է դրանց:

Արծվիկ Մինասյանը, սակայն, վարչապետի հայտարարությունների առթիվ լուրջ մտավախություններ ունի ու պատճառն այն է, որ երբ ընդդիմությունը խոսում էր ընդդիմությանը լրացուցիչ լծակներ տրամադրելու մասին, միանգամից հակադարձում եղավ մեծամասնության կողմից, թե`մտնեիք կոալիցիա վերցնեիք. «Մինչդեռ մենք խոսում ենք ոչ թե կոալիցիոն իշխանության մասին, այլ դասական իմաստով իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգի մասին, որտեղ ընդդիմությունն ունի պատշաճ վերահսկողական լծակներ իշխանության գործողությունների նկատմամբ: Իսկ եթե պետք է լիներ կոալիցիայի անդամ` իմաստը կորում էր այդ դեպքում, այսինքն անիմաստ է դառնում վերահսկիչ որևէ լծակ տրամադրել այն ընդդիմությանը, որն իշխանության մեջ է»:

ՀՅԴ-ական պատգամավորն այլ հարց է համարում, նույն վերահսկողական համակարգերում ինչ-ինչ սխեմաների կիրառումը, որ մեծամասնությունն իրեն թույլ չզգա ու չվախենա, ընդդիմադիր վերահսկողությունից: Լուծումներն Արծվիկ Մինասյանն ունի: Դրանցից մեկն էլ, օրինակ, այն է, որ նույն վերահսկողական լծակների ղեկավարման ֆունկցիան չի տրվում բուն ընդդիմադիր գործչին: «Մենք նույնիսկ կարող ենք օրենքով արգելել, որ այնտեղ չեն կարող լինել որևէ կուսակցության անդամներ, պարզապես այդ պաշտոնում առաջադրման իրավունքը վերապահվի ընդդիմությանը, իսկ որոշում կայացնողը կրկին լինի Սահմանադրությամբ նախատեսվածը»,- ասաց պատգամավորը`կարեւորելով առաջադրման իրավունքը: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե վարչապետը հայտարարել է, որ իրենք պատրաստ են այդ վերահսկողական ֆունկցիաները տալ ընդդիմությանը, սակայն «ընդդիմությունը ընդդիմություն չի», ՀՅԴ-ական պատգամավորը հեգնեց. «Իսկ դա նշանակում է պատրա՞ստ լինել»: Ապա շարունակեց. «Եթե մենք խոսում ենք դասական համակարգի մասին, ապա եթե իշխանություն չես` ընդդիմություն ես: Վերջ: Ընդդիմությունը մի դեմքով չի լինում, ի տարբերություն իշխանության: Եվ եթե իշխանությունը բետոնյա կառույց է, ընդդիմությունը բազմաշաղախ մի խառնուրդ է, որը կարող է ունենալ շատ ամուր հիմք կամ չունենալ: Եվ իշխանությանն ու ընդդիմությանը դնել նույն դաշտի վրա և ասել` այ, իշխանությունը լավն է, իսկ ընդդիմությունը «քըխ» է, չի կարող նման բան լինել: Եթե ընդդիմությունը «քըխ» է, ապա կրկնակի «քըխ» է իշխանությունը, որովհետև այդպիսի ընդդիմություն կա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031