Երկու օր առաջ Լոռու մարզում տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել մարզի Տաշիրի, Ստեփանավանի, Թումանյանի տարածաշրջանների համայնքների տնտեսություններին:
Հավկիթի մեծության կարկուտից տուժել են հատկապես Մեծավան, Ամրակից, Բովաձոր, Լեջան, Ագարակ, Դսեղ, Ծաթեր համայնքները:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը, կարկուտից տուժած համայնքներ են այցելել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Հանձնաժողով է ստեղծվել, մոտ օրերս կճշտվի վնասի չափը»,-մեզ հետ զրույցում ասաց Գրիգոր Հակոբյանը:
Կարդացեք նաև
Նա նկատեց, որ թեեւ համայնքներում տեղադրված են հակակարկտային կայանքներ, այնուամենայնիվ, կարկուտն այնքան խոշոր է եղել, որ սարքերն անգամ անզոր են գտնվել:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ