Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ԿԲ նախագահի՝ նախորդ տարին մենք փակել ենք ֆինանսական պահուստների պատմականորեն ամենաբարձր մակարդակով

Մայիս 26,2014 13:42

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին այսօր Ազգային ժողովում 2013թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունը քննարկելու ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչո՞վ են պայմանավորված արտաքին պարտքի մարման ժամանակացույցում առկա «պիկերը»:

Նախորդ տարվա ընթացքում 800 մլն դոլարից ավելի գումար է ուղղվել արտաքին պարտքի սպասարկմանը, այն դեպքում, երբ դրանից առաջ այդ թիվը կրկնակի պակաս է եղել:

ԿԲ նախագահը դա բացատրեց 2013թ.-ին ընդունված քաղաքական որոշմամբ՝ ժամկետից շուտ մարել ռուսական 500 մլն դոլարի վարկը: Այդ պարտքը մարվելու համար մեկ այլ պարտք է ներգրավվել՝ պետական պարտատոմսերի տեղաբաշխման տեսքով:

Ըստ ԿԲ նախագահի եւ ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի, պետական պարտատոմսերի մարումը շատ ավելի հարմար տոկոսադրույքով է լինելու, քան ռուսական վարկն էին մեզ տրամադրել, այդ իսկ պատճառով նախընտրելի է այդ ձեւով արագ փակել ռուսական վարկը:

Արթուր Ջավադյանը նաեւ փորձեց ցրել պատգամավորի մտավախություններն առ այն, որ Հայաստանը առաջիկայում գուցե ունակ չլինի մարել արտաքին պարտքը, ասելով, որ նախորդ տարին մենք փակել ենք՝ ֆինանսական ռեզերվների պատմականորեն ամենաբարձր մակարդակով:

Նիկոլ Փաշինյանը մեկ այլ մտավախություն էլ հայտնեց, որ նախատեսվում է 2020 թ.-ին եւս միանգամից մեծ գումար տրամադրել արտաքին պարտքի սպասարկմանը՝ 1 մլրդ դոլարից ավելի, եւ եզրակացրեց, որ գուցե ներկա կառավարությունը առաջնորդվում է «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» մտածելակերպով, եւ հետ է գցում այդ պարտքը վեց տարով, երբ այդ ժամանակ այս կառավարությունից մարդ չի լինի: Այս հարցադրմանն ի պատասխան էլ ԿԲ նախագահը ասաց, որ ինքը ընդամենը մի քանի օր առաջ է վեց տարով վերընտրվել ԿԲ նախագահ, հետեւաբար 2020-ին ինքը հաստատ կլինի նույն պաշտոնին, ինչ վերաբերում է այդ գումարին, դա նույնպես, ըստ ԿԲ նախագահի, ընթացիկ եւ ոչ մի մտահոգություն չառաջացնող պարտքի մարում է:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031