ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը միտված է վարչապետ Հովիկ Աբրահամյանին գովելու: Այսօր «Ֆորում» ակումբում կառավարության աշխատանքի, նոր ծրագրի մասին հարցերին նա պատասխանեց, որ Հովիկ Աբրահամյանը գովասանքի է արժանի, չնայած շատ հարցերում է զիջում «օֆշորի հերոսին». «Մոտ 36 տերմին քիչ գիտի, խոսակցության ժամանակ տերմինակոխ չի անում՝ ինֆլյացիա, դեվավլյացիա եւ այլն, որից գաղափար չուներ: Երբ երկիրը կործանվում է , Հովիկ Աբրահամյանը նախորդի պես հաստատ կիթառ չի նվագի»:
Նա նաեւ բացատրեց, թե ինչու են Հովիկ Աբրահամյանի՝ կառավարություն գալը ողջունել. «Որովհետեւ նրան միգուցե հաջողվի մի քանի տոկոսով կանխել արտագաղթը: Ինչու մի քանի տոկոսով, որովհետեւ այն ուժերը, որոնք կան Հայաստանում, թույլ չեն տալու, որովհետեւ Հայաստանում համակարգային փոփոխություններ են պետք»:
Հետո նորից անդրադարձավ «օֆշորի հայտնի հերոսին»՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Սրբազան օֆշորից ձեն ձուն չկա: Երբ օֆշորի հերոսը հայտնվի ճաղերի հետեւում, Փայլակ Հայրապետյանը իր գումարները կստանա»:
Նա նախկին վարչապետին նաեւ մեղադրեց քաղաքական ճգնաժամի մեջ. «Օֆշորի գիգանտը թողեց քանդված տնտեսություն, այլասերված ներքաղաքական վիճակ: Նա, որը քաղաքականությամբ պետք է զբաղվեր, չէր զբաղվում, եւ սա տեսնելով, որ այս ոլորտում էլ գործունեություն չեն կարողանում ծավալել, իրեն շպրտեց այս ոլորտ, մի բան պետք է աներ, կիթառ նվագելուց բացի: Եվ ինչ արդյունք ստացանք՝ օր օրի աճող արտագաղթ»:
Պարոն Եղիազարյանը վստահ է, որ նոր կառավարության կազմում հայտնվեցին մարդիկ, որոնց հաստատ Հովիկ Աբրահամյանը չի երաշխավորել. «Մեկը կա էլի, որը ասել է սրան, նրան կվերցնես»:
Կարդացեք նաև
Հետո էլ ընդգծեց իր կարծիքը՝ Հովիկ Աբրահամյանը կամային տղամարդ է, կաշխատի ուժեղ ձեռքով այդ բորդելում:
Ու վերջում կրկին անդրադարձավ իր «թիրախին»՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Եվ քննադատեց նրան դիվանագիտական աշխատանքի տեղափոխելու ՀՀ նախագահի որոշումը ու հեգնեց. «Հա՜, իհարկե, ինչպես կարելի է մոռանալ օֆշորի հերոսին, սրբին էլ Էջմիածինը պետք է տային»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ