Մայիսի 26, Երևան․ «DASARAN.am» կրթական ծրագիրը ծառայում է նաև սպորտի և առողջ ապրելակերպի զարգացմանը: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դպրոցների աշակերտներին այս անգամ համախմբել է «ֆուտբոլի դպրոցական գավաթ 2014» մրցաշարը, որն իրականցվում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության և Հայաստանի Հանրապետության Ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ:
Այս տարվա մրցաշարին իրենց դպրոցի լավագույն մարզիկներին են հայտագրել ՀՀ և ԼՂՀ 354 դպրոցներ, ինչը կազմում է մրցաշարի տարիքային պահանջները բավարարող՝ 6-ից 9-րդ դասարանցի աշակերտներ ունեցող դպրոցների շուրջ 40 տոկոսը: Այս բարձր ցուցանիշը վկայում է այն մասին, որ մեր դպրոցականները մեծապես հետաքրքրված են սպորտային միջոցառումներով, մասնավորապես՝ ֆուտբոլով:
Ուշագրավն այն է, որ թիմերը ձևավորված են համատեղ՝ տղաներից և աղջիկներից. թերևս սա կարելի է համարել միակ ֆուտբոլային մրցաշարը, որտեղ տղաներն ու աղջիկները համախմբվել են նույն թիմի շրջանակներում:
Ծրագրի շարունակականությունը միանշանակ կնպաստի տարեց տարի ավելի մեծ քանակությամբ աշակերտների ներգրավվածությանը սպորտային միջոցառումներում: Իսկ այս տարվա մրցաշարն իսկական նվեր է ֆուտբոլասեր մեր դպրոցականների համար 2014թ. ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերին ընդառաջ:
«Կոկա-Կոլա» ընկերությունն ամբողջ աշխարհում սերտորեն աջակցում է սպորտի զարգացմանը` հատկապես ուշադրության կենտրոնում պահելով երեխաներին: Ֆուտբոլի դպրոցական մրցաշարերին Կոկա-Կոլա համակարգն աջակցում է ավելի քան 100 երկրներում, հավատացած լինելով, որ երեխաների ֆիզիկական զարգացումը ֆուտբոլի միջոցով նպաստում է առողջ հասարակության ձևավորմանը:
Մեր սիրելի դպրոցականները սիրով են մասնակցում մրցաշարին՝ մեծ խանդավառությամբ պայքարելով իրենց դպրոցի սպորտային պատիվը բարձր պահելու և չեմպիոնական գավաթն իրենց դպրոց տանելու համար:
«DASARAN.am»