Այսօր՝ մայիսի 26-ին, տեղի ունեցավ հանդիպում ՍԴՀԿ Հայաստանի վարչության և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի միջև: Հանդիպմանը երկու կողմերից մասնակցում էին ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը, վարչության անդամներ Վազգեն Մեսրոպյանը, Դմիտրի Մարտիրոսյանը, Վարազդատ Եղիազարյանը, ինչպես նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ԳՄ անդամներ Աղվան Վարդանյանն ու Լիլիթ Գալստյանը:
Հանդիպման ժամանակ երկու ավանդական կուսակցությունների ներկայացուցիչները քննարկեցին Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, Սիրիայի հայ համայնքի և Հայաստանում ապաստանած սիրիահայերի խնդիրները: Անդրադարձ եղավ նաև առաջիկայում սպասվող սահմանադրական բարեփոխումներին: Թե՛ ՍԴՀԿ և թե՛ ՀՅԴ ներկայացուցիչները նշեցին, որ իրենք կողմ են հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին և խորհրդարանական կառավարման համակարգին: Կողմերը պայմանավորվեցին պարբերաբար հանդիպել և քննարկել երկկողմ նշանակություն ունեցող կարևորագույն հարցերը:
ՍԴՀԿ մամլո դիւան