Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ցանկության դեպքում մեղադրանքների պակաս հաստատ չի լինի»

Մայիս 26,2014 14:55

ՀՀԿ-ական պատգամավորը՝ իր հարբած գործընկերների,
«ճնշված» Կարեն Բոթոյանի եւ ընդդիմադիրների մեղադրանքների մասին

«Որոշակի արարքներ կան, որոնք պաշտպանության կարիք չեն զգում, ինչպես նաեւ` կուսակցական պատկանելություն էլ չեն ճանաչում: Բնական է, որ դրական չեմ կարող վերաբերվել»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն իր կուսակից ընկերների վարքագիծը բնութագրելու մեր հարցին: Հիշեցնենք. նախօրեին` կառավարության ծրագրի քվեարկության օրը, ՀՀԿ-ական պատգամավորներ Առաքել Մովսիսյանը, Արայիկ Գրիգորյանը, Վարդան Այվազյանը եւ Աշոտ Արսենյանը խորհրդարան էին եկել հարբած: Մեր զրուցակիցը կարծում է, որ յուրաքանչյուր մարդ` անկախ աշխատավայրից, պետք է հավուր պատշաճի վերաբերվի իր պարտականություններին: Այս դեպքում՝ առավել եւս, քանի որ պատգամավոր լինելը ենթադրում է նաեւ հանրության ուշադրության կենտրոնում լինել:
ՀՀԿ-ական մականունավոր պատգամավորների` խորհրդարանականին ոչ հարիր պահվածքը կառավարության ծրագրի քվեարկության միակ «հմայքը» չէր: Ինչպես պարզվեց, ՕԵԿ-ական պատգամավոր Կարեն Բոթոյանը` գործարար Սերգեյ Մանուկյանի (շինանյութի Սերոժ) փեսան, խոստովանական դիմում էր ներկայացրել հարազատ խմբակցությանը` պատճառաբանելով, որ ինքը ձեռնարկատեր է եւ չի կարող կառավարության ծրագրին «դեմ» քվեարկել, ինչպես որոշել էր ՕԵԿ-ը:

Այս իրավիճակը, ինչպես նկատեց նաեւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, բավական անհեթեթ ստացվեց, քան որ նախորդած մի քանի օրերին վարչապետն ԱԺ ամբիոնից վստահեցնում էր, որ կառավարությունն այլ աշխատաոճ է ընտրելու, որ որեւէ մեկը մյուսի ձեռքից զոռբայությամբ չի կարողանալու բիզնես խլել: Արտակ Դավթյանից հետաքրքրվեցինք` ինքը տեղյա՞կ է` ո՞վ, որտե՞ղ, ինչո՞ւ եւ ինչպե՞ս ճնշումներ գործադրեց Կարեն Բոթոյանի վրա: «Ես չեմ կարող տեղեկացված լինել: Եթե տիկին Բիշարյանը տեղեկացված է, ճիշտ կլինի իրեն ուղղել այդ հարցը»,- ասաց Արտակ Դավթյանը: Իսկ Կարեն Բոթոյանի դիմումի բովանդակության մասին ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ ցանկացած պատգամավոր Սահմանադրությամբ ազատ է իր գործողություններում եւ գործում է իր խղճին ու համոզմունքին համաձայն. «Թե ի՞նչն է դրդել պարոն Բոթոյանին ՕԵԿ-ից դուրս գալ… Իր գոյության ընթացքում ՕԵԿ-ը բազմիցս է հայտնվել նմանատիպ իրավիճակներում: Եվ չգիտես` ով ում է լքել՝ ՕԵԿ-ը՝ իր անդամների՞ն, թե՞ հակառակը: Մենք ուղղակի ականատեսը եղանք հերթական նման իրադարձության»: ՕԵԿ-ական պատգամավորի` գործարարության մասով էլ մեր զրուցակիցը նկատեց. «Մի պարագայում խոսում ենք՝ օրենքի տառին հավատարիմ լինելու մասին, իսկ հաջորդ պահից, երբ մեզ պետք է, սկսում ենք որոշակի մեղադրանքների լեզվով հանդես գալ:

Մինչդեռ Սահմանադրության պահանջը հստակ է` պատգամավորն իրավունք չունի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու»:

Կառավարության անդամներն իրենց ծրագրով արժանացան նաեւ ընդդիմության անխնա քննադատություններին եւ, ի վերջո, արհամարհանքին, քանի որ ընդդիմադիրները չմասնակցեցին քվեարկությանը: ՀՀԿ-ն այս ամենից հետեւություններ արե՞լ է` մեր հարցին Արտակ Դավթյանն արձագանքեց. «Այն կերպ, ինչպես որ իրենք են (նկատի ունի ընդդիմությանը-Ն. Գ.) արտահայտվում, դա քննադատություն չէ, այլ վիրավորանքների շաղախ: Երբ վիրավորում են, երկու տարբերակ կա` պատասխանել կամ արհամարհել: Հիմա՝ այդ վիրավորանքը հիմք ընդունես` ինչի՞ համար: Երբ մարդն Աստվածաշնչից մեջբերումներ է անում, ապա ինքն էլ իրեն պետք է քրիստոնեաբար պահի: Տարբեր վիրավորանքներ հնչեցնել առանձին անձանց նկատմամբ… հետաքրքիր հարցադրում է առաջանում` իսկ ովքե՞ր են դատավորները»: Խնդրանքին` մանրամասնել, թե իր գնահատմամբ՝ ովքե՞ր են դատավորները, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Համենայնդեպս, այն ամենը, ինչ որ արտահայտեցին «դատավորները», նրանք էլ այդ ամենի միջով անցել են: Պետք է ընդամենը փորփրել լրահոսը եւ տեսնել, թե այդ նույն լրատվամիջոցներն ինչեր են գրել այդ արտահայտողների մասին, բերել ու հակադարձել: Բայց դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Եթե քննադատում ես` ծրագիրը քննադատի, իսկ ծրագրի մասին ոչինչ էլ չասվեց: Եթե հետեւություններ էլ պիտի անենք, ապա միայն վիրավորանքն արտահայտողների առումով, ոչ թե իրենց ասելիքի»:

«Առավոտի» դիտարկմանը՝ ոչ միայն ընդդիմությունը, այլ նաեւ հասարակությունը չի վստահում անձանց, ովքեր տարիներ շարունակ կառավարման համակարգում են, գործել են կամայականորեն, իսկ այժմ խոստումներ են տալիս հրեշտակաբար գործելու մասին, Արտակ Դավթյանը հակադարձեց. «Որեւէ մեկը հրեշտակի թեւերով հանդես չի գալիս: Իսկ մեզ վիրավորողներն ի՞նչ են առաջարկում»: Նա բերեց Մահաթմա Գանդիի օրինակը, ով կողմնակից էր, որպեսզի երկրի կառավարման ղեկին լինեն ոչ ունեւոր մարդիկ, ու կարծիք հայտնեց, որ վերջինս որքան հաջողակ էր, նույնքան էլ ձախողվեց պետական շինարարության գործում:

Ծայրահեղականացումը որեւէ լուծման չի բերում: Մի հարց է, երբ քննադատում ես եւ այլ տարբերակ առաջարկում, այլ բան, երբ ասում ես բաներ, որոնց ապացուցողական բազան չունես: Հասկացանք, հայտարարագրված է: Կան համապատասխան մարմիններ, ովքեր իրավասու են այդ ամենով զբաղվելու` անկախ նրանից, թե ինչպե՞ս են դրանք աշխատում: Այլ կերպ ինչպե՞ս եք դա պատկերացնում»: Հարցին` առաջարկում եք «ուղտին նստած կուզեկո՞ւզ ման գալ», ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «Ոչ: Առաջարկում եմ հնչեցվող վիրավորանքներին ու մեղադրանքներին շատ հանգիստ վերաբերվել, որովհետեւ, ցանկության դեպքում, հակառակ մեղադրանքների պակաս հաստատ չի լինի»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031