Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կարող են վախեցնել «ստուգումներով», եթե մաքուր է աշխատում

Մայիս 26,2014 14:45

Հինգշաբթի օրը կառավարության ծրագրի հաստատման ժամանակ ՕԵԿ-ական պատգամավոր Կարեն Բոթոյանը հայտարարեց, որ ինքը, ի տարբերություն իր խմբակիցների, «կողմ» է քվեարկելու այդ ծրագրին, եւ այդ իսկ պատճառով դուրս է գալիս խմբակցությունից: Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչ Իշխան Խաչատրյանն ասաց, որ Կարեն Բոթոյանի վրա կառավարությունից՝ Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Խաչատրյանի կողմից, ճնշումներ են եղել, նրան ասել են, որ իր եւ իր աներոջ ձեռնարկություններում ստուգումներ կսկսեն, այդ իսկ պատճառով նա ենթարկվել է ճնշումների եւ որոշել «կողմ» քվեարկել, իսկ իրենք նման բան չեն հանդուրժի, եւ հեռացրել են Բոթոյանին խմբակցությունից, պատրաստվում են հեռացնել նաեւ կուսակցությունից:

Իշխան Խաչատրյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ Դուք ասացիք, որ ճնշումները ստուգումներով են վախեցրել, ճնշել Բոթոյանին, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նա եւ իր աները աշխատել են անօրինական դաշտում, որ ընկրկել են այդ ճնշումների տակ: Ի պատասխան՝ Իշխան Խաչատրյանը ասաց. «Ես ասացի, որ կան գործարար պատգամավորներ նաեւ ԲՀԿ-ում եւ ՀՅԴ-ում, եւ ես նորից հայտարարում եմ, որ յուրաքանչյուր պատգամավոր՝ գործարար լինի, թե ոչ, պետք է ունենա սկզբունքներ, կիսի իր կուսակցության դավանանքները, եթե դա չկա, նշանակում է՝ երբեք չենք հանդուրժի նման երեւույթներ, երբ ինչ-որ ճնշումների ազդեցության տակ որեւէ մեկը չկիսի խմբակցության դիրքորոշումը»:

Մեր ճշտող հարցերին՝ չէ՞ որ ճնշումները կարող են լինել միայն այն դեպքում, երբ տակն ինչ-որ բան կա՝ եթե դու մաքուր ես աշխատում, ո՞վ կարող է քեզ ստուգումներով վախեցնել, եւ այն, որ մյուս խմբակցությունների պատգամավորներին չեն վախեցրել, նշանակո՞ւմ է, որ նրանք մաքուր են աշխատում, պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ կարող իր փոխարեն պատասխանել՝ ստվերային տնտեսություն ինքը ունի՞, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է մյուս խմբակցությունների պատգամավորներին՝ իրենց փոխարեն ես չեմ կարող պատասխանել: Բայց ես իմ ելույթներում միշտ ասել եմ, որ մենք ունենք ստվերային տնտեսություն, որը կարող է սպանել փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031