Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղք չի՞ էս ազգը: Մի բուռ բան ենք մնացել, թող էս էլ տանեն մտցնեն «աղի հանք», պրծնեն»

Մայիս 26,2014 12:22

Հոգեկան առողջության խնդիրները՝ լուծման և ուշադրության կարոտ

Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցող ավելի քան 50000 մարդ ոչ միայն օտարվում ու մերժվում է հասարակության կողմից, այլև հաճախ դառնում է պետության անտարբերության զոհ. շատերի պնդմամբ՝ դեղերն անորակ են, հիվանդանոցներն՝ անմխիթար վիճակում, բուժման ու վերաինտեգրման հնարավորությունները՝ գրեթե զրոյական:
Արդեն տասը տարի Սուրենը (անունը փոխված է), ում որդին 19 տարեկանից հոգեկան առողջության խնդիրներ ունի, յուրաքանչուր օր բախվում է այս ոլորտում տիրող բազմաթիվ անարդարությունների ու դժվարությունների՝ ուսերին ավելացնելով հիասթափությունների հերթական չափաբաժինը:

«Տղաս նվազ երեխա էր, 9 տարեկանում տարա սպորտի, նախ տեկվանդոյի, շատ լավ պարապում էր, հետո խումբը փոխվեց քինգ բոքսինգի, էնտեղ էլ կրկնակի չեմպիոն դարձավ, որտեղ գնում էր լիդեր էր, բայց էդ գլխի հարվածները հետո ի հայտ եկան »,-ցավով պատմում է Սուրենն ու հավելում, որ որդին դպրոցն ավարտելուց հետո որոշում է թողնել սպորտը և ընդունվում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի համակարգչային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետ:

Սակայն, արդեն առաջին կուրսի երկրորդ կիսամյակում հայրը նկատում է, որ որդին ոչ ոքի հետ չի ցանկանում շփվել, մեկուսանում է, բժշկական հետազոտությունը ախտորոշում է շիզոֆրենիա: Ստիպված թողնում են ուսումն ու սկսում բուժումը:

«Կար «Զիպրեքսա» դեղը, որ շատ լավ օգնում էր, բայց շատ թանկ էր, առաջին անգամ առել եմ 150.000 դրամով, 28 օրը մեկ այդ դեղը պետք է ընդունել, նույն «Զիպրեքսա»ն լինում էր, որ այլ տեղից էի գնում, զգում էի, որ ազդեցությունը լավը չէ: Ես իմ տան եղած վերջին իրերն էլ վաճառել եմ, բայց գնել եմ իմ երեխու համար դեղը: Հետո իմացա, որ անվճար տալիս են (2005-ից «Զիպրեքսա»ն գնվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից և հիվանդներին տրվել է անվճար), մի հինգ տարի անվճար ստանում ենք, բայց մի ընթացք նույնիսկ հնդկական դեղեր էին բերել, հետո էլի փոխեցին ու վերջին մեկ տարում շատ ավելի վատն է դարձել»,-ասում է Սուրենը:

Առողջական խնդիրներ ունեցող երիտասարդի հայրն ասում է, որ որդին պետք է ամեն օր ընդունի դեղը, քանի որ ուղեղն անընդհատ մտազբաղ է, միշտ՝ լարված, իսկ դեղը խմելուց հետո հոր պնդմամբ՝ հանգստանում է, սկսում է հեռուստացույց դիտել, համակարգչով զբաղվել, գիրք կարդալ:

Սակայն վերջին շրջանում ստիպված են հրաժարվել անվճար տրամադրվող դեղերից ու ընտանիքի վերջին գումարները հատկացնել որդու դեղերին:

«Ես կարող ա հաց չառնեմ, բայց դեղը պարտադիր ա: Իրանց տված դեղից արդյունք չկա, մեղք չի՞ էս ազգը: Մի բուռ բան ենք մնացել, թող էս էլ տանեն մտցնեն աղի հանք, պրծնեն: Դեղերի վրա ուզում են խալտուրա անել, էդ դեղն էնքան մարդու ա փրկել: Եթե չեն կարողանալու նորմալ դեղ տան, ես իմ երեխուն վերցնեմ գնամ այլ երկիր, ես չեմ ուզում իրենց փողի համար իմ երեխուն կորցնեմ»,-զայրույթը կոկորդում խեղդելով ասում է Սուրենը՝ հավելելով, որ նախորդ դեղի շնորհիվ որդուն հաջողվել էր հաղթահարել հիվանդությունը, գերազանցությամբ ավարտել համալսարանը, իսկ այժմ սովորում է մագիստրատուրայում:

Սուրենն ասում է, որ դեղերի որակի վատացման հարցով մի խումբ այլ անձանց հետ դիմել է կառավարության անդամներին, սակայն որևէ պատասխան այդպես էլ չի եղել:

Շուրջ 20 տարի Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին տրամադրվող դեղը ներմուծել է ամերիկյան «Էլայ Լիլի» ֆիրման, որի հետևանքով ժամանակ առ ժամանակ հանրապետությունում հոգեկան հիվանդներին պետպատվերի շրջանակներում տրամադրվող դեղամիջոցների դեֆիցիտ էր լինում, ինչը պայմանավորված էր ֆինանսական խնդիրներով: Թեև այդ նույն դեղամիջոցը հնարավոր էր նաև տեղում արտադրել և մի քանի անգամ ավելի էժան գին սահմանել, սակայն ըստ օրենքի պատասխանատուների՝ ամերիկյան այդ ընկերությունը Հայաստանում 20 տարով պատենտավորել էր դեղամիջոցի բանաձևը և բացի այդ ընկերությունից, ոչ մի այլ ընկերություն, ըստ օրենքի, իրավունք չուներ անգամ այլ անվանումով, բայց նույն ազդող նյութով նման դեղ ներմուծել:

Սակայն, 2012-ին պարզ դարձավ, որ դեղի պետգնման հերթական մրցույթն է հայտարարվել և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մի խումբ քաղաքացիներ ու նրանց հարազատները դիմեցին ՀՀ նախագահին՝ ակնկալելով միջամտել և թույլ չտալ, որպեսզի հարյուրավոր հիվանդներ ստանան անորակ դեղ:

«Մրցույթին հաղթում է առավել ցածր սակագին ունեցող դեղը: Մեր ունեցած տվյալներով, մրցույթին մասնակցելու է այնպիսի դեղ, որի հումքը ստացվում է Հնդկաստանից և որի որակի մասին չկան գիտական հետազոտություններ: Մենք չենք ցանկանում ենթարկվել նոր փորձության և վտանգի տակ դնել մեր բարելավված առողջությունը, քանի որ «Զիպրեքսան» իր արդյունավետությունն է թողել մեզ վրա, իսկ պարբերաբար ստանալով հնդկական և այլ անորակ հումքով պատրաստված դեղերը, մենք մեզ վրա նկատել ենք այդ դեղերի բազմակի անցանկալի և կողմնակի երևույթները»,-նշված է եղել նամակում:

2013թ. մայիսին մրցույթում հաղթող է ճանաչվել «Վագա ֆարմ» ՍՊԸ-ն, որն էլ ներկրում է հոգեկան առողջության վերականգնման համար օգտագործվող «Զիպրեքսա»-ն փոխարինելու եկած «Զոլաքսա» դեղամիջոցը: Ու թեև «Վագա ֆարմ»-ի տնօրեն Վահե Վարսանյանը բազմիցս պնդել է, որ այդ դեղորայքի հումքն Իսրայելի ծագում ունի, սակայն հոգեկան խնդիրներ ունեցող անձինք պնդում են, որ նոր ներկրվող դեղորայքի հումքն ունի հնդկական ծագում և մի շարք երկրներում օգտագործման փորձ չունի:

Այս խնդրին անդրադարձել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը 2013-ին Առողջապահության նախարարությանը վերաբերող իր զեկույցում՝ նշելով, որ պաշտպանին հասցեագրվել են դիմումներ, որոնց համաձայն՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք դժգոհ են պետական պատվերով գնված դեղերի որակից, որոնց օգտագործումից հիվանդների մոտ նկատվել են կտրուկ հոգեկան սրացումներ, ագրեսիվ վարքագիծ, անհանգիստ քուն և ախորժակի վատացում:

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Ալբերտ Սահակյանն ասում է, որ դեղերի գրանցումից հետո դեղերի կողմնակի ազդեցությունների դիտարկման ընթացքում հայտնաբերված կողմնակի ազդեցությունների գրանցման արարողակարգ կա, որտեղ արձանագրվում են բոլոր կողմնակի ազդեցություններն ու կատարվում վերլուծություններ:

«Այդ դեղի վերաբերյալ եղած կողմնակի ազդեցությունները դեղի կիրառման հրահանգով նշված կողմնակի ազդեցություններ են և որևէ արտառոց դեպք չենք արձանագրել, գրանցման բոլոր պահանջներին բավարարում է այդ դեղը: Դժգոհությունները խորը վերլուծության հարց է, քանի որ մենք գործ ունենք հոգեկան հիվանդների հետ: Հոգեկան հիվանդը կարող է դեղի տուփը տեսնել, որ այլ է, քան իր նախկին օգտագործածը, ընկնի ներշնչանքների մեջ ու ասի, որ դեղն իր վրա չի ազդելու»,-ասում է Սահակյանը:

Սակայն հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները պնդում են, որ փոփոխված դեղը պարունակում է կրկնակի անգամ պակաս արդյունավետ նյութեր, քան նախորդը, և հիվանդները ոչ միայն չեն բուժվում, այլև նրանց մոտ ավելի են խորանում լարվածությունը և դողը:

Դեղերի խնդրի լուծումը դեռ հեռանկարում չի նշմարվում, ինչպես այս ոլորտում առկա բազում այլ խնդիրներ: Հայկական հոգեբուժական ասոցիացիայի տվյալներով՝ Հայաստանում գրանցված է հոգեկան խնդիրներ ունեցող 46.000 անձ, սակայն այս թիվը ցույց չի տալիս ամբողջական պատկերը, քանի որ կան հոգեկան խնդիրներ ունեցողներ, որոնք գրանցված չեն և շատ ժամանակ նրանք պարզապես թաքնվում են հասարակությունից:

Ողջ հանրապետությունում գործում է հոգեկան առողջության հինգ դիսպանսեր, երեք մասնագիտացված մանկատուն և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի միակ հատուկ մասնագիտացված տուն-ինտերնատը, որտեղ շուրջօրյա խնամք են ստանում ավելի քան 450 միայնակ տարեցներ և քրոնիկ հոգեկան հիվանդներ, մի քանի տասնյակն էլ տուն-ինտերնատ ընդունվելու իրենց հերթին են սպասում:

Հոգեբանական գիտությունների թեկնածու, Հայաստանի հոգեկան առողջության հիմնադրամի ցերեկային կենտրոնի մասնագետ Լիլիթ Բաղդասարյանն ասում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները Հայաստանում բազմաթիվ պատնեշների են հանդիպում, քանի որ նրանց շահերը պաշտպանող օրենքն ընդունվել է ընդամենը 2004-ին և դեռևս առաջին քայլերն են արվում նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:
«Օրենքն, իհարկե գործում է և պաշտպանում է իրավունքները, երբ նրանք գտնվում են հիվանդանոցում, սակայն, հիվանդանոցից դուրս, այդ անձանց շահերը պաշտպանված չեն և հիմնականում խնդիրն այն է, որ բացակայում է այդ մարդկանց հոգեսոցիալական վերականգնման հատվածը»,-ասում է Բաղդասարյանը՝ հավելելով, որ խնդիրներ ունեցողը ստանալով բուժում, դուրս գալով հիվանդության սրացումից, հայտնվելով տանը, չի ստանում բուժման համար կարևորագույն մի օղակ, որն է հոգեսոցիալական վերականգնումը, քանի որ Հայաստանում չկան նման կենտրոններ:

Ըստ Բաղդասարյանի՝ հիվանդության բնույթն այնպիսին է, որ տարվա մեջ մեկ-երկու անգամ կարող են լինել սրացումներ, սակայն երկարատև բուժման կարիք ոչ բոլորն են զգում և փորձը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր ներգրավվում են հոգեսոցիալական վերականգնման մեջ, ավելի երկար կարողանում են մնալ առանց հոսպիտալացման, անգամ կան անձիք, ովքեր տասը տարուց ավել չեն հոսպիտալացվել:

«Այսինքն, եթե մենք կարողանանք վերականգնողական այդ բլոկը ստեղծել պետական մակարդակի վրա, մենք կկրճատենք նաև մահճակալների անհրաժեշտությունը հիվանդանոցներում»,-ասում է Բաղդասարյանը՝ հավելելով.
«Հոգեկան առողջության վերաբերյալ նոր ռազմավարությունն արդեն իսկ նախատեսում է այդ խնդրի լուծումը և ներառում է փոփոխություն բժշկական համակարգում, որպեսզի մարդիկ չհոսպիտալացվեն մեծ առանձին հոսպիտալներում, որոնք արդեն իսկ ստիգմատիզացնում են անձանց, այլ կարողանան բուժում ստանալ հենց տեղում՝ պոլիկլինիկաներում, տեղամասային բուժկետերում կամ ընդհանուր հիվանդանոցներում»:

Բաց Հասարակության Հիմնադրամի հոգեկան առողջության գծով փորձագետ Ժոլտ Բուգարսկի

Բաց Հասարակության Հիմնադրամի հոգեկան առողջության գծով փորձագետ Ժոլտ Բուգարսկի

2014 թ. ապրիլի 14-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարությունը, որը մշակվել է միջազգային փորձը հաշվի առնելով՝ ներգրավելով Բաց Հասարակության Հիմնադրամի հոգեկան առողջության գծով փորձագետ Ժոլտ Բուգարսկուն, ում կարծիքով՝ հոգեկան խանգարում ունեցող մարդիկ չպետք է մեկուսացվեն ինչ-որ հեռու շրջաններում, նրանց օգնությունը պետք է կազմակերպվի իրենց համայնքներում:

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյան

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյան

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն ասում է, որ ռազմավարության հիմնական նպատակը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությունն է, նրանց սոցիալականացնելն ու մերժվածի խարանը նրանց վրայից հանելը:

«Առաջնային է հոգեկան առողջության խնդիրների կանխարգելումը և այդ մարդկանց ինտեգրումը հասարակության մեջ»,- ասում է Քրմոյանը՝ հավելելով, որ եթե հիվանդին հնարավոր լինի պահել ընտանիքում ու համայնքում՝ շարունակելով նրանց աջակցությունը, ապա հասարակության վերաբերմունքն էլ այդ մարդկանց նկատմամբ կփոխվի:

Նոր ռազմավարությամբ նախատեսվում է նաև հոգեկան առողջության ոլորտում աշխատող մասնագետների պատրաստում, ովքեր առավելապես ներգրավված կլինեն տնային պայմաններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց օժանդակելուն:

Լիլիթ Բաղդասարյանն ասում է, որ Հայաստանում այսօր լուծված չէ նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց զբաղվածության հարցը, ինչն առավել օտարում ու անպետքի զգացողությամբ սրում է նրանց հոգեկան վիճակը:

Սուրենը ցավով նշում է, որ թեև որդին ունի բարձրագույն կրթություն, սակայն նրան իր այդ ախտորոշմամբ չեն ընդունում աշխատանքի:

«Ուղարկեցինք վարսահարդարության սովորելու, սկսեց ծանոթների մազերը կտրել, սարքել, շատ լավ էր ստացվում, բայց հենց ժամանակն եկավ, որ իրեն էլ պետք է վճարեին, էլ չէին կանչում, ուրիշի էին կանչում, հիվանդի տեղ էին դնում երեխային: Դրանից էլ հրաժարվեց: Ես արհեստավոր եմ, սպորտային պարագաներ եմ սարքում, վերանորոգում, իմ աշխատանքի մեծ մասն ինքն է անում, շատ ավելի որակով է անում, քան ես, բայց հիմնական աշխատանքի ոչ ոք չի ընդունում,-ասում է Սուրենը՝ հավելելով, որ որդին ստանում է ընդամենը 16.000 դրամ (մոտ 40 դոլար) թոշակ,-ես դեռ կամ, աշխատում եմ, իրեն ապահովում եմ, բայց եթե չլինեմ, ո՞նց է էդքան փողով ապրելու»:

Գոհար ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն
Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան
Հեռախոս: +37498 566 886
Էլ. հասցե: [email protected]
Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200 Թվիթեր:https://twitter.com/4equalrightsarm

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031