Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բժիշկը՝ անկախ տարիքից, մասնագիտական ստաժից եւ գիտական աստիճանից, պարտավոր է իր գիտելիքները եւ հմտությունները մշտապես զարգացնել

Մայիս 26,2014 14:28

Վերջին տարիներին ՀՀ առողջապահության նախարարությունը կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ իրականացնում է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագիր, որի նպատակն է պետության միջոցներով կրթել բժիշկ-մասնագետներ, որոնք հետագայում պարտավորություն են ունենալու 3-5 տարի աշխատել մարզային բժշկական կազմակերպությունում՝ առողջապահության նախարարության նշանակմամբ: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասում է առողջապահության նախարարության աշխատակազմի, անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը:

Այս ծրագիրն իրականացվում է մրցութային կարգով՝ Երեւանի պետական բժշկական համալսարանում, իսկ մրցութային մասնագիտությունները եւ տեղերը սահմանվում են՝ ելնելով Հայաստանի մարզերում առավել պահանջված մասնագիտություններից:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուները կկնքեն պայմանագիր առողջապահության նախարարության հետ, կընդունվեն կլինիկական օրդինատուրա, եւ նրանց կրթության վարձը, կրթաթոշակը կվճարի պետությունը:
«Այս ծրագիրը բացառապես մարզերում աշխատելու համար է, եւ ոչ մի շրջանավարտ Երեւանում աշխատելու հնարավորություն չի ունենալու մինչեւ իր պայմանագրային պարտավորությունների ավարտը: Անցյալ տարի այդ ծրագրով ընդունվել են 35 կլինիկական օրդինատոր, այս տարի, հավանաբար, նրանց թիվը կլինի 40-ը: Երբ այս ծրագրով սովորողներն արդեն ավարտեն կլինիկական օրդինատուրան, մենք նրանց օգնությամբ զգալիորեն կբարելավենք մարզային բժշկական կազմակերպությունների կադրային պահանջարկը»,- վստահեցնում է պարոն Սողոմոնյանը:

Մեր զրուցակիցը նաեւ հայտնեց, որ «Բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ է պատրաստվել: Այն մշակել է ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը՝ առողջապահության նախարարության աշխատակիցների ներգրավմամբ: Ներկայումս օրենքի փոփոխված տարբերակը միջգերատեսչական շրջանառության մեջ է:

«Օրենքի փոփոխության նպատակն է ՀՀ-ում ներդնել շարունակական բժշկական զարգացման համակարգ, որը ներկայումս չի գործում: Այդ համակարգը ենթադրում է, որ բժիշկն իր մասնագիտական կյանքի ողջ ընթացքում պարտավոր է լինելու անընդհատ զարգացնել իր տեսական գիտելիքները, գործնական հմտություններն ու մշտապես քայլել բժշկագիտության արդի զարգացումներին համահունչ»,-պարզաբանում է պարոն Սողոմոնյանը: Նրա խոսքերով՝ քանի դեռ բժիշկը հիվանդ է բուժում, անկախ տարիքից, աշխատանքային ստաժից, նրա զբաղեցրած պաշտոնից, անկախ գիտական աստիճանից ու մարդկանց շրջանում նրա ունեցած հեղինակությունից՝ նա մշտապես պետք է ներգրավված լինի շարունակական մասնագիտական զարգացման համակարգում եւ իր գիտելիքները թարմացնի:
«Ամենօրյա ռեժիմով ժամանակակից բժշկությունը նոր տեխնոլոգիաներ է հայտնաբերում, նոր դեղամիջոցներ են ի հայտ գալիս, հիվանդների բուժման եւ ախտորոշման հարցում նոր մոտեցումներ, եւ եթե բժիշկը մշտապես իր գիտելիքները չթարմացնի, ապա նա հետ կմնա այդ բոլոր զարգացումներից»,- նկատում է պարոն Սողոմոնյանը: Ըստ նրա՝ այս համակարգն էլ իր հերթին ենթադրում է ներդնել բժշկական շարունակական զարգացման կրեդիտներ, որոնք շնորհվելու են բժիշկներին՝ գիտաժողովներին, սեմինարներին, կոնգրեսներին եւ այլ բժշկագիտական միջոցառումներին մասնակցությունների համար: Բացի այդ, բժշկին հնարավորություն է տրվելու այդ կրեդիտները վաստակել նաեւ համացանցով՝ առցանց դասընթացների եւ ինքնակրթության միջոցով:

Ս. Սողոմոնյանի ներկայացմամբ՝ շարունակական զարգացման կրեդիտային համակարգը վաղուց գործում է զարգացած աշխարհում, մասնավորապես՝ Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում: Եվ Հայաստանը, այն ներդնելով, փորձ է անելու մաս կազմել միջազգային շարունակական մասնագիտական զարգացման համակարգին. «Նպատակն է, որպեսզի Հայաստանում տրվող կրեդիտները փոխճանաչվեն Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, եւ փոխադարձաբար՝ այնտեղ տրված միջազգային կրեդիտները փոխճանաչվեն Հայաստանում: Այդպիսով՝ մենք ավելի կինտեգրվենք միջազգային բժշկական կրթական համակարգին, եւ մեր բժիշկներն ավելի մեծ հնարավորություն կունենան մասնակցելու արտերկրում տեղի ունեցող
կոնֆերանսներին, գիտաժողովներին: Արտասահմանից բժիշկներ կժամանեն եւ կմասնակցեն մեր երկրում կազմակերպվող նմանատիպ միջոցառումների, որովհետեւ Հայաստանը նույնպես տրամադրելու է միջազգային կրեդիտներ»:
Շարունակական բժշկական զարգացման կրեդիտային համակարգի ներդրմանը զուգահեռ՝ նախատեսվում է նաեւ բժիշկների հավաստագրում:

Պարոն Սողոմոնյանի մեկնաբանմամբ՝ այն բժիշկները, որոնք 5 տարվա ընթացքում կհավաքեն անհրաժեշտ քանակությամբ կրեդիտներ եւ կունենան նվազագույն աշխատանքային ստաժ, որն այս պահին սահմանված է 3 տարին, կստանան հավաստագիր, ինչը բժշկին իրավունք կընձեռի աշխատել. «Այն դեպքում, երբ բժիշկն ինչ-ինչ պատճառներով չի հավաքի անհրաժեշտ կրեդիտների քանակը կամ չի ունենա համապատասխան աշխատանքային ստաժ, նրան շարունակական մասնագիտական զարգացման համար հավաստագիր չի տրամադրվի, եւ այդքանով բժիշկը կզրկվի բժշկական գործունեություն իրականացնելուց»:
Հավաստագրի ներդրման նպատակն այն է, որպեսզի բժիշկները շարունակական բժշկական կրթության ծրագրերն իրականացնելու եւ կրեդիտները հավաքելու գործում լինեն շահագրգռված:

Ս. Սողոմոնյանի ներկայացմամբ՝ ներդրվելու են նաեւ այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալու այդ չբավականացնող կրեդիտները հետագայում հավաքելու, ստաժը լրացնելու եւ հավաստագիր ստանալու:
Ներկայումս ԱՆ մասնագետները առողջապահության բնագավառի մասնագիտությունների եւ նեղ մասնագիտությունների նոր ցանկն են ձեւավորում: Ցանկը համահունչ է լինելու եվրոպական համանման ցանկերին եւ բաղկացած է լինելու 2 մեծ գլխից. «Առաջին գլուխը ներառելու է բժշկական հիմնական մասնագիտությունները, որոնցով ենթադրվում է հետդիպլոմային տեւական կրթություն 2 տարի եւ ավելի, 2-րդ գլխում նեղ բժշկական մասնագիտություններն են, որոնք բժիշկը ձեռք է բերելու հիմնական բժշկական մասնագիտությունը ստանալուց հետո՝ լրացուցիչ կրթական ծրագրերի միջոցով, եւ ավելի նեղ մասնագիտանալու է որոշակի բժշկական ոլորտում»,- պարզաբանում է մեր զրուցակիցը:

Նշենք, որ մասնագիտությունների ցանկը ներկայումս ՀՀ կառավարությունում է: Ցանկը որպես կառավարության որոշում հաստատելուց հետո նախարարությունը ձեռնամուխ է լինելու յուրաքանչյուր մասնագիտության որակավորման բնութագիրը, յուրաքանչյուր բժշկական պաշտոնի անձնագիրը գրելուն, եւ մատնանշվելու է այն կրթական ճանապարհը, որն անցնելուց հետո բժիշկը կկարողանա տվյալ մասնագիտությամբ աշխատել:

Ս. Սողոմոնյանի խոսքերով. «Մենք ամրագրելու ենք, թե օրինակ՝ սրտի վիրաբույժ աշխատելու համար բժիշկը դիպլոմային կրթության փուլում ի՛նչ կրթական ճանապարհ պետք է անցնի, այնուհետեւ կլինիկական օրդինատուրայի փուլում եւ հետդիպլոմային կրթության օղակում, եւ, եթե անհրաժեշտություն կա, նաեւ ի՛նչ նեղ մասնագիտություն պիտի ստանա»:

Առողջապահական բնագավառի մասնագիտությունների ցանկն իր մեջ ներառում է բժշկական, ստոմատոլոգիական, դեղագիտական եւ հանրային առողջապահական մասնագիտությունների ցանկը՝ յուրաքանչյուրն իր համապատասխան նեղ մասնագիտությամբ:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Հայաստանին գլխի և սրտի վիրաբույժ պետք չէ, ուրիշ ճյուղեր է պետք զարգացնել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031