Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը և ընդդիմությունը – 3

Մայիս 26,2014 11:42

Չնայած շատերն են համաձայն, որ նախկին վարչապետը կրթության ու կրթվածության իմաստով նորին էականորեն է գերազանցում, այդուհանդերձ, մեր հասարակության քաղաքականացված հատվածն ու մանավանդ ընդդիմադիր հատվածը նախկինին շատ ավելի բացասաբար էր վերաբերվում, քան` նորին:

Օֆշորն, իհարկե, պատճառներից մեկն էր, բայց միակը չէր:
Նախկինի կրթությունից խոսելով` պիտի նաև գիտակցենք, որ օֆշորը նաև նախկինի կրթության ու մասնագիտական իմացության « արդյունքն» էր, և արդյունք ասելով էլ` պիտի հասկանանք, որ մանավանդ քաղաքականության մեջ արդյունքը շատ հաճախ բացասական ցուցանիշ է, այլ ոչ թե` դրական:

Բայց, կրկնում եմ, օֆշորը նախկինի հանդեպ բացասական վերաբերմունքի միակ պատճառը չէր:

Նախկինի հանդեպ գրեթե համատարած ու գրեթե միանշանակ բացասական վերաբերմունքը արդյունք էր նաև արմատական ընդդիմության, այնուհետև` ընդդիմադիր «հրաշալի քառյակի» բացասական վերաբերմունքի, մանավանդ որ` նախկինի օրոք ու նախկինի հրաժարականի պահին «հրաշալի քառյակը» հասարակության աչքում ավելի հեղինակավոր էր, քան` Գալուստ Սահակյանի ընտրվելուց հետո, երբ պարզ դարձավ, որ քառյակը ոչ բոլոր հարցերում է սկզբունքային ու միահամուռ, և չնայած ասում ենք, որ քառյակը Գալուստ Սահակյանի ԱԺ նախագահ ընտրվելու պահին սկզբունքային ու միահամուռ չէր, դա դեռ չի նշանակում թե` Գալուստ Սահակյանի ընտրության պատճառով քառյակի անդամների հարաբերությունները և միմյանց հանդեպ վերաբերմունքը էական փոփոխության ենթարկվեցին. ավելին. Գալուստ Սահակյանի ԱԺ նախագահ դառնալուց հետո ՀԱԿ առաջնորդը քառյակի անդամներից որևէ մեկին ոչ միայն դավաճան չհռչակեց, այլև քաղաքագիտական վերլուծությունները գրեթե նախկին թափով շարունակվում են, և չնայած շարունակողն անձամբ ՀԱԿ առաջնորդը չի, շարունակողներն առանձնապես քչություն չեն անում, և սա նշան է, որ քաղաքագիտական վերլուծություն կոչվածը կամաց-կամաց Հայաստանի քաղաքական կյանքում մտածողության նորմ է դառնում, և դա առանձնապես արտառոց չի, և արտառոց չի լինի հատկապես էն դեպքում, եթե քաղաքագիտական վերլուծության արտոնությունը տրվի ոչ թե մեկին, այլ` անխտիր բոլոր քաղաքական ուժերին;
Փաստը փաստ է, որ Գալուստ Սահակյանի ընտրության դեպքում ոչ թե քառյակի ներկայացուցիչները համախոհ գտնվեցին, այլ, փաստորեն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը` թեկուզև իրարից անկախ: ՕԵԿ-ի մոտակա ու հեռակա նպատակները մահկանացուներիս համար դեռևս մշուշոտ են, իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ի` Գալուստ Սահակյանին միահամուռ կողմ քվեարկելու հարցում արդեն վարչապետ դարձած Հովիկ Աբրահամյանի կամքն էլ երկրորդական դեր չի խաղացել: Այս ենթադրությունից հետո ենթադրում ենք նաև, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալու հարցում էլ Գալուստ Սահակյանն է դրական դեր խաղացել` իր կարողությունների չափով, իհարկե, և սա ոչ միայն հայկական մտածողության տարբերակ է, այլև` քաղաքագիտական վերլուծության արդյունք:

Քաղաքագիտորեն վերլուծելով` պիտի փորձենք հասկանալ նաև ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալու պատճառներն ու դրդապատճառները:
ՕԵԿ ասելով` բոլորս, իհարկե, միանշանակ Արթուր Բաղդասարյան ենք հասկանում, և եթե էս պահի դրությամբ ՕԵԿ-ն այլևս կոալիցիայի անդամ չի, կնշանակի` այդպես է ցանկացել անձամբ Արթուր Բաղդասարյանը:

Հարցն ընդամենը հետևյալն է. անձամբ Արթուր Բաղդասարյանին նեղացրել են, դրա՞ համար է հրաժարվել կոալիցիայի անդամի պարտավորություններից ու արտոնություններից, թե՞ այդ պարտավորություններից ու արտոնություններից ինքնակամ հրաժարվելով` առավել հեռահար նպատակներ է մտմտում: Կարելի է ենթադրել, որ ՕԵԿ առաջնորդը նպատակ ունի ևս մեկ անգամ ուժերը փորձել ընդդիմադիր դաշտում` հետագայում վերստին նախագահական ընտրապայքարին մասնակցելու նպատակով, և եթե մենք կարծում ենք թե` ինքն այդ պայքարում հաջողության հասնելու շանսեր չունի, դա դեռևս չի նշանակում թե` անձամբ Արթուր Բաղդասարյանն էլ է էդ կարծիքին:

Կարճ ասած, նախագահական ընտրապայքարն արդեն սկսված է` անկախ նրանից, թե գործող նախագահը երբ կավարտի իր երկրորդ ժամկետը:
Ամեն ինչից զգացվում ու ենթադրվում է, որ երկրորդ նախագահն էլ է հակված մասնակցել նախագահական առաջիկա ընտրապայքարին: Քոչարյանի շանսերը ոմանք շատ բարձր են գնահատում, ոմանք էլ` շատ ցածր:

Չնայած շատերը Հովիկ Աբրահամյանի` նախագահ դառնալուն լուրջ չեն վերաբերվում, ինքն էլ որոշակի շանսեր կունենա, եթե, իհարկե, մինչև նախագահական հերթական կամ ոչ հերթական ընտրություն վարչապետի պաշտոնը պահպանի: Կյանքը արդեն երկու անգամ ցույց է տվել, որ գործող վարչապետի համար նախագահ դառնալն անհամեմատ հեշտ է, քան` այլոց համար, ու հաստատ նաև այս հանգամանքն էլ էր լուրջ պատճառ, որ որոշակի իշխանական ու ընդդիմադիր ուժեր գրեթե միահամուռ կերպով իրենցից կախված ամեն ինչ արեցին, որպեսզի Տիգրան Սարգսյանի հրաժարականն իրականություն դառնա:

Ոմանք էլ Գագիկ Ծառուկյանին են նախագահի աթոռին տեսնում ու պատկերացնում, չնայած, այս պահի դրությամբ, Ծառուկյանին, Քոչարյանին ու գործող վարչապետին նախագահի աթոռին տեսնողներն ու պատկերացնողները կարծես թե նույն մարդիկ են:

Այս անգամ, կարծում ենք, շատ բան կախված կլինի ընդդիմության վերաբերմունքից: Շատ բան կախված կլինի նաև նախագահական պայքարին արմատական ընդդիմության ուղղակի մասնակցությունից կամ չմասնակցությունից:
Մենք, վերլուծելով, հնարավորինս հեռացանք մեր իսկ հոդվածաշարի վերնագրից: Հաջորդ անգամ հնարավորինս կվերադառնանք:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել