Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը մերժեց նախկին դատապարտյալին

Մայիս 26,2014 14:12

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, Ն. Տավարացյանի նախագահությամբ, ավարտեց նախկինում դատված Մանուկ Հովիկյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Մ. Հովիկյանը բողոք էր բերել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա փետրվարի 25-ի վճռի դեմ, համաձայն որի՝ դատարանը մերժել էր ճանաչել հայցվորի ժառանգության իրավունքը: Մանուկ Հովիկյանը պահանջել էր ճանաչել իր ժառանգության իրավունքը Երեւանի Չկալովի 5 եւ Ռուսթավելի 5 հասցեների նկատմամբ:

Դատարանն արձանագրել էր, որ Մանուկ Հովիկյանի կողմից չի ներկայացվել ապացույց այն մասին, որ դիմողի իրավանախորդները հանդիսացել են Ռուսթափելի 5 եւ Չկալովի 5 հասցեներում գտնվող անշարժ գույքի սեփականատերը կամ օրինական տիրապետողը, որից հետո նոր միայն ինքը՝ դիմողը, որպես ժառանգ փաստացի տիրապետմամբ ընդունել է վերջիններիս ժառանգությունը: Ըստ դատարանի վճռի՝ 15.06.2007թ. տրվել էր արխիվային տեղեկանք, որով 1940թ. ԽՍՀՄ քաղաքացիություն ընդունած անձանց ցուցակում գրանցվել է Ազնիվ Մարտիրոսի Հովակիմյանը (Ռուսթավելի 5 հասցեում գրանցված), Կարապետ Մանուկի Հովիկյանը (Չկալովի 5 հասցեում), Մանուկ Մարտիրոսի Հովիկյանը, Մանուկ Մեսրոպի Հովիկյանը (Չկալովի 5 հասցեում գրանցված): Ըստ դատարանի՝ Մեսրոպ Հովիկյանը բողոքաբերի հայրն է եղել, որը նախկին ԽՍՀՄ բնակարանային օրենսգրքի համաձայն՝ տվյալ հասցեում հաշվառված լինելու հանգամանքն արդեն իսկ բավարար է եղել օգտագործման իրավունքի փաստը ճանաչելու համար, քանի որ արխիվային տեղեկանքն ապացուցում է, որ բողոքաբերի հայրը տիրապետել է այդ հասցեի գույքը:

Ըստ վերաքննիչ դատարանի դիրքորոշման՝ տվյալ արխիվային փաստաթուղթը չի կարող համարվել բավարար թույլատրելի ապացույց՝ Չկալովի 5 եւ Ռուսթավելի 5 հասցեները դիմումատուի պապի, այնուհետեւ հոր կողմից տիրապետվելու եւ վերջիններիս պատկանելու մասին փաստը հաստատված համարելու համար: Վերաքննիչ դատարանը հղում էր արել Երեւանի քաղաքապետարանի՝ Մ. Հովիկյանին ուղղված 19.07.2007թ. գրությանը, որի համաձայն՝ Չկալովի տվյալ հասցեում առկա է օրինական գույքային միավոր, որը գրանցված է Մարթա Հովիկյանի անվամբ: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նման փաստական հանգամանքների պայմաններում սույն գործով առկա չէ ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը թույլ կտար եզրահանգելու, որ ներկայացված դիմումը հիմնավոր է: Վերաքննիչ դատարանը բողոքը մերժեց եւ անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031