Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ֆիլմերը գուցե Փարաջանովի ֆիլմերից վատն են, բայց փարաջանովյան չեն». Ռոման Բալայան

Մայիս 26,2014 11:26

Հենրիկ Մալյանի անվ. թատրոնում մայիսի 25-ին կայացավ ռեժիսոր Սամվել Սարիբեկյանի (Սամո Սպիունի) «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» վավերագրական ֆիլմի հայկական տարբերակի պրեմիերան, իսկ ռուսական տարբերակը ցուցադրվել էր ավելի վաղ՝ 2011 թ. «Մոսկվա» կինոթատրոնում:
Ֆիլմը պատմում է ուկրաինաբնակ հայտնի հայ ռեժիսորի՝ Ռոման Բալայանի ստեղծագործական ուղու մասին, որն առավել ամբողջական ու տպավորիչ է դառնում ընկերների, գործընկերների, հայտնի դերասանների և ռեժիսորների կարծիքների ու հիշողությունների միջոցով:

Ֆիլմում հատկապես մեծ տեղ է հատկացված Բալայանի «Թռիչքներ երազում և արթմնի» կինոնկարին, ինչը Սամո Սպիունին բացատրեց նրա արդիականությամբ և ևս երկու հանգամանքով. նախ որ իր «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» ֆիլմը նկարահանելիս լրանում էր «Թռիչքներ»-ի 30 տարին, և ապա, Սպիունու խոսքով, այս ֆիլմով է Բալայանը հայտնի դարձել. «Խորհրդային կարծրատիպերից ազատվելով՝ նա ստեղծեց անհատի կերպար:

Կինոռեժիսոր Կարեն Շահնազարովն ասում է, թե անպետք մարդ է ֆիլմի հերոսը՝ Սերգեյ Մակարովը, բայց ես համաձայն չեմ, նա պիտանի մարդ է, պարզապես, մերժված է, որովհետև համաձայն չէ այն ամենին, ինչը կատարվում է իր շուրջը, և իր կատաղի, անգիտակից բողոքն արտահայտում է ոչ այնքան ադեկվատ վարմունքով: Հիմա էլ շատ կան մերժված մարդիկ, և պատճառներից մեկն էլ դա է, որ մի մեծ բաժին նվիրել եմ հենց այդ ֆիլմին»,- Aravot.am-ի հետ զրույցում մանրամասնեց Ս. Սպիունին և հավելեց, որ իր համար շատ խորհրդանշական է «Թռիչքներ»-ի ավարտը. «Ռեժիսորը վերջին դրվագում թաղում է գլխավոր հերոսին մի խուրձ չոր խոտի մեջ, որտեղ նա, կծկվելով, սաղմի դիրք ընդունելով, հեծկլտում է իր վերածննդի կանխազգացման մեջ: Ըստ իս, «Սասնա ծռեր»-ի Փոքր Մհերի պատմությունն է դա, երբ ֆիլմի հերոսը, խոտի դեզի մեջ մտնելով, փակում է իրեն, ինչպես Մհերն է Ագռավաքարում փակվում»,- ասաց մեր զրուցակիցը:
«Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» ֆիլմն այնուհետև կարճ-կարճ անդրադարձներով պատմում է նաև Բալայանի մյուս ֆիլմերի մասին՝ «Բիրյուկ», «Պահպանիր ինձ իմ թալիսման», «Դրախտի թռչուններ» և այլն:

Ֆիլմում Ռ. Բալայանը խոստովանում է Ս. Փարաջանովի մեծ ազդեցությունն իր ստեղծագործական կյանքում. «Եթե Կիև գալով՝ ես չհանդիպեի Փարաջանովին, գուցե և դառնայի ռեժիսոր, բայց ինչպիսի՞: Չգիտեմ: Սակայն, բախվելով այդպիսի հսկայի հետ, ես երկար ժամանակ գտնվում էի նրա ազդեցության տակ, բայց իմ գործընկերները գիտեն, որ ես, երևի, միակն եմ, որը կարողացավ ազատվել այդ ազդեցությունից: Իմ դիպլոմային ֆիլմը՝ «Գողը», Փարաջանովը շատ էր սիրում, բայց ես չեմ սիրում, որովհետև ամբողջովին փարաջանովական է: Հետո ես կարողացա այդ ազդեցությունից դուրս պրծնել: Իմ ֆիլմերը գուցե Փարաջանովի ֆիլմերից վատն են, բայց փարաջանովական չեն»,- ասում է Ռ. Բալայանը:

Ս. Սպիունու ֆիլմում Ռ. Բալայանն անդրադառնում է նաև Հայաստանից հեռանալու և Ուկրաինայում ապրելու իր որոշմանը, ինչպես նաև նրան, թե ինչու հայկական ֆիլմ չի նկարահանում. «Կիևի թատերական ինստիտուտն ավարտելուց հետո եկա Երևան, որպեսզի դիպլոմայինս նկարահանեմ, սակայն ինձ մերժեցին: Էլի գործեր ունեի, որոնք ցանկանում էի նկարահանել, բայց բոլորն էլ մերժվեցին, ու ես վերադարձա Կիև: Եվ ամեն անգամ Հայաստան, Արցախ այցելելիս լրագրողները միշտ նույն հարցն են տալիս՝ չե՞մ ուզում արդյոք հայկական ֆիլմ նկարել: Երբ ես արդեն հայտնի էի դարձել, հայկական ստուդիան անընդհատ առաջարկում էր, բայց արդեն ես էի մերժում»,- պատմում է կինոռեժիսորը:

Եվ իրեն նվիրված ֆիլմի վերջում նա խոսում է հայկական արվեստի ու իրականության բախման մասին. «Ինչո՞ւ հայերն ու հրեաները «անալգին» չեն օգտագործում,- հարցնում է նա,- որովհետև չեն ուզում՝ ցավն անցնի, իսկ ավելի լուրջ՝ ես ուզում եմ, որ հայ երեխաների աչքերը լինեն լուսավոր, հանդուգն, անգամ անպատկառ, ես ուզում եմ, որ մեր երեխաների աչքերից անհետանան գենոցիդի հետքերը: Այ, օրինակ, Հայաստանում ապրելիս ես տեսել եմ, թե ինչպես են հայերն առավոտից իրիկուն կատակում, հումոր անում, իսկ արվեստում միայն թախիծ է ու պաթոս»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031