Ազգային ժողովում այսօր սկսվեցին ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:
Առավոտյան մեր պատգամավորները լսեցին նախորդ տարվա բյուջեի կատարման՝ մակրոտնտեսական, ծախսային, բյուջետային եկամուտների եւ պակասուրդի վերաբերյալ կառավարության հաշվետվությունը:
Առաջինը հանդես եկավ ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, որը պատգամավոր Թեւան Պողոսյանի հարցին՝ գնահատել բյուջեի կատարողականը 1-10 բալային համակարգով,ասաց, որ ձեռնպահ կմնա, քանի որ իրենք՝ կառավարությունը միայն պետք է ներկայացնեն, իսկ գնահատելը խորհրդարանի գործն է:
Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե ո՞ւր են գնացել ռուսական 500 մլն դոլար վարկի գումարները եւ ակնարկին, որ դրանք «մութ» գործարքների արդյունքում փոշիացել են, գլխավոր գանձապետը ասաց, որ այդ վարկը ծախսվել է թափանցիկ ձեւով, կան հաշվետվություններ, հիմնականում աղետի գոտու վերականգնմանն է գնացել, ինչպես նաեւ տրամադրվել է Կենտրոնական բանկին, որի միջոցով՝ առեւտրային բանկերին՝ վարկերի տրամադրման համար:
Կարդացեք նաև
Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով նախորդ տարվա բյուջեի կատարողականի հիմնական թվերը, ասաց, որ ինչպես եկամուտները, այնպես էլ ծախսերը գերազանցել են բյուջեով նախատեսված թվերը. նախատեսված էր մոտ 1, 3 տրիլիոն եկամուտ, ստացել են 1,7 տրիլիոն դրամ, եւ պետք է ծախսվեր մոտ 1,15 տրիլիոն, ծախսվել է մոտ 1,26 տրիլիոն:
Այս թվերից հետո Թեւան Պողոսյանը իր հարցում ակնարկեց, որ կառավարությունը «փայլուն» է կատարել բյուջեն, ինչին գլխավոր գանձապետը չհամաձայնվեց. «Ինչո՞ւ իմ ներկայացումը կարող է ընկալվել որպես «փայլուն կատարում», երբ իրական տնտեսական աճը եղել է 3,5%, երբ նախատեսված էր 6,2%, դա այնքան էլ արդարացի չի, մենք նպատակ չենք հետապնդել շղարշել թերությունները եւ ներկայացրել ենք ինչպես կա»: Գնաճը նախորդ տարվա ընթացքում, ըստ գլխավոր գանձապետի, կազմելէ 5,8%, միջին ամսական աշխատավարձը աճել է 6%-ով, գործազրկությունը նվազել է 1%-ով:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ