Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տպագի՞ր, թե՞ առցանց մամուլ՝ պատասխան դեռ չկա

Մայիս 26,2014 13:55

Աշխատանքային օրերին Էդմոնդ պապիկը հատուկ արարողակարգ ունի. տնից դուրս է գալիս վաղ առավոտյան, այնպես որ՝ մոտակա թերթի կրպակը բացվելուն պես առաջին հաճախորդը լինի. թերթեր է գնում` զոհաբերելով իր համեստ կենսաթոշակի մի մասը, վերադառնում տուն: Կարդում, համեմատում է, հետո դրանք ամենայն խնամքով դարակներում դարսում. հնարավոր է՝ ինչ-որ տեղեկություն պետք լինի ճշտել, հոդվածներից վերընթերցել: Նորագույն տեխնոլոգիաներին չի վստահում. ինչպե՞ս կարելի է վստահել համակարգիչներին, եթե կոճակի մեկ սեղմամբ կարելի է ամեն ինչ ջնջել-վերացնել: Նախընտրում է սեփական արխիվն ունենալ:

Նոր սերունդը համաձայն չէ պապիկի հետ: Լուրերին հետեւում է բացառապես համացանցի միջոցով: Ավելի հարմար է, տեղեկատվությունը սոցցանցերում տարածվում է կայծակնային արագությամբ, միշտ լուրերի կենտրոնում ես: Ֆեյսբուքով կարող ես հետեւել լրատվական մի քանի խմբերի, որոնցում իրենց նյութերն են ավելացնում առցանց լրատվամիջոցները: Հետո, լրատվական կայքերում արխիվն ավելի մեծ է, հարմար, նյութերը կարելի է մեկնաբանել, նամակի օգնությամբ ուղարկել ընկերներին: Բայց անկեղծանում է. հաճախ ցանկություն է ունենում հոդվածի վրա նշումներ կատարել, դուր եկած կամ կարեւորը հատվածն ընդգծել: Ինչ լավ կլիներ, եթե հիմա այս հոդվածը տպագիր՝ ձեռքի տակ լիներ… Թղթով ու գրիչով մի տեսակ ուրիշ է, փորձառուներն ասում են`թերթի հոտն էլ ուրիշ է, գրքի պես…
«Տպագի՞ր, թե՞ առցանց մամուլ» կռիվը միայն սերունդներինը չէ: Ամբողջ աշխարհում այս հարցը հատկապես թերթերի խմբագիրներին հանգիստ չի տալիս: Երեւանում հյուրընկալված լեհական հայտնի «Պոլիտիկա» շաբաթաթերթի լրագրող, արտաքին քաղաքականության մեկնաբան Մարեկ Օստրովսկին լրագրողների հետ թրեյնինգ-հանդիպմանն իմ այս հարցը լսելուց հետո ծանր հոգոց հանեց ու ձեռքը խփեց ճակատին. «Մենք այս խնդրի մասին ամեն օր ենք մտածում. ես երկու լուծում ու զարգացում եմ տեսնում, բայց չգիտեմ՝ որն է ավելի ճիշտ: Առաջին լուծումս «ողբերգական է». եթե բոլորը կարող են լրագրությամբ զբաղվել, էլ ինչի՞ համար է պետք մեր մասնագիտությունը: Համացանցը տալիս է այդ հնարավորությունը. ցանկացած մեկը կարող է իր կարծիքն արտահայտել՝ առանց անհրաժեշտ կրթության, առանց լուրը մի քանի կողմերից ուսումնասիրելու ու իր տեքստը «լրագրություն» կոչել: Մարդիկ չեն տարբերում իսկական լրագրողներին ինքնակոչներից, այնպես որ` նմանների ետեւից շատերը կգնան: Այսպիսով մեր մասնագիտությունը դատապարտված է կործանման: Լեհաստանում մեր շաբաթաթերթի առցանց տարբերակը մեզ եկամուտ չի բերում. եկամտի ճնշող տոկոսը մնում է միջնորդներին, ովքեր աշխատում են կայքի տեխնիկական հատվածում: Հովանավորներն էլ ցանկանում են շաբաթաթերթի տպագիր տարբերակը ֆինանսավորել: Ինչ-որ տեղ սա ուրախացնում է. տպագիր մամուլի համար ամեն ինչ կորած չէ: Երկրորդ լուծումը կլինի այն, որ տպագիր մամուլը «զենքերը վայր կդնի» ու ամբողջովին կտեղափոխվի առցանց հարթակ: Եվ, օրինակ, «Նյու Յորք թայմսը» կտպագրվի քիչ օրինակով, կվաճառվի շատ ավելի թանկ, ու տպագիր տարբերակում կլինեն միայն հատուկենտ, ամսագրի ամենահայտնի դեմքերի հոդվածները: Մեզնից բացի, այս խնդրի վրա «գլուխ են կոտրում» նաեւ հրատարակչությունները. դեռ չեն կողմնորոշվում՝ գրքերը հրատարակե՞լ, թե՞ համացանցում տեղադրել: Կարծում եմ՝ հետագայում ժամանակն ինքը կհուշի մեզ լուծումը»:

Թերթի կրպակներում վերջանում են թերթերը, առցանց լրատվամիջոցների հոդվածներն ավելի շատ «լայքեր» են սկսում հավաքել: Հարցին, իսկապես, միանշանակ պատասխանել անհնար է, միայն թե մի բան ակներեւ է. ներկայիս դրությամբ տպագիր մամուլն ավելի շատ է կարողանում զտել անպետք տեղեկատվությունը պետքականից ու մասնագիտորեն մշակել ու մատուցել այն: Կայքերն աշխատում են օպերատիվության վրա, այդ ճանապարհին ոմանք անխնա շրջանցում են պրոֆեսիոնալիզմը: Իսկ լուծումը, ինչպես Օստրովսկին նշեց, իսկապես ժամանակը կհուշի:

Հայ իրականությունն արդեն իսկ հուշում է, որ կայացած լրատվամիջոցը կյանք ունի թե՛ տպագիր եւ թե՛ առցանց տարբերակով: Իսկ լրատվական կարգվող կայքերին մնում է հորդորել՝ ամեն առցանց բան լրատվություն չէ:

ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031