Առաջին տարին չէ, որ ՖԻԴԵ-ն Հայաստանի մասնագետներին վստահում է ամենահեղինակավոր մրցաշարերի ամենապատասխանատու պաշտոնները, ընդհուպ, մինչեւ աշխարհի թագի համար վճռորոշ մրցամարտի գլխավոր մրցավարի դերը:
Համաշխարհային շախմատի ղեկավար կառույցի՝ օրերս հրապարակած Տրոմսյոյում նախատեսված Համաշխարհային օլիմպիադայում էլ հայաստանցի մասնագետներին կարեւոր դերակատարություններ են վերապահվել:
ՀՇՖ պատվավոր նախագահ, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանը հաստատվել է օլիմպիադայի վճռաբեկ հանձնաժողովի կազմում: Միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը կատարելու է օլիմպիադայի տեխնիկական վարչական հանձնաժողովի նախագահի պարտականությունները, իսկ ՖԻԴԵ-ի մրցավար Նորիկ Քալանթարյանն օլիմպիադայի մրցավարական հանձնաժողովի կազմում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chessdom.com-ի