«Ամերիկայի ձայն». Ուկրաինայի ընտրական տեղամասերում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Ուկրաինայում ընտրական տեղամասերը բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 8-ին և կփակվեն տասներկու ժամ անց:
Ինչպես ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատանքն ընթանում է կանոնավոր: Ընտրությունները մեկնարկել են և կկայանան՝ չնայած Ուկրաինայի թշնամիների կողմից դրանց խաթարմանն ուղղված բոլոր ջանքերի»:
Ավակովի համաձայն, ընտրական տեղամասերը բացվել և աշխատում են ինչպես Դոնեցկի, այնպես էլ Լուգանսկի մարզերում:
Ավակովը տեղեկացրել է նաև, որ նախօրեին երեկոյան չարագործներին հաջողվել է մուտք գործել «avakov.com» կայքի կառավարիչներից մեկի էլեկտրոնային փոստի արկղ՝ այդ կերպ մուտք ստանալով դեպի կայք և տեղադրելով այնտեղ իր անունից գրված մի քանի կեղծ հայտարարություն՝ Ուկրաինայում անցկացվող ընտրությունների թեմայով:
Կարդացեք նաև
«Նման հայտարարություններ գոյություն չունեն, դրանք կեղծիք են, որոնց տեղադրումը հետապնդում է տեղեկատվական քաոս ստեղծելու և ընտրությունների կանոնավոր գործընթացը խաթարելու նպատակներ», – նշել է Ավակովը:
Ռուսաստանի ԶԼՄ-ներում տեղ գտած հաղորդագրությունների համաձայն, անհայտ անձինք ոչնչացրել են «Ընտրություններ» տեղեկատվական-վերլուծական համակարգը, ինչի պատճառով Ուկրաինայում ընտրողների ձայներն անհրաժեշտ կլինի հաշվել ձեռքով:
«Խնդրում եմ նման ստահոդ տեղեկություններ հաղորդածներին հերքել դրանք», – շեշտել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարը:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն, նախագահական ընտրություններ ընթացքում հասարակական կարգի պահպանման նպատակով ներգրավվել է ոստիկանության 52 հազար ծառայող, ինչպես նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունների 11-ական հազար ծառայող:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: