Վեց ամիս Բելգիայի բանտում մնալուց հետո ազատ է արձակվել քաղբանտարկյալ, ՀԺԿ կուսակցության նախկին անդամ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետությանը հաղթած Գրիշա Վիրաբյանը:
Իմ զրույցը սկսվեց բանտից ազատվելու երրորդ օրը:
-Ինչո՞ւ էիր հայտնվել անազատության մեջ:
-Չգիտեմ , ինչ ձեւակերպամբ ազատվեցի: Իմ վրա դրված էր տասնհինգ տարի ժամկետով ազատազրկման հոդված`սպանություն նախապատրաստելու եւ կատարելու փորձ: Դատական առաջին նիստին մեղադրողը հրաժարվեց մեղադրանքից, որովհետեւ այն չհիմնավորվեց, չապացուցվեց դատարանում:
Կարդացեք նաև
Երկրորդ նիստին ընդհանրապես ինձ չթողեցին խոսել, միայն հարցրին, թե դեպքն ինչպես է տեղի ունեցել:
Ես ասացի, որ այդ օրը ծեծկռտուք է տեղի ունեցել իմ տանը, «տուժողն» իմ տնից դուրս գալուց հետո հիվանդանոց է գնացել, ես կապ չունեմ: Բայց իմ տուն եկել էր իմ խնդրանքով. իմ տնից գողություն էր կատարել Արմեն Ալաջանյանը:
–Ո՞վ էր նա, քո մտերիմների՞ց է:
_Նա իմ ծանոթներից էր: Բայց երբ սկսեցի ճանաչել, թե ինքն ով է, ինչ կյանքով է ապրում, անընդհատ խուսափում էի իր հետ շփվել: Ու այդ մասին բոլորն էլ գիտեին: Մի քանի անգամ սրճարանում նստած, նա եկել է, ես թողել, գնացել եմ, ընկերոջս տանը հյուրասիրություն էին կազմակերպել, ես երբ տեսել եմ նրան, սեղանին մոտ չեմ գնացել…Ինքը հակասական կերպար է: Երեք կյանքով է ապրում. մեկը, որ այստեղ ինքը ընդդիմադիր է ներկայանում, որ Հայաստանի իշխանությունների համար վտանգ է ներկայացնում, եւ իբր ես Հայաստանի իշխանությունների թելադրանքով ուզում եմ սպանել: Երրորդը` քրեական գործով տրվել էր տեղեկանք, որ հնարավոր է ինքն իրեն խփած լիներ, երրորդն էլ, նա խանութներում գողություններ էր կատարել, բռնվել է մի քանի անգամ, իսկ մի անգամ էլ հինգ տարեկան երեխայի հետ էր գնացել, որ չկասկածեն, գողության ժամանակ երեխային թողնում, փախչում է, հայերից մեկն է երեխային տուն տարել: Հինգ տարի էր, Բելգիայում: Առաջին անգամ, երբ ծանոթացանք, խնդրեց, որ միջնորդություն գրեմ, լրագրողների հետ ծանոթացնեմ: Երբ դժբախտություն ունեցա ծանոթացնել մի լրագրողի հետ, որը հետագայում պատվիրված հոդված տպագրեց լրատվամիջոցներից մեկում իմ դեմ:
Խնդրեց, որ միջնորդություն գրեմ գեներալ-կոմիսարին, որ իրեն քաղաքական ապաստան տան, ասացի, թող ընդդիմադիր լիդերներից մեկն ու մեկը հիմնավորի, ես կօգնեմ, նա տվեց Նիկոլ Փաշինյանի անունը: Իմ մոտ հեռախոսի համարը տվեցի: Ինքն անձամբ իմ մոտից զանգեց, Նիկոլն ասաց, նման մարդ չեմ ճանաչում: Սա այն դեպքում, երբ ներկայանում է «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր, որ իբր մարտի մեկի մասնակից է, նկարահանումներ է արել: Իբր այդ նկարահանումների պատճառով Հայաստանի իշխանություններն իրեն հալածում են:
Ես դժգոհում էի, որովհետեւ իմ ընկերներից շատերը փախած են, նստած են, իսկ ինչ-որ մեկն այստեղ ընդդիմադիր է ձեւանում, ուզում է քաղաքական ապաստան տալ:
Ես շատերին եմ օգնել այստեղ, իսկ նա տարածում է, թե ես հայերին չեմ օգնում. ես ինչ օգնեմ, որն ընդդիմադիր է, ես օգնում եմ, որն իմ դեմ է եղել, ես ինչո՞ւ պետք է օգնեմ:
-Պարոն Վիրաբյան, իսկ մահափորձի նախապատրաստման գործով ինչ գործիք է «դրվել», որպես ապացույց:
-Դանակը: Բայց նման բան չի եղել:
-Դուք փաստաբան, թարգման ունեցե՞լ եք դատարանում:
-Փաստաբան ունեցել եմ, նա ինձ հենց սկզբից խորհուրդ տվեց, որ հակափաստարկ չբերեմ այդ անձի հետ կապված, այլ հիմնավորեմ, որ նման բան չկա: Եւ հիմնավորվեց: Որովհետեւ իմ տնից դուրս է եկել ութն անց հինգ րոպե, իսկ հիվանդանոց է գնացել մոտավորապես ինն անց հիսուն րոպե: Ոստիկանությունը բազմաթիվ հայերի հետ է հանդիպել, նրանցից որեւէ մեկը չի ասել, թե տեսել են այդ մարդուն դանակահարված: Դատաբժիշկն էլ եզրակացություն է տվել, որ այդ մարդն ի վիճակի է ինքն իրեն խփելու: Որովհետեւ երկու անգամ նման փորձ արել է: Իմ փաստաբանները զբաղված են նրանով, թե ինչ ձեւով պետք է գործն առաջ գնա, շարունակվի:
-Վնասի հատուցմա՞ն, սուտ մատնության մասի՞ն է խոսքը, Բելգիայի քրեական դատավարություն օրենսգիրքը նման բան նախատեսո՞ւմ է:
-Իմ տանն իրոք ծեծկռտուք եղել է, ծեծողը եւ տուժողն այդ մասին ասել են: Ես բաժանել եմ… Տուժողը դատերին չի եկել, որովհետեւ կամ պետք է հոգեկան հիվանդ ձեւանար, կամ`խելոք: Եթե խելոք ձեւանար, ես պիտի հարցնեի, բա «գժի թուղթը» որտեղի՞ց, եթե գիժ ձեւանար, ես պիտի հարցնեի, Հայաստանի բոլոր ընդդիմադիրներն են գիժ::
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ