Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Բլեյան. «Վերջին զանգի ժամանակ տեղի ունեցածը ստրկության հերթական դրսեւորումն է». Medialab.am

Մայիս 25,2014 14:01

Երեւանի 119 ավագ դպրոցում Վերջին զանգի արարողություն ժամանակ տեղի ունեցածը ստրկության երեւույթի հերթական դրսեւորումն է եւ խոսում է այն մասին, որ Հայաստանում նեոսովետիզմը վերակենդանացել է: «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնալով մայիսի քսաներեքին՝ Վերջին զանգի արարողությանը դպրոցի սաներից մեկի՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված բանաստեղծության շուրջ ծագած աղմուկին, կարծիք է հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

«Սա դաստիարակում է այն, ինչ մեր իրականությունն է այսօր դաստիարակում: Մենք վերարտադրում ենք մեր նմանին: Այսօր խորհրդային իրականության վերարտադրությունն է բոլոր առումներով, եւ Մաքսային միության զանգը սեպտեմբերի երեքին արագացրեց նեոսովետիզմի ռեստավրացիան Հայաստանում»,-«Մեդիալաբին» ասում է Աշոտ Բլեյանը:

Հիշեցնենք, մայիսի 23-ին ՝ Վերջին զանգի օրը Երեւանի համար 119 ավագ դպրոցի Վերջին զանգի արարողությունը դպրոցի աշակերտներից մեկի` վարչապետ Հովիկ Աբրահամյանի նվիրած ձոնը բուռն քննադատությունների տեղիք էր տվել:
«…Մոռանալ ես-ը՝ մենք-ի մեջ
Ոչ ջանքը այս կյանքի համար, եւ ոչ էլ կյանքը խնայել,
Այս բոլորն աշխարհում, միայն հենց Ձեզ է վայել,
Բաց անել, ծածանել ազնիվ դրոշակն իր մեծ հավատի,
Սարսափը հեգնելով` կանգնել հողմի դեմ ճակատ ճակատի,
Չհիշել կսկիծն իր վերքի, իր հպարտ կրծքի տակ զգալ սրտերի տրոփյունն ամենքի,
Իր սրտի տակ պայծառ, ամենքի կրծքի տակ վառել,
Այս բոլորն աշխարհում միայն մեր վարչապետին է վայել»:

Մինչ աշակերտը պաթետիկ ոճով իր «ձոնն» էր հյուսում Հովիկ Աբրահամյանին, նույն սեղանի շուրջ նստած կրթության ոլորտի պատասխանատուները` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը լայնաժպիտ հիացած բուռն ծափահարում էին:
Աշոտ Բլեյանի խոսքով, այստեղ մանկավարժական մեթոդի մասին խոսք անգամ չի կարող լինել : Կրթությունը, նրա խոսքով, պետք է նպաստի ոչ թե ստրկամտության , այլ ազատ մտածողության ձեւավորմանը: Սա, ըստ նրա, առանձին վերցված մի դրվագ է, որը հատուկ է Հայաստանի ամբողջ կրթական համակարգին:
«Մտովի պատկերացրեք, մեկ շաբաթ կամ մեկ ամիս առաջ դպրոցը գիտի, որ վարչապետն է այցելելու իրենց եւ ուսուցչով, տնօրենով պատրաստվում են նրան ընդունելու: Այդ երեւույթ մենք տեսնում ենք ընտրությունների ժամանակ, երբ ուսուցիչները, դպրոցների տնօրեններն ու սովորողները նույն սցենարով են գործում»,-նշում է Աշոտ Բլեյանը՝ հավելելով, որ այն ինչ վաղուց պետք է հաղթահարած լինեինք անկախության քսանհինգ տարիների ընթացքում, այսօր վերակենդանացնում ենք:

Դպրոցի տնօրեն Հովհաննես Կարապետյանն, ի դեպ, որեւէ խնդիր չի տեսնում, որ երեխան նման բանաստեղծություն է նվիրում վարչապետին: Ըստ տնօրենի, դպրոցում վարչապետի այցի մասին իմացել են մեկ օր առաջ եւ հայոց լեզվի մասնագետի օգնությամբ պատրաստվել իրադարձությանը: Դպրոցի տնօրենը գոհ է, որ երեխաները «շփվում են ղեկավարների հետ» եւ նրան «հաղորդեն իրենց մտածածը»:

Երեւանի 119 ավագ դպրոցում տեղի ունեցածն իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով երեխայի կրթության իրավունքի եւ կրթության բովանդակության խախտում է:

«Ես երեխայի իրավունքի խախտում համարում եմ ոչ միայն ինքնին փաստը, այլեւ դա կրթության բովանդակության առումով եմ համարում խախտում, երբ կրթությունը խեղաթյուրվում է եւ կրթությանը տրվում է ժողովրդավարական պետությանը հակասող կուսակցական կրթության բովանդակություն»,- «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպանը՝ հավելելով, որ այստեղ արժեհամակարգի խնդիր էլ կա. դպրոցում դաստիարակում են ոչ թե երկրի Սահմանադրությունը, ժողովրդավարական արժեքներին նվիրվածը ազատ մտածող քաղաքացի, այլ պաշտոնն ու իշխանությունը փառաբանողի:

Արթուր Սաքունցի խոսքով, դպրոցների կուսակցականացումը խորը արմատներ է գցել Հայաստանում, որը անկախությունից հետո թեեւ հաղթահարվեց, բայց Ռոբերտ Քոչարյանի նախագահության եւ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության օրոք թափ առավ ու արմատներ վերջնականապես հաստատվեց ՀՀԿ-ի գործունեության հետեւանքով:

Նա նշում է, որ, երբ նախարարները փոխվում էին, ասենք դաշնակցական էին կամ ՕԵԿ-ական, զարմանալիորեն դպրոցներում ուժեղանում էին տվյալ կուսակցականները:

«Դա ոչ միայն սաքուլիկների ձեւով է ծառայեցվում բուհական հաստատություններում, որտեղ ուսանողական խորհուրդները ուղղակի կուսակցական երիտասարդական կառույցներ են, այլեւ դպրոցներում»- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Այ,որտեղ կրթությունը բարձր հիմքերի վրա է դրված,այնտեղ վարչապետին հայհոյում են …

  2. Անահիտ (Սյունիք) says:

    Մեծագույն ամո’թ սեղանի շուրջը նստածներին, ովքեր ուղղակի հալվում էին կրթության ,,որակի,, աննախադեպ ,, ապահովման ,, հրճվանքից…
    Մեծագույն Ա Մ Ո’ Թ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031