Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդ Հանրապետականները ազգային-պահպանողական արժեքների կրողներն են». Կարեն Ավագյանի ելույթը ՀՀԿ համագումարին

Մայիս 25,2014 12:43

Մեծարգո′ նախագահ, հարգելի′ կուսակիցներ, հյուրե′ր

Կուսակցության հերթական՝ 13-րդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածը բավականին արդյունավետ է եղել կուսակցության երիտասարդական կազմակերպության համար: Շարունակվում է կուսակցության համալրումը երիտասարդներով. բազմաթիվ երիտասարդներ են անդամագրվել մեր կառույցին։ Սակայն այս ընթացքում Երիտասարդական կազմակերպության համար ավելի շատ քանակը որակի վերածելու ժամանակահատված է եղել։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը շարունակում է վստահություն վայելել երիտասարդության և ուսանողության շրջանում. դրա ցուցանիշն այն մեծաթիվ անդամներն են, որ ունի ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։ Եթե թվերով ասեմ, ապա մինչև 35 տարեկան ՀՀԿ-ականները մեր կուսակցության 30 տոկոսն են. դա հոծ բանակ է, որը կարող է իրականացնել ցանկացած առաքելություն` ի նպաստ մեր երկրի, մեր բնակչության և մեր կուսակցության։
Իրենց վստահված գործը մեր երիտասարդ հանրապետականները կատարում են մեծ պատասխանատվությամբ, խնամքով ու սրտացավությամբ, ինչի համար նրանց բոլորին առանձին-առանձին ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել։
Ուզում եմ նաև երախտագիտություն հայտնել կուսակցության ղեկավարությանը, մասնավորապես ՀՀԿ նախագահին՝ երիտասարդների հանդեպ ցուցաբերած մեծ վստահության, նրանց ներուժը կարևորելու և ինքնադրսևորման լուրջ հնարավորություն տալու համար։

Երիտասարդական կազմակերպությունը զարգացող օրգանիզմ է, և ինչպես յուրաքանչյուր կառույց՝ այն նույնպես ունի թարմ գաղափարների, նոր ուժերի կարիք։ Մենք չենք վախենում փոփոխություններից, մենք ունենք կադրային մեծ բանկ, և բոլոր երիտասարդներին, իրենց ուժերին համապատասխան, պետք է կարողանանք ներգրավել կուսակցական աշխատանքում։

Երիտասարդներին հնարավորություն տալ աշխատել, ղեկավարել ու սեփական գաղափարները կյանքի կոչել. այս քաղաքականությունն ուղենիշ ունենալով՝ վերանայվել ու փոխվել են երիտասարդական կազմակերպության տարածքային ստորաբաժանումների, հանձնաժողովների ղեկավար կազմերը։ Տեղի են ունեցել ընտրություններ, և ավագներին փոխարինել են կրտսեր կուսակիցները, ովքեր իրենց նախորդների աջակցությամբ արդեն բավականին լավ իրականացնում են իրենց վերապահված պարտականությունները։

Շատ երիտասարդ կուսակցականներ այսօր հաղթում են ընտրություններում, զբաղեցնում են բարձր պաշտոններ և բավականին արդյունավետ աշխատում են։ Այս փաստերը վկայում են, որ կատարված աշխատանքը արդյունք է տալիս։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մասշտաբային համալրումն ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների փոփոխությունը երիտասարդ առաջնորդների նոր սերնդի ուսուցման խնդիր է դրել մեր առջև։ Երիտասարդական կազմակերպության հարյուրավոր անդամներ պարբերաբար մասնակցում են տարբեր դասընթացների, վերապատրաստումների ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ արտերկրում։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը սերտորեն համագործակցում է հասարակական կազմակերպությունների, ուսանողական կառույցների, երիտասարդական խմբերի հետ՝ ավելի խորությամբ հասկանալու առկա խնդիրները, համատեղ գտնելու դրանց լավագույն լուծումները։ Մեր կազմակերպությունն ընդլայնել է համագործակցությունը միջազգային կառույցների հետ՝ «Կոնրադ Ադենաուեր» գերմանական հիմնադրամ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության «Մոլոդայա գվարդիա» երիտասարդական կազմակերպություն, ԵԺԿ երիտասարդական կառույց, Չինաստանի կոմունիստական կուսակցության երիտասարդական կազմակերպություն, Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտ, Եվրոպայի ԴԵՄԻԿ կազմակերպություն և այլն։

Այս բոլոր կառույցների հետ սերտ համագործակցության արդյունքում երիտասարդ ՀՀԿ-ականներն ըստ արժանվույն են ներկայացնում Հայաստանը տարաբնույթ երիտասարդական հավաքներում, տարածաշրջանային ու միջազգային համաժողովներում։ Վերջին 2 տարում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից կազմակերպված տարածաշրջանային ծրագրերին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից ներկայացված ծրագրերը ճանաչվել են լավագույնը։

Շատ երիտասարդ հանրապետականներ այսօր մեծապես ներգրավված են հատկապես ազգային ծրագրերում. նրանք ազգային-պահպանողական արժեքների կրողներն են, դրանք ապրեցնողները։ Զուգահեռ մեր երիտասարդներն այսօր կարող են ներկայանալ ավելի քան տասնյակ լեզուների փայլուն իմացությամբ։ Խորապես տիրապետում են ժամանակակից տեխնոլոգիաներին, որոնք կիրառվում են կուսակցական աշխատանքում։
Այդուհանդերձ, դեռևս կան տարածքային կազմակերպություններ, որոնք հստակ չեն պատկերացնում ՀՀԿ երիտթևի դերն ու առաքելությունը տեղերում։ Ոմանց համար կառույցը դռան վրա փակցված ցուցանակ է, առանձնասենյակ՝ առանց բովանդակային գործունեության։ Այս երևույթն ենք մենք արմատախիլ անում այսօր. զուտ նոմենկլատուրային կուսակցական աշխատողից մեր երիտասարդները պետք է դառնան մտքեր գեներացնող, ակտիվ ծրագրեր իրականացնող ուժ։

Երևանում շատ խնդիրներ՝ կառուցվածքային, կազմակերպչական, բովանդակային, անցած տարիների ընթացքում լուծվել են, ինչը միշտ չէ, որ հնարավոր է ասել մարզերի մասին։ Այստեղ կան անելիքներ, և այդ ուղղությամբ մշակվել են քայլեր։ Երիտթևը յուրահատուկ կապող օղակ է երիտասարդների ու իրականացվող քաղաքականության միջև։

ՀՀԿ քաղաքականությունն ու ծրագրերը մենք պետք է կարողանանք հասցնել ամենահեռավոր գյուղի բնակչին, ում ձայնը պետք է լսելի լինի կուսակցական տարբեր ատյաններում։ Երիտասարդ հանրապետականները պատրաստ են լինել այս գործի նվիրյալները։

Մեզ համար կրթական, մասնագիտական կոմպոնենտին զուգահեռ շատ կարևոր է քաղաքացիական ակտիվությունը։ Երիտասարդ հանրապետականները պետք է ապրեն իրենց տարածքի խնդիրներով, և իրենց մասնագիտական կարողություններն օգտագործելուց բացի, մեծ ծավալով ներգրավվեն հասարակական, կամավորական աշխատանքներում։

Ուզում եմ առանձնապես շեշտել, որ ՀՀԿ երիտթևը երիտասարդական խնդիրները վեր հանող ու լուծող կառույց է և ոչ թե կարիերայի կենտրոն, ինչպես ոմանք պատկերացնում են։ Եթե այսօր դժվարություններ կան կարիերա անելու համար, քանի որ ՀՀԿ-ն շատ պահանջկոտ դպրոց է, և մրցակցությունն ուժեղների միջև է, ապա շատ հեշտ է գաղափարները տեղ հասցնելու առումով՝ սկզբնական կառույցներից մինչև կենտրոնական գրասենյակ։

Այսօր մեր կողմից իրականացվող միջոցառումների մասնակիցների թիվը չափվում է հազարներով։ Սա ոգևորող ցուցանիշ է, սա միայն թիվ չէ, այլ խելացի, վճռական, բանիմաց ու գիտելիքներով զինված երիտասարդների մեծ թիմ։ Եվ այս թիմն իր ներուժով ունի առաքելություն ու անելիքներ։ Առաջիկա ամիսների մեր ջանքերն ուղղված են լինելու կառավարության ծրագրային դրույթների իրականացմանը նպաստող քայլերին, սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումների կազմակերպմանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ծրագրերի իրականացմանը և մեր ավանդական ձևաչափերի զարգացմանը։ Իսկ արդյունքների մասին զեկուցելու ենք պարբերաբար:
Շնորհակալություն:

ՀՀԿ ԵԿ մամուլի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031