Հայաստանում մայիսի 17-ից մեկնարկած «Եվրոպայի օր» ծրագրի շրջանակներում անցկացվող միջոցառումների շարքն այսօր եզրափակվեց Ազատության հրապարակում կազմակերպված համերգային ծրագրով, որին մասնակցում էին նաեւ Եվրոպայից ժամանած ստեղծագործական տարբեր խմբեր ու կատարողներ:
Համերգին զուգահեռ նաեւ հրապարակում տեղակայված տաղավարներում հանրությանն էր ներկայացվում տեղեկատվություն` Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի, ինչպես նաեւ տարբեր երկրների կողմից առաջարկվող եվրոպական մի շարք համալսարաններում ուսում ստանալու հնարավորությունների մասին:
«Սյունիքի երիտասարդական կենտրոն» հ/կ-ն այսօր ներկայացնում էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իմացիր քո իրավունքները» ծրագիրը, որի գլխավոր նպատակը Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավունքների խթանումն ու պաշտպանությունն է: Այս տարի «Սյունիքի երիտասարդական կենտրոն» և «Երիտասարդական գիտամշակութային» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ` առաջին անգամ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվել նաեւ Սյունիքի մարզում: Մարզկենտրոն Կապանում միջոցառման շրջանակներում մայիսի 20-ին կազմակերպվել էր տարածաշրջանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին պատմող տեղեկատվական ցուցահանդես, երիտասարդների ձեռքի աշխատանքների ցուցադրություն, խաղ – մրցույթներ և համերգային ծրագիր: Իսկ «Եվրոպայի օրը» միջոցառումների շարքը եզրափակվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կողմից տրամադրված Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմի ցուցադրությամբ, որը Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի համատեղ արտադրությունն է:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ