Մայիսի 23-ին շրջանավարտներն առավոտից այցելում էին Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներ՝ օրհնություն ստանալու:
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում օրհնեց Երևանի Բ. Ժամկոչյանի անվան N119 ավագ դպրոցի շրջանավարտներին, ովքեր Տ. Նիկողոս քահանա Հովհաննիսյանի գլխավորությամբ էին եկել: Սրբազան հորն ուղեկցում էին Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Տ. Հայկազուն քահանա Մկրտչյանը, Վահե սարկավագ Հովհաննիսյանը:
Օրհնության կարգից հետո ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում շրջանավարտները հանդիպում ունեցան Տ. Նավասարդ սրբազանի հետ: Սրբազան հայրը երիտասարդներին շնորհավորեց մեծ կյանք մտնելու առթիվ:
«Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր ձեզ ենք նվիրում Նոր Կտակարաններ: Այստեղ Մեր Տեր Հիսուս Քրիստոս երկու կարևորագույն պատգամներ է տվել մեզ. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով» և «Սիրի՛ր մերձավորիդ, ինչպես քեզ ես սիրում»: Լեռան քարոզի մեջ Հիսուս այս է պատգամում մեզ: Շատ կարևոր է ձեզ համար, որ այդ պատվիրաններն ամրագրեք ձեր սրտի մատյանում որպես քրիստոնեական հիմնարար արժեքներ:
Այս պատգամներին ավելացնենք նաև Մեր Տիրոջ մեկ այլ խոսքը, հորդորը. «Այն, ինչ չեք ուզենա անեն ձեզ, մի արեք ուրիշներին»: Եթե այս արժեքները պահենք մեր սրտերի մեջ և ունենանք գալիք տարիների ու օրերի մեջ որպես մեզ ուղեցույց և նույնիսկ՝ մարտակից, մենք մեզ հետ կունենանք քրիստոնեական խորհրդանիշերի արժեքային սպառազինության լավագույն օրինակները: Մեր մեծ հայրերն ի՞նչ էին ասում. «Մեր հայրն Ավետարանն է, մայրը՝ Սուրբ Եկեղեցին»: Եվ այս ոսկե խոսքերով, մեր ժողովրդի լավագույն զավակները, որոնք ունեցել են ազգային պատկանելության գիտակցություն, քրիստոնեական ընդհանրական եկեղեցին դարձրել են բնույթով ազգային: Իրենց հոգու փրկության համար Աստծուն ծառայելով` ծառայել են իրենց ազգին: Ուրեմն ծառայել անձին քրիստոնեաբար, կնշանակի ծառայել ազգին, իսկ ծառայել ազգին նույնն է, թե ծառայություն մատուցել Աստծուն:
Շնորհքը, սերը և խաղաղությունը թող լինեն ձեզ հետ այսօր, վաղը և ընդմիշտ: Թող Աստծո խաղաղությունը բնակվի ձեր սրտերի մեջ: Երջանկություն գտնելու հույսը թող երբեք չդադարի ձեզ ներշնչելուց: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մեջ լսեք Աստծո խոսքը, ձեր հոգու աչքերով նայեք ու կգտնեք, կհանդիպեք Սուրբ Հոգու հետ: Գնացեք Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի և խոնարհությամբ երախտիք մատուցեք և ներքև նայելով վերևը կտեսնեք: Այսպիսի խոնարհումը միայն հարգանքի նշան չէ, այս խոնարհումը վերևում գտնվող Տիրոջ հետ հաղորդակցվելն է Ս. Մեսրոպի անձով:
Սրբությամբ պահեք և հաճախ ընթերցեք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրատարակված այս Նոր Կտակարանները: Խնդրում ենք չմոռանաք Լեռան քարոզի սքանչելի խոսքերը, որ մեջբերեցինք: Երբ այդ պատգամները ոչ միայն իմանաք, այլև դրանք զգաք և դարձնեք ձեր կամքի թելադրանքը, այն ժամանակ լուսավոր կլինի ձեր միջավայրն ու ձեր իսկ կյանքը»:
Հանդիպման վերջում շրջանավարտները լուսանկարվեցին Սրբազան հոր հետ:
Նշենք, որ Բ. Ժամկոչյանի անվան N119 ավագ դպրոցում Տ. Նիկողոս քահանա Հովհաննիսյանն արդեն չորս տարի դասավանդում է Կրոնի պատմություն առարկան:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան