Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնագույն առասպելները ցույց են տալիս, թե ինչպես են մարդիկ այն ժամանակ մտածել». Արմեն Պետրոսյան

Մայիս 24,2014 16:40

Մատենադարանում այսօր մեկնարկեց Համեմատական առասպելաբանության միջազգային ընկերակցության (International Association for Comparative Mythology) հերթական՝ 8-րդ եռօրյա գիտաժողովը, որին մասնակցում են 25 գիտնականներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Դանիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Հունգարիայից և Սերբիայից: Գիտաժողովի կազմակերպիչը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտն է:

«Հին մշակույթը սերտորեն կապված է առասպելաբանության հետ: Վերջինս հնում փոխարինել է և´ կրոնին, և´ գիտությանը, և´ գրականությանն ու արվեստին,- ասում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտ. դոկտոր Արմեն Պետրոսյանը:- Մարդու ողջ հոգևոր աշխարհն արտահայտվել է առասպելաբանությամբ, այդ պատճառով էլ գաղափարախոսությունը, կրոնական պատկերացումներն առասպելաբանական պատկերացումների միջոցով էին ձևավորվում հին ժամանակներում: Այսինքն՝ ուսումնասիրելով հին առասպելները՝ մենք աշխատում ենք տեսնել և հասկանալ, թե ինչպես են մարդիկ հնում մտածել, ինչ պատկերացումներ են ունեցել աշխարհի մասին, ինչ կապեր են եղել ժողովուրդների միջև: Առաջ չէին երևում տարբեր ժողովուրդների առասպելների այնպիսի ընդհանրություններ, որ հնարավոր լիներ համակարգված ուսումնասիրություն անցկացնել, բայց հիմա արդեն մենք կարողանում ենք ուսումնասիրել ոչ միայն հնդեվրոպական, այլև այլ ժողովուրդների առասպելներ և համեմատել դրանք»:

Ա. Պետրոսյանի փոխանցմամբ՝ եռօրյա գիտաժողովի ընթացքում մասնակիցները կխոսեն հնդեվրոպական, հին արևելյան և այլ ժողովուրդների առասպելների ու դրանց ընդհանրությունների մասին:

Ա. Պետրոսյանն ասում է, որ մինչև 20-րդ դարի կեսերը հին մշակույթների համատեքստում հայկական նյութը չի դիտարկվել որպես առանձին նյութ, մինչդեռ այսօր պատկերն այլ է. «Բանն այն է, որ հայկական հին մշակույթը, կրոնն ու առասպելները այնքան ուժեղ են ազդված իրանականից, որ, հատկապես Արևմուտքում, ուսումնասիրվել են միայն իրանական համատեքստում,- ասում է պարոն Պետրոսյանը:- 20-րդ դարի վերջերից արդեն երևացին աշխատանքներ, որտեղ սկսեցին բացահայտվել հայկական առասպելաբանության որոշ ինքնուրույն դրվագներ (ոչ իրանական): Այսպիսով՝ հայկական առասպելաբանությունն առաջին անգամ անցյալ դարավերջից և այս դարի սկզբից է կարծես մտնում համաշխարհային կոնտեքստ՝ որպես հնդեվրոպական ժողովուրդների մի ինքնուրույն ճյուղ: Դա արդեն ինքնին հետաքրքիր է, և ինչ-որ տեղ նաև դրանով է պայմանավորված գիտաժողովի մասնակիցների՝ Հայաստան գալու մեծ ցանկությունը: Հայաստանը լեգենդար երկիր է, իսկ գիտնականների համար՝ առավել ևս: Նրանք կտեսնեն Մասիսը, որի վերաբերյալ բազմաթիվ առասպելներ կան»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031