Այսօր «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել է ներքաղաքական զարգացումների, կառավարության ծրագրերի ու դրանց կատարման հավանականության մասին. «Մարտի են գցված «հարբած փղերը». ողբերգական է, որ պառլամենտում կարող են հարբած մարդիկ լինել՝ չնայած զարմանալու բան չկա. եթե Սերժ Սարգսյանը գնում է Ավշար գյուղ՝ գործարանում խաշ ուտելու նույն այդ մարդու հետ, բնական է, որ տվյալ անձնավորությունը Կառավարություն կարող է հարբած ներկայանալ: Այսօր կարևոր է, որ քաղաքական ուժերը, խոսքը վերաբերում է ընդդիմությանը, կարողանան նորից համախմբվել: Քառյակը վաղուց արդեն քառյակ չպիտի մնա, պետք է ընդլայնվի: Անընդհատ խոսք է գնում համախմբման մասին, բայց «սայլը տեղից չի շարժվում: Պետք է կազմակերպվի մեծ հանրահավաք, հրավիրվեն քաղաքական այն ուժերը, որոնք իրոք կիսում են այդ մոտեցումներն ու արդեն երկար ժամանակ է, ինչ նույն տեսակետն ունեն: Օրակարգ պետք է ձևավորվի, և այն մեկն է. Սերժ Սարգսյանի հրաժարական: Կարևոր է, որ որպես հիմնական բաղադրիչ հանդես գա ժողովուրդը: Մենք տեսնում ենք, որ այս իշխանությունները ոչ մի հարցում չեն կարողանում ապահովել մեր ժողովրդի բարեկեցությունը: Առանց ժողովրդի ընդդիմությունը չի կարող լինել բավարար ուժեղ: Իշխանությունները, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ավելի շատ սարսափում են ժողովրդից»:
Հովիկ Աբրահամյանի «ժառանգությունը» պարոն Հարությունյանը ծանր գնահատեց. «Համոզված եմ, որ շատ կարճ ժամանակահատված հետո Հովիկ Աբրահամյանը փորձելու է գտնել այն գումարները, որոնք ոմանց մեղքով ոչ թե այստեղ են, այլ ուրիշ տեղ: Գալու է մի պահ, երբ ստիպված իշխանությունն ու ընդդիմությունը կհամագործակցեն իրար հետ: Համագործակցությունը պետք է ոչ թե ձևական բնույթ կրի, այլ լինի հանուն ժողովրդի: Ընդդիմությունը տալիս է փաստեր, Հովիկ Աբրահամյանն էլ պարտավոր է գնալ այդ փաստերի ետևից. տարբեր լրատվամիջոցներ ու կազմակերպություններ նշել են՝ որտեղ են այդ գումարները. սկսած «Նաիրիտից», օվշորներից ու Դավիթ Սարգսյանի «քաջագործություններից»: Հովիկ Աբրահամյանը ստիպված կլինի անել այն, ինչ թելադրում է պետության շահը: Իսկ պետության շահը հենց ընդդիմությունն է ներկայացնելու»:
Պարոն Հարությունյանն անդրադարձավ նաև այսօր կայանալիք ՀՀԿ 15-րդ հանրագումարին. «Վերջին բոլշևիկների համագումարը, որ այսօր պիտի կայանա, միգուցե լինի վերջին համագումարը: Երբ ես այստեղից ասացի, որ պետք է Տիգրան Սարգսյանի վզից բռնել ու շպրտել, երկու օր անց Սերժ Սարգսյանը վարչապետին աշխատանքից ազատեց: Հիմա էլ ասում եմ, կրկնում եմ. սա լինելու է վերջին բոլշևիկների վերջին համագումարը»:
Սյունե Սևադա
Կարդացեք նաև
Տրոցկուց մենշևիկ ես, երևում, բայց…Դա բոլշևիկի համագումար չէր, այլ ֆաշիզմի:Գործարանում խաշ ուտող գեղցու, մոշ քաղող երբեմնի քյասիբի, հարստացած անկուշտի, աղիքները ծանրաբեռնող հրեշի:Այ, որ վերջինն է, համաձայն եմ:Գալիս են…Աստվածներն են գալիս:Աստվածային կրակն է գալիս:Ֆալիզմն է անորոշ լալիս…