Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունները Վոլոդյա Ավետիսյանին դիտավորյալ են պահում անազատության մեջ»

Մայիս 24,2014 15:59

«Ստիպված եմ մեկ անգամ էլ հաստատել, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետությունում դատարանները քրեական գործերով, հատկապես՝ կալանքի հետ կապված հարցերով, ընդունակ չեն կայացնելու արդար դատական ակտեր, և փաստը հաստատում են հնչեղություն ստացած գործերը, որոնց թվում է Վոլոդյա Ավետիսյանի գործը»,- այսօր  այս խոսքով սկսեց մամուլի ասուլիսը փաստաբան Արամ Զաքարյանը, որ  եկել էր մանրամասներ ներկայացնելու նախօրեին կայացած՝ Վոլոդյա Ավետիսյանի գործով  դատական նիստի  մասին: Փաստաբանը վրդովված էր. անարդարություն է կատարվում:

Վոլոդյա Ավետիսյանը գտնվում է կալանքի տակ, պարբերաբար պաշտպանական կողմը միջնորդություններ է հարուցում, որպեսզի նրան կալանքից ազատ արձակեն: Դատարանները շարունակաբար այս միջնորդությունները մերժում են՝ բերելով այն պատճառաբանությունը, որ ազատության մեջ մնալու դեպքում Վոլոդյա Ավետիսյանը կարող է խոչընդոտել  գործի քննությանը՝ վկաների վրա անօրինական  ազդեցություն գործադրելու եղանակով. «Դատական  նիստի ընթացքում ես նորից միջնորդություն հարուցեցի  պաշտպանյալիս՝  ազատ արձակելու վերաբերյալ: Միջնորդության հիմքում դրեցի այն հանգամանքը, որ բոլոր  վկաները հարցաքննվել են դատարանում, չներկայացած անձանց ցուցմունքները հրապարակվել են, այսինքն՝  անգամ տեսականորեն վկաների  վրա ազդելու անհրաժեշտությունը վերացած է, հետևաբար  դատարանը պարտավոր է այս պայմաններում Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակել: Մեր դատարանն իրեն պահեց այնպես, ինչպես կպահի իրեն արդարադատություն  իրականացնելու անընդունակ դատարանը. մերժեց Վոլոդյա Ավետիսյանին կալանքից ազատ արձակելը՝ պատճառաբանելով, որ  այս պահին ազատության մեջ գտնվելու դեպքում  Վոլոդյա Ավետիսյանը  կարող է խուսափել  քննությունից: Ո՛չ մի ուրիշ փաստ, ո՛չ մի պատճառաբանություն ու հիմնավորում դատարանը չի նշել: Ակնհայտ է, որ այսպիսի  անհիմն փաստեր բերելը  հերթական  վկայակոչումն է  դատավորի՝ ուղղակիորեն շահագրգռվածության մասին. նա ոչ մի ձև չի ցանկանում Վոլոդյա Ավետիսյանին  բաց թողնել: Այս խայտառակ որոշումը կայացնելուց հետո դատավորը ցանկանում էր շարունակել նիստը՝ առանց  որոշման  օրինակներ տրամադրելու  պաշտպանական կողմին: Անհրաժեշտություն առաջացավ դատավորին բացարկ հայտարարել: Ես խնդրեցի դատավորին ժամանակ տրամադրել ինձ, բայց մերժվեցի: Ըստ դատավորի, նիստը պետք է շարունակվեր, իսկ  պաշտպանը մյուս նիստին հայտներ բացարկը: Տեսնելով, որ այլ ելք չկա, ստիպված եղա հերթական անգամ դատարանի դահլիճը լքել»:

Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի խմբի  համակարգող  Գագիկ Սարուխանյանն  ավելացրեց. «Իշխանությունները դիտավորյալ Վոլոդյա Ավետիսյանին պահում են անազատության մեջ: Սա վերից վար շինծու գործ  է, և այն արդեն դառնում է իրավական տեռոր: Մարդուն իր գաղափարախոսության ու գործունեության համար պատժում են: Պատժում են ոչ միայն իրավական մակարդակով, այլ  նաև ՝ հոգեբանական: Վոլոդյայի հիվանդ երեխային տարել են բանակ: Տղայի առողջական վիճակն ավելի է սրվել, սրտի հետ կապված խնդիրներն ավելի ակնհայտ են դարձել: Նա հիմա հոսպիտալում է:  Դատավարությունից հետո մենք տղաներով փակեցինք ճանապարհը, որպեսզի թույլ չտանք Վոլոդյային տանող մեքենան դուրս գա տարածքից: Սա ակցիայի բնույթ էր կրում: Մենք ցանկացանք հիշեցնել  ռեժիմի, իշխանության ներկայացուցիչներին, որ  մենք ենք երկրի տերը. մի՛ հասցրեք մեզ անելու այն, ինչ մենք չենք ուզում անել: Վերադարձեք իրավական դաշտ»:

Երկուշաբթի կայանալիք հաջորդ նիստի ժամանակ պարոն  Զաքարյանը պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել դատավորին. «Չեմ ակնկալում, որ այս անգամ դատավորը արդար որոշում կկայացնի: Ես զուգահեռ  դիմել եմ նաև Արդարադատության խորհուրդ, որպեսզի տվյալ դատավորին պատասխանատվության ենթարկեն և  լիազորությունները դադարեցվեն»:

Սյունե Սևադա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031