Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհալիների «Իզաբել» կենտրոնի ընտրած հիմքը ժայռ է». քահանա

Մայիս 24,2014 15:42

Շնորհալիների «Իզաբել» կենտրոնն արդեն 20 տարեկան է:
Այդ առթիվ հունիսի 4-ին Կամերային երաժշտության տանը տոնական համերգ կլինի, որը, կենտրոնի հիմնադիր տնօրեն Մարիետա Ավագյանի բնորոշմամբ, տեսակով փոքր-ինչ անսովոր կլինի՝ տարբերվելով իրենց նախորդ համերգներից:

Տիկին Ավագյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց երկու տասնամյակի ընթացքում շնորհալիների «Իզաբել» կենտրոնի կատարած աշխատանքները և իրենց ամենամեծ ձեռքբերումը համարեց հանրապետական տասը մրցույթ-փառատոնները, որոնց մասնակցել են 7000-ից ավելի շնորհալիներ, դափնեկիր են դարձել մոտ 200-ը. «Նրանցից շատ-շատերը հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում,- հավելեց Մ. Ավագյանը,- և մենք շատ ուրախ ու հպարտ ենք, որ այն տաղանդավոր արվեստագետները, որոնք այսօր հայտնի են, իրենց առաջին քայլերն արել են «Իզաբել» կենտրոնում և երբեք դա չեն ուրանում:

Մեր առաջին սաներից են եղել թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ջութակահար Մարտին Յավրյանը, դաշնակահարներ Արուս Աճեմյանը, Լիլիթ Գրիգորյանը, երգիչներ Մարատ Հայրապետյանը, Գուրգեն Դաբաղյանը, երգչուհի Կատարինե Հովհաննիսյանը և էլի շատ ուրիշներ»:

Կենտրոնը, որը, ինչպես նշեց Մ. Ավագյանը, նպատակ ունի հայտնաբերելու 10-20 տարեկան շնորհալիներին և նրանց ներկայացնելու թե´ հայ, թե´ արտասահմանյան հանրությանը, փառատոն-մրցույթներից բացի, կազմակերպել է նաև տոնական և բարեգործական մոտ 250 համերգ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում. «Մեր մյուս ձեռքբերումը մեր արտասահմանյան հյուրախաղերն են, միջազգային տարբեր մրցույթների մասնակցությունն ու բարձր պարգևներով Հայաստան վերադառնալը, բարեգործական համերգները զորամասերում, մանկատներում, զոհված ազատամարտիկների ընտանիքներին մեր հասույթից բաժին հանելը և այլն»,- ասաց «Իզաբել» կենտրոնի տնօրենը:

Նա նաև նշեց, որ ցանկանում են միջազգային մրցույթ-փառատոն կազմակերպել, և այդ ուղղությամբ որոշակի քայլեր արդեն ձեռնարկվել են: Նրա խոսքով՝ այս մրցույթ-փառատոնը եղածներից կտարբերվի իր բազմաժանրությամբ՝ երգ, պար, ասմունք, երաժշտական գործիքներ, նկարչություն:

Հավելենք, որ կենտրոնը 10 տարուց ավելի է, ինչ համագործակցում է Արարատյան հայրապետական թեմի հետ. «Մենք ոչ միայն Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն ունենք, այլև միասին համերգներ և ուխտագնացություններ ենք կազմակերպում»,- ասում է Մ. Ավագյանը:

«Այն հիմքը, որ շնորհալիների «Իզաբել» կենտրոնն ընտրել է իր համար, ժայռ է, այսինքն՝ եկեղեցի է, որը Քրիստոսի տունն է, և Քրիստոս ասաց՝ երանի նրան, ով իր տունը կկառուցի հենց ժայռի վրա: Մենք հույս ունենք, որ մեր ազգի սրտից շնորհալիները չեն պակասի»,- ասաց Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Շահե քահանա Հայրապետյանը:

Օպերային մեներգչուհի Լիլիթ Գրիգորյանն էլ իր հերթին նկատեց, որ նոր սերնդի մեջ շնորհալի երեխաները շատ են, միայն թե կցանկանար, որ նրանք նաև հոգևոր երաժշտությամբ հետաքրքրվեին. «Երգ-երաժշտության ուսուցիչներն այսօր չեն անդրադառնում հոգևոր երաժշտությանը՝ պատճառաբանելով վերջինիս բարդությունը, բայց երեխաների մեջ ի սկզբանե կա այդ երաժշտության ընկալումը և նրանց համար առանձնապես դժվար չի լինի այն յուրացնելը»,- համոզված է մեներգչուհին:

Տեր Շահե քահանան էլ գտնում է, որ այստեղ մեկնաբանության խնդիր կա. «Հայ հոգևոր երաժշտությունը, չգիտես ինչու, շատ տխուր են ներկայացնում, մինչդեռ, բոլորովին հակառակն է. չէ՞ որ մենք այդ երգերով փառաբանում ենք Աստծուն»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031