Մեղրու տարածաշրջանի Տաշտուն գյուղի հիմնական դպրոցն այս տարի ընդամենը մեկ աշակերտ ավարտեց: Տաշտունի մոտակա բնակավայրերում ավագ դպրոց չկա, գյուղի դպրոցն ավարտելուց հետո աշակերտներն ուսումը շարունակում են հարեւան Լիճք գյուղի միջնակարգ դպրոցում կամ էլ տեղափոխվում եմ Մեղրի ու Ագարակ եւ մնացյալ տարիները սովորում այդ քաղաքների միջնակարգ դպրոցներում: Տաշտունի դպրոցում վերջին զանգը, ըստ կրթօջախի տնօրեն Ոսկեհատ Գեւորգյանի, սովորաբար սիմվոլիկ բնույթ է կրում. փոքրիկ միջոցառում են կազմակերպում, աշակերտների ծնողներին հրավիրում եւ 9-րդ դասարանն ավարտած աշակերտների համար օրն առանձնահատուկ դարձնում: «Այս տարի, ցավոք սրտի, դպրոցն ավարտեց 1 աշակերտ, 1 աշակերտ էլ նախորդ տարի էր ավարտել: Երեխաների թիվը տարեցտարի նվազում է: Դա հիմնականում պայմանավորված է բնակիչների արտահոսքով, աշխատանք չկա, մարդիկ ընտանիքներով տեղափոխվում են Քաջարան ու Ագարակ քաղաքներ եւ կոմբինատներում աշխատանքի անցնում», – նշեց Տաշտունի հիմնական դպրոցի տնօրեն Ոսկեհատ Գեւորգյանը:
Երեք տարի առաջ դպրոցը 8 աշակերտ ուներ, իսկ այս տարի` ընդամենը 3, որից մեկն արդեն ավարտեց: Տնօրենը հույս ունի, որ աշակերտների թիվը կավելանա եւ այս տարի էլ առաջին դասարան հաճախողներ կլինեն, հակառակ դեպքում` դպրոցին տխուր ճակատագիր է սպասում:
«1995թ.-ին 42 աշակերտ ենք ունեցել, իսկ այս պահին արդեն 2 աշակերտ ունենք: Բայց քչով էլ մեր որակը չի զիջում: Մենք սպասում ենք, որ այս տարի աշակերտների թիվը կավելանա 5-ով, այլապես, մենք գիտակցում ենք, որ այսպես ապագա չունենք: Հանքավայրի շահագործումը գյուղի կյանքը մի քիչ կերկարացնի, մենք այդ հույսն ունենք: Շատ բողոքեցին, որ էդ հանքավայրը պետք չի, մենք էլ գտնում ենք, որ դա գյուղի կյանքը երկարացնելու գուցե մի ձեւ էր: Մարդիկ պատրաստ են հետ վերադառնալ գյուղ, եթե մշտական աշխատանք ունենան», -ասաց զրուցակիցս եւ հավելեց, որ գյուղում արդեն բնակիչների թվի ավելացում է նկատվում ու նախնական տվյալներով` սեպտեմբերից առաջին դասարան հաճախող աշակերտներ կլինեն:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ