Ֆաշիզմի ո՞ր տարրերն են առկա ժամանակակից Հայաստանում
Ամերիկացի քաղաքագետ Լոուրենս Բրիթը առանձնացնում է ֆաշիզմի 14 հատկանիշներ. 1. հայրենասիրության անզուսպ քարոզ, 2. արհամարհական վերաբերմունք մարդու իրավունքների նկատմամբ, 3. համախմբում հայտարարագրված ընդհանուր թշնամիների հանդեպ, 4. ռազմական ծախսերի գերակայություն, 5. սեռական խտրականության բորբոքում, 6. մամուլի նկատմամբ վերահսկողություն, 7. պետական անվտանգության վրա մտասեւեռում, 8. կրոնի եւ պետության սերտաճում, 9. օլիգարխիայի պետական պաշտպանություն, 10. աշխատավորների միությունների ճնշում, 11. արհամարհանք գիտության եւ արվեստի հանդեպ, 12. հանցագործությունների համար հետապնդելու մոլեգին հակում, 13. ամենակուլ հովանավորչություն եւ կոռուպցիա, 14. կանխավ կեղծված ընտրություններ:
Հիմա սոցիալական ցանցերում այդ բնորոշումները շատ են կրկնվում, եւ, իհարկե, ակնարկներն ուղղվում են հիմնականում Ռուսաստանի դեմ: Չնայած պարզ է, որ թվարկած հատկանիշները այս կամ այն չափով բնորոշ են բոլոր երկրներին, այդ թվում` Միացյալ Նահանգներին: Հայաստանն էլ այդ առումով բացառություն չէ: Դժվար չէ նկատել, որ 9-րդ, 13-րդ եւ 14-րդ կետերն ամբողջությամբ համապատասխանում են մեր իրավիճակին: Մնացած կետերը Հայաստանի դեպքում ճիշտ են մասամբ կամ ընդհանրապես ակտուալ չեն, որովհետեւ «պետական մակարդակով» այդպիսի քաղաքականություն չի վարվում:
Բայց հասարակական դիսկուրսում այս բոլոր վտանգավոր կետերը կան, եւ դրանք վերջին մեկ տարում ինտենսիվորեն սրսկվում են հայաստանցիների գիտակցության մեջ, ենթադրում եմ՝ ոչ առանց Կրեմլի քարոզչության ազդեցության: Այն պահից, երբ Ռուսաստանը որոշեց, որ Եվրամիությունը իր թշնամին է, որը «Արեւելյան գործընկերության» միջոցով ցանկանում է «իր ձեռքից փախցնել» նախկին խորհրդային հանրապետությունները, Ռուսաստանը չափազանց մեծ քարոզչական ակտիվություն է ծավալել թե այդ հանրապետություններում եւ թե ամբողջ աշխարհում:
Հայաստանցիներն առանց այդ էլ առաջնահերթություն չէին համարում, օրինակ, «մարդու իրավունքներ» չափից դուրս վերացական հասկացությունը՝ «ինձ մի լավ գործ տվեք, որ ես լավ փող առնեմ՝ ի՞նչ մարդու իրավունքներ»: Բայց հիմա, վերոհիշյալ քարոզչության պատճառով, «մարդու իրավունքները» ներկայացվում են հիմնականում որպես միասեռականների պաշտպանություն: Կամ վերցնենք՝ թշնամու փնտրտուքը եւ նրա նկատմամբ հոխորտանքների շուրջ համախմբումը: Ավանդական թշնամին, պարզ է, թուրքն է, բայց հիմա աշխուժացել են այն «գիտունիկները», որոնք համոզում են, որ Հայոց ցեղասպանությունը կազմակերպել է ոչ թե երիտթուրքերի կառավարությունը, այլ հրեաները, սիոնիստները, մասոնները եւ եվրոպացիները: Ըստ որում, այդ մարդիկ այնքան «գիտունիկ» են, որ կարծում են, թե այդ բոլոր 4 «կատեգորիաները» գրեթե նույն բանն են:
Դե, սեռական խտրականության մասին խոսք չկա: Ռուսաստանի պաշտոնական քարոզչությունը մեր համաքաղաքացիներից շատերի գլուխը մտցրել է, որ Եվրոպայում ապրում են բացառապես միասեռական ընտանիքներ ու եվրոպական երկրների խորհրդարաններում բացառապես տրանսվեստիտներ են նստած: Ամենացավալին այն է, որ հակառակ կողմը՝ սակավաթիվ եվրոպամետ հասարակական գործիչներն ու կազմակերպությունները, նույնպես ընկնում է ծայրահեղությունների մեջ ու ցանկացած ջերմ խոսք Ռուսաստանի մասին կամ ցանկացած բացասական խոսք տրանսվեստիտների հասցեին մեկնաբանում որպես «Կրեմլի գործակալների դավեր»: Զարմանալիորեն եվրոպամետները նույնքան դոգմատիկ են մտածում, որքան «կիսելյովականության» զոհերը:
Կարդացեք նաև
Եվ որպես ամփոփում մեջբերեմ մի պարբերություն Անդրեյ Սախարովի հոդվածից, որը կոչվում է «Մտորումներ խաղաղության, առաջընթացի եւ մտավոր ազատության մասին» (1968)՝ անունն արդեն հուշում է վերջին բաղադրիչի կարեւորությունը. «Մարդկային հասարակությունը պետք է ունենա մտավոր ազատություն` տեղեկատվություն ստանալու եւ տարածելու ազատություն, անաչառ եւ անվախ քննարկման ազատություն, ազատություն հեղինակության եւ նախապաշարումների ճնշումից. այդ եռակի ազատությունը միակ երաշխիքն է ժողովրդին զանգվածային առասպելներով վարակելուց` առասպելներ, որոնք նենգ եւ երեսպաշտ դեմագոգների ձեռքում դառնում են արյունոտ բռնապետություն»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ