Լրահոս
Օրվա լրահոսը

«Հումանիտար թևի ուսանողական կառույցներն առավել ակտիվ են». ԵՊՀ պրոռեկտոր

Մայիս 24,2014 10:43

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ) նախագահ Միքայել Մալխասյանը, մայիսի 23-ին գումարված ՈւԳԸ ընդլայնված նիստի շրջանակներում ամփոփելով ՈւԳԸ կիսամյակային աշխատանքը, արձանագրեց, որ կիսամյակի ընթացքում կազմակերպվել է 8 գիտաժողով, 11 բաց դաս, 3 օլիմպիադա, 15 բանավեճ, գիտաճանաչողական 21 էքսկուրսիա, 110 սեմինար, 26 ֆիլմի դիտում, 10-ից ավելի գիտական աշխատանքների (հիմնականում հոդվածներ) տպագրում ՈւԳԸ ժողովածուներից դուրս ՈւԳԸ անդամների կողմից և այլն:

ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, որն անձամբ է համակարգում ՈւԳԸ աշխատանքները, Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում առավել նկատելի է հումանիտար թևի ուսանողական կառույցների ակտիվությունը. «Թեև բնագիտական թևը նույնպես ակտիվ է, բայց վերջին շրջանում հումանիտարն առանձնանում է այդ առումով: Ժամանակին, երբ ես էի ՈւԳԸ նախագահը (1998-99 թթ.), ավելի հավասարակշռված ակտիվություն էր նկատվում: Հիմա նրանք մի փոքր ավելի ակտիվ են, և մենք ջանքեր ենք գործադրում՝ բնագիտական կրթությունը զարգացնելու, այդ ոլորտում ուսանողների գիտական աշխատանքները խրախուսելու համար»,- վստահեցրեց պրոռեկտորը:

Նրան գոհացնում են համալսարանի ուսանողական կառույցների կատարած աշխատանքները. «Աշխատանքային այն ծավալը, որ նրանք իրականացրել են վերջին չորս տարիների ընթացքում, անգնահատելի է՝ հատորներով գիտական հոդվածներ, տասնյակ միջբուհական գիտաժողովներ, կոնֆերանսներ, միայն համալսարանի հիմնադրման 95-ամյակին նվիրված գիտաժողովին 400 զեկուցում է ներկայացվել»,- ասաց մեր զրուցակիցը:

Եթե համեմատելու լինենք ներկայիս ՈւԳԸ գործունեությունը 90-ականների վերջի ՈւԳԸ գործունեության հետ, երբ այդ կառույցի նախագահը պարոն Մարկոսյանն է եղել, ապա վերջինս հսկայական տարբերություններ է տեսնում բազմաթիվ առումներով. «Այսօր մեր ուսանողական կառույցները, իսկապես, շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան մեր ժամանակ էր, և, բնականաբար, միջոցառումների քանակն անհամեմատ ավելի շատ է, իսկ որակն՝ ավելի բարձր»:

Այդ քանակն ու որակն ապահովող գործոնները, ըստ Ռ. Մարկոսյանի, առաջին հերթին կազմակերպչական կարողություններն են, տեխնիկական հագեցածությունը, ֆինանսական հնարավորությունները, ինչպես նաև ռեկտորատի «բացությունը».

«Այսօր նրանք համալսարանի բյուջեում առանձին տող ունեն՝ միջոցառումների համար նախատեսված, և, մեծ հաշվով, իրենք են տնօրինում իրենց միջոցները: Համալսարանի խորհուրդը նրանց գումար է հատկացնում, և նրանք ազատ են որոշելու, թե այդ միջոցներն ինչպես տնօրինեն: Դա էլ է շատ կարևոր, որովհետև տնօրինելու իրավունքն ու պատասխանատվությունը նույնպես նրանց որոշակի հմտություններ են տալիս՝ ֆինանսական պլանավորումներ են անում, առաջնահերթություններն են որոշում և այլն: Մի բան, որ այն ժամանակ չկար»,- ընդգծեց Ռ. Մարկոսյանը և հավելեց, որ ներկայիս ՈւԳԸ-ի համար ինչ-որ տեղ հաջողություն կարելի է համարել և այն, որ նրանց աշխատանքները համակարգողը, այսինքն՝ ինքը, ժամանակին նույն կառույցից է եղել, արել է նույն աշխատանքները և կարևորելով դրանք՝ այսօր պատրաստ է նրանց օգնելու. «Ես փորձում եմ լինել նրանց և´ խորհրդատուն, և´ աջակիցը, և´ նրանցից պահանջողը, թեև շատ հաճախ դժվար է համատեղել այդ երեքը մեկ պաշտոնում և, առավել ևս, մեկ մարդու մեջ»,- ասաց մեր զրուցակիցը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031