Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բարդույթավորված ընկալումներն արգելակում են ընդդիմությանը. «Հայոց աշխարհ»

Մայիս 24,2014 10:14

Ավարտվող շաբաթվա ներքաղաքական հիմնական իրադարձությունն ու քննարկվող թեման կառավարության ծրագրի քննարկումն էր խորհրդարանում՝ կից անցուդարձով հանդերձ:

Ու չնայած կասկածից վեր էր, որ կառավարության ծրագիրը Ազգային ժողովում կընդունվի, հաշվի առնելով ձայների հարաբերակցությունը, աղոտ ակնկալիք կար, որ բուն քննարկման ժամանակ թեժ բանավեճ կծավալվի կամ քիչ թե շատ գործնական դիտողություններ կլինեն: Ամեն ինչ հարաբերական է, իհարկե, բայց մեր տպավորությամբ այդ ակնկալիքները չարդարացան: Կամ այնքան էլ չարդարացան:

Թեպետ, մյուս կողմից, հետաքրքիր էր հետեւել ընդդիմադիր կամ ինչպես իրենք են սիրում ասել՝ ոչ իշխանական ուժերի պահվածքին, առանձին գործիչների դրսեւորումներին: Եվ ահա, նրանց ելույթներին ու հարցերին, դիտարկումներին հետեւելուն զուգահեռ, ավելի ու ավելի էր ընդգծվում այն տպավորությունը, որ հայրենի ընդդիմադիրները մի տեսակ կարծես բարդույթավորված են: Ու այդ «մի տեսակ» բարդույթավորվածությունը երբեմն կաշկանդում կամ «սրբագրում» էր նրանց ելույթները, գնահատականները:

Ընդ որում՝ դա «կրկնակի հատակով» ճամպրուկի էր նմանվում: Մի կողմից՝ քառյակի ուժերն ու այդ ուժերի ներկայացուցիչները կառավարության ծրագրի խորապատկերում որպես թունդ ու ծայրահեղորեն անհաշտ դրսեւորվելու եւ ինքնադրսեւորվելու խնդիր ունեին, մյուս կողմից էլ ակնհայտ էր նոր վարչապետին, անգամ կառավարությանն ընդհանուր վերցրած «խնայելու», ընդհանրական բնորոշումներով անդրադառնալու մղումը:

Արդյունքում երկիմաստ պատկեր էր ուրվագծվում, քանզի իշխանության հասցեին ընդհանուր առմամբ տրվում էին սուր գնահատականներ, սակայն կոնկրետությունը կաղում էր, իսկ կառավարությանն ու վարչապետին հասնելիս՝ գրեթե մարում:
Փոխարենը, ոչ իշխանականները կարծես մրցակցում էին արդեն պաշտոնից հեռացած Տիգրան Սարգսյանին անդրադառնալու հարցում: Կարելի էր անգամ կարծել, թե իրենց նախաձեռնած, բայց այդպես էլ չիրականացած «կառավարությանն անվստահություն հայտնելու» նախաձեռնության օրակարգն էին «մաշեցնում»: Այսինքն՝ դա մի տեսակ հետճաշյա մանանեխի էֆեկտ էր տալիս: Դա շատերը նկատեցին:

Միակը թերեւս Նիկոլ Փաշինյանն էր, որ իր հուզական ելույթում ոչ միայն կտրուկ գնահատականներով անդրադարձավ կառավարության անդամներին կամ նրանց հայտարարագրած ունեցվածքին, այլեւ ընդդիմադիր գործընկերների այդ կեցվածքին:

Է՛լ ավելի ուշագրավ էր, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ինքն ու նախկին ԱԳ նախարար Ալիկ Արզումանյանը «ձեռնպահ» են քվեարկելու կառավարության ծրագրին: Ի վերջո, սա, կարծում ենք, շատ ավելի ազնիվ ու քաղաքական պահվածք է, քան ոչ իշխանականների դրսեւորածը, երբ երկու-երեք օր, իբր թե, ելույթներով ու հարցերով իրար հերթ չտվեցին, ապա քվեարկությանը չմասնակցեցին, ինչը նույնպես խոսակցության տեղիք է տալիս:
Մյուս կողմից՝ իսկապես հետաքրքիր է, որ կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ելույթ ու դիրքորոշում արտահայտած, հարցերի երկար շարքով հանդես եկած ոչ իշխանական ուժերը խուսափեցին իրենց դիրքորոշումը նաեւ քվեարկությամբ արտահայտելուց: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ:

Երեկ, օրինակ, ԲՀԿ ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը յուրօրինակ մեկնաբանություն արեց. «Ճիշտ է, մենք չմասնակցեցինք ծրագրի քվեարկությանը, բայց դա քաղաքական բոյկոտ չէր: Մենք չենք խանգարի այն միջոցառումներին, որոնք միտված են արտագաղթի տեմպերի նվազեցմանը, ժողովրդի բարեկեցությանը եւ խնդիրների լուծմանը, բայց ժամանակը ցույց կտա զարգացումները»:

Չէ, վերջերս հայրենի գործիչներն սկսել են ինչ-որ անհասկանալի հայերենով արտահայտվել: Ի դեպ, ոչ միայն ոչ իշխանականները, այլեւ իշխանականները: Նախ՝ շատ հետաքրքիր է, թե ԲՀԿ խմբակցության անդամների քվեարկությունն այդ ինչպե՞ս ու ինչո՞վ էր խանգարելու կառավարությանն ու նրա ծրագրին:

Երեւի պարոն Մելքումյանն ուզեցել է ասել, թե իրենք դեմ չեն արտահայտվի նշված կետերին: Լավ, այդ դեպքում ինչո՞ւ օրինակ չվերցնել նույն փորձառու Բագրատյանից ու Արզումանյանից եւ, ասենք, «ձեռնպահ» չքվեարկել, այսինքն՝ «կողմ չենք ներկայացված ծրագրին, բայց դեմ էլ չենք, որոշ կետեր անգամ ընդունելի են…, կսպասենք, կտեսնենք»:

Քվեարկությանը չմասնակցելն անհասկանալի է նաեւ այն ուժերի պարագայում, որ դեմ էին արտահայտվում ներկայացված ծրագրին: Այսինքն, ի՞նչ, երկու-երեք օր ծանրութեթեւ արեցին ու գնացին տո՞ւն: Չքվեարկելը ամեն դեպքում արձանագրվելու է որպես չքվեարկել: Եվ վաղը, մյուս օրը, օրինակ, չեն կարող լիարժեք ասել՝ այ, մենք դեմ արտահայտվեցինք, որովհետեւ այսպես ու այնպես: Կներեք, դուք ընդամենը չեք քվեարկել: Անգամ՝ «ձեռնպահ»:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031