Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվրոպայի առեւանգումը

Մայիս 24,2014 14:58

Ինչպես հայտնի է, եղել է այսպես. երբ Ամպրոպային Զեւսը տեսավ ու սիրահարվեց փյունիկյան թագավորի Եվրոպա անունով աղջկան, ով իր մեջ, իր կերպարում Արեւելքի հմայքն ու քնքշությունն էր ամփոփում, ցուլի, ոսկեգեղմ ցուլի կերպարանք առավ եւ առեւանգեց Եվրոպային՝ գայթակղելով իր փայլփլուն նրբագեղությամբ:

Անցավ Զեւսը, ափսո՜ս, անցան նաեւ հին աստվածների ժամանակները, բայց մի ամբողջ մայրցամաք կոչվեց գեղեցկուհու անունով:

Հետո ի՞նչ եղավ, եղավ այն, որ Արեւելքի հմայքը գողացվեց, եւ Եվրոպան դարձավ բարեկրթության կենտրոն…

Բայց Եվրոպան հիշում էր իր հմայքի նախասկիզբը՝ արիական ժողովուրդների հայրենիքը՝ առեղծվածային Արեւելքը:

Դիոնիսոսը, Ալեքսանդր Մեծը, հետո Նապոլեոնը արյան հիշողությամբ վերադառնում էին այստեղ, ուր Եվրոպան է ծնվել:

Իսկ հետո՝ ավելի ուշ, Արեւելքի հզոր տիրակալները, հին ավանդությանը հետեւելով, եկան Եվրոպան փրկելու առեւանգողներից. նախ՝ Հուն-Նու ցեղերի առաջնորդ հզոր Աթիլլան, նույն ինքը՝ Իթիլը, որը այժմյան Վոլգա գետի անունն էր: Հետո արդեն Չինգիզ խանի մեծ երազանքը կատարող մոնղոլ Բաթուն:

Սակայն եղավ մի տարաշխարհիկ բան. Տրիեստ քաղաքի դիմաց կանգնած Բաթու հզոր զորավարը, Կղետիանոս կայսեր կիսավեր առանձնատանը գիշերելուց հետո,- մի կայսր, ով սեփական իշխանությունից հրաժարվել էր եւ կաղամբ էր աճեցնում,- որոշեց ետ վերադառնալ:

Մինչեւ հիմա էլ ոչ ոք չգիտի, թե Բաթուն ինչու արեց դա, երբ եվրոպական երկրները բարոյապես պարտվել էին եւ պատրաստ էին ընդունելու մոնղոլական զորավարին՝ ճանապարհ տալով մինչեւ Վերջին ծովը:

Բայց մոնղոլ Բաթուն չգնաց՝ թերեւս համարելով, որ ինքը հմայիչ Եվրոպային ոչ միայն տեսել է, այլեւ տիրացել է արդեն:

Անցավ նաեւ մոնղոլ Բաթուն՝ ահեղ զորավարը, չավարտելով իր Չինգիզ խան պապի վերջին ցանկությունը:

Ամեն ինչ անցնում է, բայց ամեն ինչ չէ, որ մոռացվում է: Եվ եկավ ժամանակ, երբ երեք հսկայական մայրցամաք կանգնեցին իրար դեմ, քանզի Եվրոպան ու Ասիան չգիտեին, որ կա նաեւ Ամերիկա, իսկ չորրորդ մայրցամաք Աֆրիկան վաղուց արդեն նվաճված էր:
Տարիներն անցնում էին, եւ Եվրոպայի հմայքը շարունակում էր գերել անեվրոպա ժողովուրդներին: Եվ Եվրոպայի գայթակղությունն այնքան զորեղ էր, որ ստեղծվեց եվրոպական արժեք հասկացությունը. խոսքի ազատություն, խղճի ազատություն, մարդու իրավունք, կնոջ ու տղամարդու հավասարություն, ազգերի ինքնորոշման իրավունք եւ այլ իրական ու խաբուսիկ իրավունքներ: Եվ այդ բոլորը հրաշալի էին եւ են:

Արժեքներն՝ արժեք, բայց մի զարմանալի բան. Դանիել Դեֆոյի հերոս եվրոպացի Ռոբինզոնը, միայնակ հայտնվելով մարդակերների երկրում, իրեն նեղություն չտվեց սովորելու նրանց լեզուն, այլ բարբարոս Ուրբաթին իր լեզուն սովորեցրեց: Այնինչ, կարծես թե, պետք է լիներ հակառակը՝ թեկուզ իր կյանքի փրկության համար:
Բրա՛վո, Ռոբինզոն:

Այսօր էլ քո գործը շարունակում ես, եւ քո այդ հմայիչ Եվրոպան մեզ թելադրում է իր լեզուն՝ իր հռչակած արժեքներով, իրավունքներով ու ազատություններով:
Իսկ մենք՝ ձեռքներս ճակատներիս, հիացած սպասում ենք, թե ուրիշ ինչ եք ասելու, որ մենք անենք՝ մոռանալով մեր իսկ սեփական արժեքները, որոնք շատ ավելի հին են, քան Եվրոպայի առեւանգումն էր:

Եվ մտքներովս անգամ չի անցնում, որ մենք հազարամյակներով փորձված մեր արժեքները ներարկենք Եվրոպային, որպեսզի եվրոպական արժեքները չարժեզրկվեն: Եվ չլինի այնպես, որ Բրյուսելի քաղաքապետը քաղաքի գլխավոր հրապարակում զգուշանա Նոր տարվա տոնածառ տեղադրել, որ չվիրավորի իսլամ դավանող իր բնակիչներին:
Անշուշտ, բոլոր կրոնները հարգելի են, եւ հարգելի են դրանք դավանողները, բայց տեղի է ունենում զարմանալի բան. այն, ինչը որ չկարողացավ մինչեւ վերջ անել մոնղոլ Բաթուն, Եվրոպան ինքն է անում՝ առեւանգելով ինքն իրեն ներսից, հռչակած սեփական օրենքներին գերեվար:

Եվ հիմա ես՝ եվրոպական արժեքների կամավոր որդեգիրս, մտածում եմ՝ խե՜ղճ Եվրոպա, ինչը որ չկարողացան անել քեզ հետ ասպատակողները, ինքդ ես անում քո ներսում, եւ սկսում եմ կասկածել՝ արդյոք քո ստեղծածը արժե՞ք է, թե՞ քո տեսակի արժեզրկում:
Գուցե այլեւս տեղին չէ եվրոպական արժեք հասկացությունը, այլ պարզապես կարելի է ասել՝ եվրոպական տեսակետ, որովհետեւ ամեն ազգ իր արժեքներն ունի, եւ այդ արժեքները պետք է հարգել՝ չթելադրելով քո տեսակետը մյուսներին, քանզի դրանով արժեզրկում ես նրանց արժեքները:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    եվրոպական արժեքների կամավոր որդեգիրս ես հա????????????????? Սուտ է…. Նման մարդը Լիսկային չի պաշտպանի…ՄԻ բան, որ դու արել ես Տեր-Գուլանյան…………..

  2. Ասա է,ասա է,…մեռանք ասելով էս հայաստանյան եւրոպամետ,սեփականը ուրացողներին,մանավանդ,իրենց ակտիվիստ հռչակողներին…Ասա էէէէէէէէէէէէէէէէ

  3. Եվա says:

    Մարդուն քննադատելու փոխարեն գրվածքի բուն էությունն է պետք հասկանալ: Կարծում եմ, մտածող մարդուն դա է հարիր, ոչ թե բամբասելը…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031