Խորիմաստ լռություն` ամիսներ առաջ մտահոգ գործիչների շարքերում
Հայաստանը մայիսի 29-ին կարող է միանալ Բելառուսին, Ղազախստանին եւ Ռուսաստանին՝ ստորագրելով Եվրասիական տնտեսական տարածքի ձեւավորման փաստաթուղթը: Սակայն վերջերս սկսել են համառ տեղեկություններ շրջանառվել այն մասին, թե Հայաստանի անդամակցության գործընթացը ձգձգվում է ՄՄ-ում Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված անհամաձայնության պատճառով, Հայաստանը չի կարողանա միանալ ռուսական ինտեգրացիոն պրոյեկտներին, եւ որ ԼՂ-ի ու ՀՀ-ի միջեւ մաքսային անցակետ է տեղակայվելու:
Ռուսական շրջանակներից այս թեմաների քննարկումը, կարծես, բավական հետեւողական է սկսվել իրականացվել, ինչը, թերեւս, վկայում է այն մասին, որ Հայաստանին` ՄՄ-ի անդամակցության ճանապարհին բարդություններ են սպասվում, եւ Մոսկվան ամենեւին էլ մտադիր չէ արհամարհել Բաքվի շահերը ԼՂ-ի հարցում:
Պետդումայի նախկին պատգամավոր, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ Սերգեյ Մարկովը 1in.am-ին տված հարցազրույցում ուշագրավ կարծիք է հայտնել այս առիթով. «ՌԴ-ն այսօր չի կարող Հայաստանին միացնել Մաքսային միությանը ԼՂ-ի հետ միասին, որովհետեւ ՌԴ-ն նախատեսում է ՄՄ-ի կազմում ընդգրկել Ադրբեջանին եւս: Իսկ ՀՀ անդամակցությունը ՄՄ-ին ԼՂ-ի հետ միասին կնշանակեր ճանաչել ԼՂ-ն Հայաստանի կազմում: Ուստի ես կարծում եմ, որ այստեղ ՌԴ-ի դիրքորոշումը բավական հստակ է՝ ՄՄ-ին անդամակցելու է միայն Հայաստանը… Ես ենթադրում եմ, որ ՀՀ ղեկավարությունը, սկսելով ՄՄ անդամակցության գործընթացը, փոքր-ինչ շտապել է, քանի որ ՀՀ ղեկավարությունը դեռ չի կայացրել միանշանակ որոշում»:
Կարդացեք նաև
Կրեմլի դիրքորոշումը տիրաժավորող ռուս գործիչն այնուհետեւ ակնարկել է, թե Հայաստանը հետեւում է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին. «ՌԴ-ն, պայմանավորված տարածաշրջանային զարգացումներով, ենթարկվում է մասշտաբային հարձակումների ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից՝ ՄՄ-ի եւ Եվրասիական միության ոչնչացման նպատակով: Ինձ թվում է, որ ՀՀ ղեկավարությունը դեռ չգիտի, թե ով կհաղթի այս պայքարում, եւ որոշել է ժամանակավորապես սառեցնել այս գործընթացն ու չշտապել ՄՄ անդամակցության հարցում: Այսինքն՝ Հայաստանն առաջնորդվում է հաշվարկով՝ մտածելով, որ գուցե ԱՄՆ-ին ու ԵՄ-ին հաջողվի տապալել այս պրոյեկտները: Այսինքն՝ Հայաստանը պաուզա է վերցրել»: Այսպիսով՝ ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչը հասկացնել է տվել, որ ՌԴ-ն չի կարող ԼՂ կարգավիճակի հարցը լուծել, իսկ ցանկության դեպքում Հայաստանը կարող էր ԼՂ հարցը ՄՄ-ում շրջանցել այնպես, ինչպես Ռուսաստանը՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցը, մինչդեռ դա չի ցանկանում: «Հայաստանը մեկ ամիս անց էլ չի միանա Եվրասիական տնտեսական միասնական տարածքին, Հայաստանը կսպասի, թե ով կհաղթի այս մեծ աշխարհաքաղաքական պատերազմում, որը վարում են մի կողմից՝ Ռուսաստանը, մյուս կողմից՝ Արեւմուտքը»,- նշել է Մարկովը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս պատգամավորին խորհուրդ տվեց քիչ խոսել Մաքսային միությանը միանալու դեպքում ՀՀ եւ ԼՂՀ միջեւ մաքսակետերի մասին՝ մինչեւ բանակցություններն ավարտվեն. «Այդ մասին քիչ խոսեք մի քիչ, շատ խոսելը խաթարում է բանակցություններին: Մենք ուզում ենք, որ լինի այնպես, ինչպես ուզում ենք…»: Նա տեղեկացրել էր, որ մինչեւ մայիսի վերջը կլինի ՄՄ նախագահների հանդիպում, ապա հունիսի վերջին՝ Մինսկում, վարչապետների հանդիպումը, որից հետո հստակություն կլինի:
Ավելի վաղ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած քննարկման ժամանակ հարց էր հնչել, թե, ի վերջո, ի՞նչ է լինելու ԼՂ-ի հետ, երբ ՀՀ-ն անդամագրվի Մաքսային, հետագայում նաեւ՝ Եվրասիական տնտեսական միությանը: Տեսակամրջի` ռուս եւ ղազախ բանախոսները միանշանակ պնդել էին, թե ԼՂ-ն այդ միություններում տեղ չունի: Հայկական կողմից քննարկմանը ներկա ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ի պատասխան ռուս եւ ղազախ բանախոսների՝ նշել էր. «Իհարկե, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման լուծումը վստահված է ԵԱՀԿ ՄԽ-ին, բայց պետք է հաշվի առնել նաեւ, որ ԼՂ-ի տարածքը գտնվում է Եվրասիական տնտեսական տարածքի՝ աշխարհագրական տարածքում, եւ մենք կարծում ենք, որ այդ հարցն արդեն հետագայում նոր իմպուլս կտա Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների համար»: Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ մաքսային սահման չի կարող լինել, դա անհնարին է ցանկացած պարագայում՝ հայտարարել էր Արտակ Զաքարյանը:
Ռուսներն ու ՄՄ-ին անդամակցող մյուս երկրների ներկայացուցիչները, փաստորեն, հստակ նշում են, թե Մաքսային միության մաքսային սահմանը` Հայաստանի անդամակցությունից հետո, կարող է անցնել Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Ընդհանրապես, Բելառուսի կամ Ղազախստանի դիրքորոշումները նորություն չեն. այստեղ համարում են, որ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին պետք է մաքսակետ տեղադրվի, այսինքն` ՀՀ-ն պետք է անդամակցի ՄՄ-ին առանց ԼՂ-ի: Այս դիրքորոշումը տեղավորվում է Բաքվի դիրքորոշումը պաշտպանելու սահմաններում` պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին հավատարիմ մնալու առումով:
Կհաջողվի՞ Հայաստանին ընդհանուր հայտարարի գալ այս հարցում Մոսկվայի հետ՝ առայժմ հստակ չէ: Ավելին` Կրեմլին «մոտ կանգնած աղբյուրները» այս պահին դեռ «աշխատում» են ընդդեմ հայկական կողմի շահերի՝ քիչ է, գումարած դրան` դեռ Հայաստանին մեղադրում են «պաուզա վերցնելու» եւ Արեւմուտքի հետ «խաղեր տալու» մեջ:
Ռուսական կողմից այս, մեղմ ասած, ոչ հայանպաստ դիրքորոշման պայմաններում ապշեցուցիչ է մեկ այլ փաստ: Մինչեւ սեպտեմբերի 3-ը, երբ Սերժ Սարգսյանը չէր հայտարարել, որ Հայաստանը պետք է անդամակցի Մաքսային միությանը, երբ դեռ դաժան պայքար էր գնում Հայաստանի` ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեմ, եւ բերվում էին հազար ու մի «ջախջախիչ» հակափաստարկներ, թե ինչու չպետք է Հայաստանը նախաստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, ամենօրյա ռեժիմով հարցազրույց տվող եւ մամուլի ակումբներ վազող հայտնի գործիչները բացատրում էին ազգին, որ ԵՄ Ասոցացման պայմանագիր նախաստորագրելու դեպքում Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսային սահմանի անհրաժեշտություն է առաջ գալու, եւ Եվրոպային մեղադրում էին նենգ ծրագրեր իրականացնելու մեջ ու «փրկում» էին Հայաստանն ու Ղարաբաղը չարամիտ եվրոպացիներից…
Այժմ, սակայն, տարօրինակ, բայց միեւնույն ժամանակ միանգամայն խորիմաստ լռություն է տիրում նույն գործիչների շարքերում նույն թեմայի շուրջ: Հավանաբար, Ղարաբաղն արդեն մոռացության տալու հարցում նրանք ունեն բավական ծանրակշիռ պատճառներ…
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Չի լինելու դժոխքը հայոց,
Ու հարյուր տարի խոտ չի աճելու,
Ռուս չէ, աշխարհն էլ թե ոտքի կանգնի,
Հայը փրկվելու ճանապարհ չունի:
Եթե վարչապետը խնդրել է քիչ խոսել, ինչու ես դիտմամբ շատ խոսում?