Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հարեւանների ապատեղեկատվության հերքումը ժամանակ եւ ջանքեր է խլում»

Մայիս 24,2014 14:40

Հարցազրույց Չեխիայի եւ Սլովակիայի հանրապետություններում
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի հետ

– Պարոն դեսպան, որո՞նք են Չեխիայում ՀՀ դեսպանության առջեւ կանգնած խնդիրները: Կա՞ն առանձնահատուկ խնդիրներ՝ տարբերվող այլ երկրներում մեր դեսպանների առջեւ դրված խնդիրներից:

– Պրահայում Հայաստանի դեսպանությունը հիմնվել է 2011թ., ես իմ հավատարմագրերն եմ հանձնել Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսին սեպտեմբերի 7-ին: Գրասենյակի պաշտոնական բացումը եղավ նույն թվականի նոյեմբերի 22-ին՝ ՀՀ եւ Չեխիայի ԱԳ նախարարների բարձր մասնակցությամբ:

Լայն իմաստով Հայաստանի բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների խնդիրները նույնն են՝ մեր երկրի արտաքին անվտանգության ամրապնդումը, պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովումը, հավատարմագրման երկրներում Հայաստանի դիրքորոշումների ներկայացումը, ՀՀ եւ նրա քաղաքացիների շահերի պաշտպանությունը, ընդունող երկրների հետ համագործակցության ամրապնդումն ու զարգացումը բոլոր հնարավոր ոլորտներում, հայ համայնքի հետ աշխատանքը եւ այլն: Նեղ իմաստով, իհարկե, պետք է հաշվի առնել յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունները: Չեխիայի եւ Սլովակիայի առանձնահատկությունն այն է, որ երկուսն էլ համեմատաբար նոր ժողովրդավարություններ են եւ որոշ առումներով անցել են բարեփոխումների այն ճանապարհը, որով զարգանում է Հայաստանը: Երկու երկրներն էլ մեծ չեն իրենց չափերով: Օգտագործելով ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքի ընձեռած հնարավորությունները՝ 1993թ. Չեխիան եւ Սլովակիան քաղաքակիրթ կերպով առանձնացան միմյանցից եւ այժմ հանդիսանում են ամենամտերիմ բարեկամներ: Իմ հավատարմագրման պետությունների փորձը չափազանց արժեքավոր է մեր երկրի համար, իսկ Չեխիայի եւ Սլովակիայի «խաղաղ ապահարզանը» պետք է օրինակ լինի Ադրբեջանի համար՝ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը ճանաչելու առումով:

– Ինչպիսի՞ն է Չեխիայում հայ համայնքը, ի՞նչ շերտեր ունի, ի՞նչ դերակատարություն ունի Չեխիայի կյանքում:

– Չեխիայի հայ համայնքը բավականին երիտասարդ է. չհաշված առանձին հնաբնակների՝ այն անկախ Հայաստանի տարիքի է: Քանակի մասին ճշգրիտ տվյալներ չկան, բայց կարող եմ ասել, որ մոտ 2500 ՀՀ քաղաքացիներ կան, դրանից միգուցե քիչ ավելի` նաեւ Չեխիայի, ՌԴ, Ուկրաինայի, Վրաստանի, Միացյալ Թագավորության եւ այլ երկրների հպատակներ:
Չնայած երիտասարդ տարիքին՝ համայնքը բավականին կազմակերպված է. 2013թ. գրանցվել է Հայ Առաքելական եկեղեցին (Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայ համայնքների հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի գլխավորությամբ), ստեղծվել է ծխական խորհուրդ, գործում է շաբաթօրյա դպրոցը, հրատարակվում է «Օրեր» պարբերականը, որոնց հետ մենք արդյունավետ համագործակցում ենք: Ինչպես ամեն տեղ՝ չեխահայ համայնքը նույնպես շերտավորված է:

Դրական է, որ գրեթե չկան անօրինական կերպով բնակվող մարդիկ, ինչի պատճառը, միգուցե, Չեխիայի իշխանությունների ներգաղթի կարծր քաղաքականությունն է: Համայնքում տարբեր մասնագիտությունների եւ զբաղմունքի մարդիկ կան՝ նկարիչներ, արվեստագետներ, բժիշկներ, գիտնականներ, գործարարներ, մարզիկներ, շինարարներ, սպասարկման ոլորտի աշխատողներ, ուսանողներ, տարբեր արհեստների տեր անձինք: Մի քանիսն իրենց գործում հասել են լուրջ հաջողությունների եւ միջազգային ասպարեզում հպարտորեն ներկայացնում են եւ Հայաստանը, եւ Չեխիան: Առայժմ եզակի հայեր են դրսեւորվել պետական ծառայության կամ քաղաքական ասպարեզներում, սակայն քանի որ մեծանում է արդեն այս երկրում ծնված հայերի սերունդը, կարծում եմ, որ մոտ ապագայում այս ոլորտում եւս մեր հայրենակիցների թիվը կավելանա:

– Ո՞ր ոլորտներն եք շեշտադրում Ձեր առաքելությունն իրականացնելիս: Որո՞նք են ամենահաջողված ծրագրերը, որ Չեխիայում ՀՀ դեսպանության միջոցով կամ օժանդակությամբ արվել են:

– Չէի ցանկանա որեւէ ոլորտ առանձնացնել՝ բոլորն էլ կարեւոր են: Կատարելով ՀՀ նախագահի հանձնարարականը՝ փորձում եմ առավել ուշադրություն դարձնել տնտեսական ոլորտին, որը, միգուցե, ամենադժվարն է: Հայաստանի՝ Չեխիայի եւ Սլովակիայի հետ ապրանքաշրջանառության ծավալը, ցավոք, մեծ չէ: Վերջին տարիներին արել ենք առավելագույնը՝ իրավական դաշտն ընդլայնելու համար, աշխատանքները դեռ շարունակվում են: Երկու տարում դեսպանության եւ չեխ ու սլովակ գործընկերների համատեղ ջանքերով կազմակերպվել են բազմաթիվ գործարար համաժողովներ, ստեղծվել են նպաստավոր պայմաններ, որպեսզի կողմերի գործարարները գործակցության եզրեր գտնեն: Բայց արդյունքները դեռ շոշափելի չեն, թեպետ ոչ մեծ ծավալի պայմանագրեր արդեն ստորագրվել են:

Պատճառն, ըստ իս, երկուստեք տնտեսվարող սուբյեկտների կողմից գնային առաջարկների անհամաչափությունն է, հաճախ հայաստանյան կողմը չի կարող կողմնորոշվել, թե ինչ կարիքներ եւ պահանջներ ունի: Բացի այդ՝ մեր միջոցով Հայաստան են ուղարկվել գործնական առաջարկներ, որոնց վերաբերյալ չկա պատասխան՝ ոչ դրական, ոչ էլ բացասական, մասնավորապես՝ անասնաբուծության զարգացման բնագավառում: Երբեմն էլ եղանակային պայմաններն են միջամտում. նախնական պայմանավորվածություն էինք ձեռք բերել միրգ եւ բանջարեղեն ներկրող չեխական խոշորագույն ընկերության հետ՝ այս տարի մեծ քանակությամբ հայկական ծիրան չեխական շուկա ներկրելու մասին, սակայն ցրտահարության պատճառով ծիրանի բերքը նույնիսկ Հայաստանի կարիքները չի բավարարի:

Ակտիվ է մշակութային եւ կրթական ոլորտների համագործակցությունը: Չեխ հանդիսատեսը բավականին ծանոթացել է Հայաստանի մշակույթին, մենք ծրագրում ենք խթանել նաեւ չեխ եւ սլովակ մշակույթի ներկայացումը Հայաստանում: Ընդլայնվում եւ խորանում են միջխորհրդարանական հարաբերությունները: ՀՀ ԱԺ-ում ստեղծվել է Հայաստան-Չեխիա միջխորհրդարանական բարեկամության խումբ, որը գլխավորում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Համանման 28 հոգանոց խումբ գործում է Չեխիայի պատգամավորների պալատում: 2012թ. աշնանը Չեխիա այցելեց ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը, կայացան ՉՀ Սենատի փոխնախագահների, չեխական խորհրդարանի մի շարք կոմիտեների պատվիրակությունների այցերը Երեւան: Հունիսին Պրահա կայցելի ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը, աշնանը՝ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը:
2013թ.-ից զարգանում է ապակենտրոնացված համագործակցությունը: Գործընկերային հարաբերություններ կան Վայոց ձորի մարզի եւ Կարլովիվարյան երկրամասի, Արմավիրի մարզի եւ Մորավոսիլեզյան երկրամասի, Ջերմուկ եւ Կարլովի Վարի քաղաքների միջեւ, Արմավիրի մարզի եւ Սլովակիայի Տրնավայի նահանգների միջեւ: Մոտ օրերս Մորավոսիլեզյան երկրամասի նահանգապետը եւ գործարարներ կայցելեն Արմավիր:

– Դուք նաեւ Սլովակիայում ՀՀ դեսպանն եք: Այնտե՛ղ ի՞նչ խնդիրներ ունի լուծելու մեր դեսպանությունը: Սլովակիայի հայ համայնքի վերաբերյալ ի՞նչ կասեք:

– Սլովակիայի Հանրապետությունում հավատարմագրվել եմ նախորդ տարվա մարտի 20-ին: Այս ընթացքում եղել է երկու բարձրաստիճան այցելություն՝ 2013թ. ապրիլին Երեւան այցելեց Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, իսկ դեկտեմբերին Բրատիսլավայում էր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Այցերը բավականին արդյունավետ էին, հատկապես քաղաքական երկխոսության ամրապնդման եւ կրթության ու գիտության ոլորտի համագործակցության զարգացման առումով: Խնդիրները գրեթե չեն տարբերվում Չեխիայում լուծվելիք խնդիրներից: Ինչ վերաբերում է հայ համայնքին, այն նույնպես համեմատաբար նոր եւ բազմաշերտ համայնք է, որի թվաքանակը մեծ չէ՝ մինչեւ հազար հոգի: Չեխիայի պես՝ այնտեղ էլ կան գործարարներ, արվեստագետներ, մարզիկներ, գիտնականներ, սպասարկման ոլորտի աշխատողներ, շինարարներ եւ այլն, գործում է Հայ Առաքելական եկեղեցին՝ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի հովվապետությամբ: Համայնքում հասունացել է շաբաթօրյա կամ կիրակնօրյա դպրոց բացելու հարցը, որը փորձում ենք լուծել:

– Մեր դիվանագիտական ներկայացուցչությունները, ցավոք սրտի, իրենց բնականոն աշխատանքից բացի՝ ստիպված են լինում ինչ-որ առումով քարոզչական պատերազմի մեջ մտնել, որը պարտադրվում է մեր հարեւանների կողմից: Չեխիայում եւ Սլովակիայում ի՞նչ դրություն է «ճակատում», մեր հարեւաններն ակտի՞վ են այդտեղ:

– Ցավոք, դա ճշմարտություն է: Ոչ միայն Չեխիայում եւ Սլովակիայում, այլեւ այլ երկրներում Ադրբեջանի եւ Թուրքիայի ապատեղեկատվության հերքումը բավականաչափ ժամանակ եւ ջանքեր է խլում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններից: Քարոզչական աշխատանքի դժվարությունը կայանում է նրանում, որ մեր հարեւանների զինանոցում է «խավիարային դիվանագիտությունը», որը զուգորդվում է ածխաջրածնային կամ, առհասարակ, տնտեսական ահաբեկմամբ, այսինքն՝ խոսքը ոչ միայն առանձին անձանց գայթակղության, այլեւ հավատարմագրող երկրների օբյեկտիվ տնտեսական կամ այլ շահերի մասին է: Տարեցտարի ավելանում են մեր հակառակորդների ապատեղեկատվական բյուջեն եւ միջոցները, բայց մեզ հաջողվում է մեծամասամբ չեզոքացնել այս վտանգները քարոզչական եւ հակաքարոզչական աշխատանքով, որը տարվում է թե պաշտոնական ատյաններում եւ թե քաղաքացիական հասարակության շրջանում: Հայ ժողովուրդն, ի տարբերություն մեր որոշ հարեւանների, դավանում է եվրոպական արժեքներ եւ ունի բազմադարյա մշակույթ ու ավանդույթներ, որոնք ավելի ընկալելի են մեր եվրոպացի բարեկամների համար: Այս առումով կցանկանայի չափազանց բարձր գնահատել հավատարմագրման երկրների հայ համայնքների օժանդակությունը: Արդյունքում մենք ունենք Չեխիայի եւ Սլովակիայի հավասարակշռված մոտեցումները Հարավային Կովկասի խնդիրների նկատմամբ, թեեւ անելիքները շատ են, աշխատանքային դաշտն էլ՝ անծայրածիր:

– Այս տարի ՀՀ նախագահը երկու անգամ այցելեց Չեխիա, ինչպե՞ս կգնահատեք այդ այցերը, ի՞նչ ձեռքբերումներ եղան:

– 2014թ. հունվարի 29-31-ին կայացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-չեխական հարաբերությունների պատմության մեջ առաջին երկկողմ պետական այցը Չեխիայի Հանրապետություն: Մինչ այդ Հայաստանի ղեկավարներն այցելել են Պրահա 2004թ. եւ 2009թ.-ին՝ բազմակողմ ձեւաչափով միջոցառումներին մասնակցելու համար: Այս առումով այցը պատմական էր, արդյունքները՝ չափազանց դրական: Նախ՝ քաղաքական առումով կողմերը եկան գրեթե լիակատար փոխըմբռնման: Ուշագրավ են Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հրապարակայնորեն արտահայտած դիրքորոշումները երկու կարեւոր հարցերի շուրջ: Առաջինը Հայոց Ցեղասպանության հարցն է, որի առնչությամբ նա ասաց բառացիորեն հետեւյալը. «Հաջորդ տարի լրանում է 1915թ. Հայոց ցեղասպանության 100 տարին, ինչի արդյունքում սպանվել է 1,5 մլն հայ: … ցեղասպանություն սպառնում էր նաեւ չեխ ժողովրդին, եթե Գերմանիան հաղթեր 2-րդ համաշխարհային պատերազմում»: Երկրորդը վերաբերում էր Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը եւ ԵՄ հետ հետագա հարաբերություններին: Նա հայտարարեց, որ հասկանում եւ հարգում է ՀՀ որոշումը եւ կողմ է «եւ-եւ» սկզբունքով հետագա գործակցությանը: Այցի ընթացքում ստորագրվեց 13 կարեւորագույն փաստաթուղթ: Տնտեսական համագործակցության մասին համաձայնագրով որոշում է կայացվել ստեղծել համատեղ միջկառավարական հանձնաժողով, որի անդրանիկ նիստը կգումարվի աշնանը՝ Երեւանում: Բացի այդ, կայացավ գործարար համաժողով, որին մասնակցեցին կողմերի հարյուրից ավելի ընկերություններ: Կառավարություններն աշխատում են առեւտրատնտեսական հարաբերությունների համար իրավական դաշտն ընդլայնելու ուղղությամբ, մնում է գործարարներն օգտվեն այդ հնարավորություններից: Ցանկալի կլիներ, որպեսզի նրանք ավելի ճկուն լինեին գնային առաջարկներում եւ կարողանային ավելի հստակ ձեւակերպել առաջարկն ու պահանջարկը: Ողջունելի է այցի ընթացքում հայաստանցի մի գործարարի ներկայացրած նախաձեռնությունը՝ «Չեխական տուն» հիմնել Երեւանում, ուր կտեղակայվեն չեխական մի շարք ընկերությունների ներկայացուցչություններ: Մենք եւ Երեւանում ՉՀ դիվանագիտական ներկայացուցչությունն (ի դեմս գործերի հավատարմատար Պետր Միկիսկայի) ակտիվորեն համագործակցում ենք այդ գործարարի հետ՝ նախաձեռնությունն իրագործելու ուղղությամբ: Ապրիլին ՀՀ ղեկավարը եւս մեկ այց կատարեց Պրահա՝ Արեւելյան գործընկերության 5-ամյակին նվիրված հանդիպմանը մասնակցելու նպատակով, եւ ներկա գտնվեց Պրահայում առաջին հայկական խաչքարի օծման արարողությանը:

– Նախատեսվո՞ւմ է մոտ ժամանակներս Չեխիայի ղեկավարության այց Հայաստան:

– Չեխիայի ղեկավարն ընդունել է ՀՀ նախագահի՝ Հայաստան այցելելու հրավերը: Ժամկետները համաձայնեցման փուլում են: Կողմերն սկսել են օրակարգը ձեւավորելու աշխատանքները: Տարվա ընթացքում չեն բացառվում այլ բարձրաստիճան փոխայցելություններ:

Հարցազրույցը՝ ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031