Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է այս մասին լռել դատարանը

Մայիս 24,2014 14:17

Ֆրանսիացի միլիարդատերը չի հասկացել խոսակցության իմաստը

ՀՀ վերաքննիչ դատարանին իր բողոքն է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով 6 տարվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Սարգսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալաբանյանը:

Ռ. Բալաբանյանը խնդրում է բեկանել ապրիլի 18-ի դատավճիռը, եւ իր պաշտպանյալին արդարացնել:

Հրաչյա Սարգսյանն աշխատել է որպես «ՍՏՇ Պիրամիդա» ՍՊ ընկերության տնօրեն:
Նրան մեղադրանք էր առաջադրվել կեղծ փաստաթղթեր օգտագործելու, գրավի չորս պայմանագրերի շրջանակներում ՍՊ ընկերության հիմնադիրներ, Ֆրանսիայի միլիարդատեր Քրիստիան Զադիկյանի եւ ՊՆ նախարարի հոր՝ Մուշեղ Օհանյանի փոխարեն ստորագրություններ կատարելու համար: Նշյալ անձինք ճանաչվել են տուժող:
Քրեական գործը հարուցվել է Քրիստիան Զադիկյանի՝ Կենտրոնի ոստիկանություն տված հաղորդման հիման վրա:

Ըստ վերաքննիչ բողոք բերած պաշտպան Ռուբեն Բալաբանյանի, առաջին ատյանի դատարանն անտեսել է, որ Քրիստիան Զադիկյանի դիմում-բողոքից դեռ 3 օր առաջ «ՎՏԲ-Հայաստան» բանկի Արաբկիրի մասնաճյուղի տնօրեն Սուրեն Զոհրաբյանի առանձնասենյակում Հրաչյա Սարգսյանը տեսնելով, որ Ք. Զադիկյանը չի հասկանում իր ձեռնարկման իմաստը, նրան չի հետաքրքրում «Պիրամիդայի» գործունեությունը, հետ է վերադարձրել նրա կողմից տրված լիազորագիրը, առաջարկել է վարկի գումարը վերադարձնել:

Քրիստիան Զադիկյանը հայտնել էր, թե առանց իրեն հարցնելու է Հրաչյա Սարգսյանը ստորագրել, փորձել հափշտակել առանձնապես խոշոր չափի գումար:
«Դատարանն անտեսել է, որ այս նույն «տուժողը» դատարանին ցուցմունք էր տվել, որ ինքը տեղյակ չի եղել «Արցախբանկից» 2006-2009թթ. 4 դրվագով վերցված 50 000, 360 000, 200 000 եւ 900 000 ԱՄՆ դոլար վարկերից, եւ իր փոխարեն ստորագրված իրավունք վերապահող փաստաթղթերի կեղծման փաստից, եւ այդ մասին ինքը տեղեկացել է միայն այս գործի քննության շրջանակներից»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Ռուբեն Բալաբանյանը:

Վարկերի տրման հետ կապված՝ դատարանում այս տուժողին հարց էր տրվել, թե «կարո՞ղ է, արդյոք, այդ ուղղությամբ գրավոր որեւէ փաստաթուղթ՝ ստացական, վճարման անդորրագիր, բանկային հանձնարարագիր ներկայացնել», նա պատասխանել էր՝ ոչ:
Նախաքննության ժամանակ ամբաստանյալ Հրաչյա Սարգսյանը քննիչին ասել է, որ ինքն է փաստաթղթերը ստորագրել, հարկավոր չի նշանակել փորձաքննություն, որ անձամբ ինքն է վերջին՝ 900 000 դոլար գումարը ցելոֆանի մեջ դրած տարել-հանձնել Մուշեղ Օհանյանին, վերջինս նրան հանձնարարել է սեփական նախաձեռնությամբ ամեն ինչ անել «ՍՏՇ Պիրամիդա» ՍՊ ընկերության անխափան աշխատանքն ապահովելու, ամսական շահույթն ապահովելու գործում:

Ընկերության անշարժ գույքի արգելանքի տակ գտնվելու փաստը «ՎՏԲ Հայաստան» բանկի աշխատակիցներից թաքցնելու նպատակով, իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթուղթ պատրաստելը, կեղծելը, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի ստորաբաժանում ներկայացնելը, համարվել է Ք. Զադիկյանի գումարին տիրանալու նախապատրաստական գործողություն:

«Դատարանն անտեսել է, որ «ՍՏՇ Պիրամիդա» ՍՊԸ անշարժ գույքը «Արցախբանկի» անվամբ գրավադրված լինելու պարագայում, նոր գրավառուի պահանջները բավարարվում են գրավի առարկայի արժեքից նախորդ գրավառուի պահանջները բավարարելուց հետո միայն, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Տվյալ դեպքում, ինչպես քննիչը, այնպես էլ դատարանն անտեսել են, որ տուժողներ այս գործով չեն կարող համարվել ոչ Ք. Զադիկյանը, ոչ էլ Մ.Օհանյանը, այլ՝ «ՎՏԲ -Հայաստան» բանկը: Բանկը համարելով, որ վնաս չի կրել, իր հաշվարկային հաշվում թողել է իրենց գումարը»,- իր բողոքում նշել է պաշտպանը:

Ըստ պաշտպանի, եթե բանկը այդ գործարքը դիտել է շահավետ, ապա դատարանը ինչու է ավելի կաթոլիկ հանդես գալիս, քան Հռոմի պապն է:

Պաշտպանը համաձայն չէ դատավճռով հաստատված այն գնահատականի հետ, թե վերագրվող հանցագործությունը կատարվել է շահադիտական դրդումներով:
«Ո՞ւր են այդ ապացույցները: Հրաչյա Սարգսյանը տուժողներ Մ.Օհանյանից ու Ք. Զադիկյանից, նույնիսկ բանկից նյութական օգուտ չի ստացել, նրանց իրական նյութական վնաս չի պատճառել»,-ասում է Ռ. Բալաբանյանը:

Պաշտպան Ռ. Բալաբանյանի տեղեկացմամբ՝ Հ. Սարգսյանն իր միակ օթեւանը՝ Աջափնյակ թաղամասում գտնվող բնակարանը, դրել է վտանգի տակ, որպեսզի ապահովի Ք. Զադիկյանի եւ Մ.Օհանյանի ամսական մոտ 10 000 դոլար շահույթի վճարումը, այն էլ «տնավարական եղանակով», առանց հարկային դաշտում ցույց տալու:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031