Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտվել է անձի անմեղության կանխավարկածը

Մայիս 24,2014 14:12

Ստեփանավանի բնակիչ Սասուն Տուվերջյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գողության հանցակցության, նախնական համաձայնությամբ զենքի գործադրմամբ ավազակության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու համար: Մինչդեռ մեղադրյալն ապացույցներ ունի հանցագործության ժամանակ մեկ այլ վայրում գտնվելու վերաբերյալ: Պաշտոնապես հիմնավորված է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 2.40-ի սահմաններում: Սասուն Տուվերջյանի ծնողների ասելով, սակայն, որդին չէր կարող ենթադրյալ հանցագործության վայրում լինել, քանի որ այդ ժամերին իրենց հետ է եղել: Հյուրեր են ունեցել, որոնց ճանապարհելուց հետո՝ ժամը 1.30-ին ընտանիքով Ստեփանավանից մեկնել են Երեւան: Տեսանկարահանող արագաչափ սարքը ֆիքսել է նրանց ավտոմեքենան ժամը 4.17 րոպեին: Ճանապարհին Սասուն Տուվերջյանի բջջային հեռախոսին զանգեր են ստացվել, որոնք նույնպես կարող են հաստատել այդ ժամին նրա՝ Ստեփանավան-Երեւան ավտոճանապարհին գտնվելու հանգամանքը: Հարազատներից բացի, այլ մարդիկ կան, որոնք նույնպես կվկայեն հանցագործության ժամանակ Սասուն Տուվերջյանի գտնվելու վայրի մասին: Երեւանից ավտոմեքենայով նրանց հետ Ստեփանավան է եկել ընկերը, որը ընտանիքի՝ Ստեփանավանում գտնված ամբողջ ժամանակ՝ մինչեւ ժամը 1.30-ը, նրանց տանն է եղել, միայն Երեւան վերադառնալիս նրան տարել, իջեցրել են իրենց տան բակում: Նաեւ հյուրերը կարող են փաստել, որ Սասուն Տուվերջյանն այդ ժամին ընտանիքի հետ վերադարձել է Երեւան:

Այս դեպքը լուսաբանվել է «Սուր անկյունով», որի ժամանակ հղում է արվել «02 լրատվականին»: Հաղորդման ժամանակ ներկայացվել է՝ «այս երեք երիտասարդներն են, որ կատարել են հանցագործությունը»: Սասուն Տուվերջյանի շահերի պաշտպան, փաստաբան Մհեր Դավթյանը դեմ է լրագրողական նման մոտեցմանը, քանի որ Քր. դատ. օր.-ի 18-րդ հոդվածով սահմանված՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը գործում է ինչպես մինչդատական վարույթում, այնպես էլ դատական քննության ընթացքում, նաեւ վերաքննության ու վճռաբեկության փուլերում, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: «Ընդ որում՝ օրենքի իմպերատիվ պահանջ է, որ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով: Չունենք դատավճիռ: Իսկ օրենքում տեղ գտած «համարվում է անմեղ» հասկացությունը նշանակում է, որ անձն անմեղ է, եւ նրա մեղավորության վերաբերյալ ոչ մի հետեւություն, մեկնաբանություն մինչեւ նրա դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը չի կարող արվել: Իսկ նշված հաղորդման մեջ այդպիսի ձեւակերպումներ առկա են: Հստակ ասում են՝ «այս երեք երիտասարդներն են»: Այս սկզբունքը խախտում պետք է դիտել լրատվության միջոցներում քննվող գործերով»,- ասում է Մհեր Դավթյանը:
Անմեղության կանխավարկածի վերաբերյալ նախադեպ ունի Եվրադատարանը, որտեղ մասնավորապես նշված է, որ առանց որեւէ պայմանի կամ վերապահման՝ ձեւակերպումները չեն կարող կասկածի արձանագրում լինել կամ որպես հաստատված հանգամանք ներկայացվել: Վճռաբեկ դատարանի նախադեպերով՝ մեղքի վերաբերյալ դատողությունները, որ կատարվել են նախքան օրենքով սահմանված կարգով անձի մեղավոր ճանաչվելը, ժամանակավրեպ են, եւ որեւէ արդարացում այս ուղղությամբ չի կարող լինել: Սահմանադրության 21-րդ հոդվածով նույնպես՝ անթույլատրելի են նման ձեւակերպումները: Անմեղության կանխավարկածի սկզբունքը սահմանված է նաեւ Եվրակոնվենցիայի 6-րդ հոդվածով, ըստ որի՝ յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է հանցագործության կատարման մեջ, անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան, Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրի 11-րդ հոդվածով, Քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածով, Քրեական դատավարության 18-րդ հոդվածով: Ուստի՝ պաշտպանական կողմը պատրաստվում է համապատասխան գրություն ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին, որ խախտվում է անձի անմեղության կանխավարկածը: «Քանի որ սա էլ հենց այն գործն է, որ խիստ կասկածելի է, որ մեղադրանքի կողմի հույսերը արդարացնող դատական ակտ լինի, քանի որ հենց այս փուլում էլ երեւում է, որ ապացույցների հետ կապված խնդիր կա»,- ասում է փաստաբանը:

ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031