Համոզված է երիտասարդ նկարիչը
Գրիգոր Խաչիկյանն ավարտել է մանկավարժական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետը: Սկզբում գեղանկար է դասավանդել տարբեր հաստատություններում, անգամ մանկատներում: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ «Նարեկացի» արվեստի սրահում, «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում, Նկարիչների միությունում, մասնակցել նաեւ խմբակային ցուցահանդեսների: «Իմ գեղանկարչությունը բազմաոճ է, ինչ-որ «իզմի» մեջ չի տեղավորվում: Հիմնականում նկարում եմ եկեղեցիներ, որովհետեւ դրանք իրենց ճարտարապետական հորինվածքով առանձնանում են աշխարհում, նկարում եմ բնապատկերներ, բնորդներ»,- ասում է Գրիգորը: Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է երեւանյան անհատական ցուցահանդեսի, նաեւ ուզում է արտերկրում էլ ցուցահանդեսով հանդես գալ:
Մեր հարցին՝ այսօր հնարավո՞ր է նկարչությամբ հաց վաստակել, մեր զրուցակիցը պատասխանում է. «Նախկինում այդ կարծիքին չէի, հիմա կարծում եմ՝ հնարավոր է»: Մեր դիտարկմանը, որ հաճախ արվեստագետը կուլ է գնում պատվիրատուի քմահաճույքին, Գրիգոր Խաչիկյանը պատասխանեց. «Երբեք, ես իմ սկզբունքներն ունեմ, որոնց երբեք չեմ դավաճանում: Ընդհակառակը՝ պատվիրատուին փորձում եմ ճիշտ ուղղորդել: Երբեք չեմ կարող համակերպվել, որ մեկը ինձ թելադրի՝ ինչպես ստեղծագործել»: Նկարիչն ասում է, որ որեւէ հայտնի նկարչից չի ազդվել, սիրելի նկարիչների թվում են Մարտիրոս Սարյանն ու Լեոնարդո դա Վինչին:
Ներկայումս մեր զրուցակիցը, բացի ստեղծագործականից, այլ աշխատանքով էլ է զբաղվում, բայց առաջնայինն իր համար արվեստն է: Ասում է՝ առայժմ Հայաստանի նկարիչների միության անդամ չէ, եւ պատրաստվում է դիմել՝ հանրապետական ցուցահանդեսի մասնակցելուց հետո:
Արդյոք ստեղծագործական միության անդամ լինելը ստեղծագործող մարդուն ինչ-որ բան տալի՞ս է, Գրիգոր Խաչիկյանը համոզված է, որ՝ այո, Նկարիչների միության ցուցասրահում անվճար ցուցադրվելու իրավունք, կատալոգում՝ հայտնվելու հնարավորություն: Զրույցի ավարտին նկարիչն ասաց, որ նախապատրաստվում է ցուցահանդեսներ ունենալ ԱՄՆ-ում: Անհատական ցուցահանդեսների ժամանակ տարբեր առաջարկներ է ստացել, նաեւ բեմանկարչության ոլորտի առումով:
Գրիգոր Խաչիկյանը նշում է, որ դժվար է բաժանվում իր աշխատանքներից, որովհետեւ դրանք ստեղծելիս չի մտածում վաճառելու մասին, ուղղակի նկարում է հոգով:
Գ. Հ.
«Առավոտ» օրաթերթ