Ամերիկաբնակ լուսանկարիչ Էդմոնդ Գրիգորյանը՝ իր արվեստի,
մոդելների ու փայլի մասին
Համաշխարհային լուսանկարչական արվեստում կան նաեւ հայ անուններ: Օրինակ, կանադահայ Յուսուֆ Քարշը, որի աշխատանքներից հայտնի են Ալբերտ Էյնշտեյնի, Քենեդի ամուսինների, Հեմինգուեյի, Արթուր Ռուբինշտեյնի, Չերչիլի, Բեռնարդ Շոուի, Պիկասոյի, Մայր Թերեզայի, Բրիջիդ Բարդոյի նկարները: Ամերիկահայ Սկաութ Թուֆանքջանը, որի անունը հոլովվեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քարոզարշավի ընթացքում արված մոտ 15.000 լուսանկարներով կամ պոլսահայ Արա Գյուլերը՝ «Ստամբուլի աչքը» իր աստղային շարքով: Մեր զրուցակից՝ ամերիկաբնակ լուսանկարիչ Էդմոնդ Գրիգորյանն էլ հիմնականում աշխատում է մոդելների հետ, ինչպես ինքն է ասում՝ զբաղվում է մոդելների մարքեթինգով, գեղեցկուհիներն էլ իրեն են «գովազդում»:
Հիմնական աշխատավայրը Լոս Անջելեսում գտնվող կոլումբացի զգեստների դիզայներ Կլաուդիա Փերիութի «Beso Moda» նորաձեւության գործակալությունն է, որի գլխավոր լուսանկարիչն է 2007թ.-ից: Էդմոնդ Գրիգորյանը նշեց, որ լուսանկարչության ասպարեզում իրեն օգնում է գրաֆիկ-դիզնայների մասնագիտությունը, որ ստացել է AAI ինստիտուտում: Նրա ձեւակերպմամբ, պետք չէ վախենալ, որ ձեռքիդ լուսանկարչական սարքը սիրողական է. «Անհրաժեշտ է՝ ակտիվ լինել, չնստել ու սպասել՝ կհրավիրե՞ն, թե՞ ոչ… Ու նաեւ միանգամից չպետք է տրվել փողին…»: Լուսանկարիչը հայտնեց, որ շուրջ 15 տարի առաջ ոչ մի ցենտ չէր վերցնում աշխատանքների համար: Հիմա թեպետ արդեն այլ է, սակայն չի բացառվում, որ հատուկենտ դեպքերում հրաժարվի հոնորարից: Հարցրինք՝ արդարացի՞ է, որ մոդելը դառնում է հանրահայտ, իսկ նրան «անմահացնող» լուսանկարիչը՝ ոչ, թեպետ աշխատանքների վրա նշվում է հեղինակի անունը, այնպես, ինչպես հայտնի մոդել Քիմ Քարդաշյանի դեպքում է: Էդմոնդ Գրիգորյանը պատասխանեց. «Ի վերջո, մեր աշխատանքի արդյունքը լուսանկարն է, եւ երբ այն հանրահայտ է դառնում, միեւնույն է՝ անունդ հոլովվում է: Ինչ վերաբերում է Քիմին, որին բարեկամս եմ համարում, նա բնավ էլ մոդել չէ, պարզապես՝ ճանաչված մարդ է, մասնագիտությամբ՝ հագուստի բարձրակարգ դիզայներ: Քիմն ունի իր ֆիրմային «Dash» սրահները: Երբ նա դեռեւս այսքան հայտնի չէր, իր ընկերուհու՝ Փերիս Հիլթոնի հետ, միշտ էլ մասնակցում էր բարձրաշխարհիկ ընդունելությունների, հետո ինչ-ինչ պատճառներով «Հիլթոն» ցանցի տիրոջ դուստրը մեկուսացավ հասարակությունից, եւ ողջ մեդիան կենտրոնացավ Քիմի վրա…»:
Կարդացեք նաև
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ