Այսօր Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը:
Նիստի հենց սկզբում Վոլոդյա Ավետիսյանը հայտարարեց, որ իր ընտանիքին պատկանող երազ մակնիշի մեքենայի վրա անհայտ անձինք ծաղկեպսակ են փակցրել. «Եւս մեկ անգամ իշխանությունները ապացուցում են, որ այս ամենը պատվեր է, բայց ես ոչինչ չունեմ ապացուցելու, ոչ մեկից վախենալու բան չունեմ, խնդիրը ես չեմ, մեր պետությունն է, որ անկում է ապրում»:
Ազատամարտիկի մարտական ընկերները ծափահարեցին ու «ճիշտ է, այո, կեցցես» բացականչություններով սկսվեց դատական նիստը:
Փաստաբան Արա Զաքարյանը կրկին միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոցի փոփոխելու վերաբերյալ եւ անդրադառնալով դատարանի ավելի վաղ ունեցած մտավախությանը, թե Վոլոդյա Ավետիսյանը կարող է ազդել վկաների ցուցմունքների վրա, այժմ վերացել է: Նա նաեւ առաջարկեց պարոն Ավետիսյանին ազատ արձակել գրավի դիմաց:
Կարդացեք նաև
Բայց դատարանն այս անգամ էլ մերժեց:
Դատական նիստը ընդմիջվեց դատարանի որոշումից դժգոհ ազատամարտիկների աղմուկով: Նրանք դատավորին մեղադրեցին «Սերժիկի պատվեր» կատարելու մեջ: Ազատամարտիկների դժգոհությունը շարունակվեց դատարանի բակում: Նրանք փակեցին դատարանի դիմացի փողոցը եւ թույլ չէին տալիս, որ Ավետիսյանին կալանավայր ուղեկցող մեքենան դուրս գա: Նրանք նաեւ ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի գոռում էին «Վոլոդյա, ազատություն»:
Իսկ ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն էլ զգուշացրեց, որ իրենց ակցիան նախազգուշացնող ակցիա էր հաջորդ անգամ ավելի կոշտ միջոցների են դիմելու. «Մեր նախազգուշական ակցիան համարեք ավարտված ու բաց թողեք մեքենան: Հաջորդ անգամ չենք թողնելու, մենք պարզապես ցույց տվեցինք, որ կարող ենք չթողնել»:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի երեսունին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ